Սուրիկ Խաչատրյան. «Սյունեցին միշտ աչքի է ընկել իր կրթական կարողություններով»
Մարտի 24-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդունել է աշխատանքային այցով Սյունիքի մարզ ժամանած ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: ՀՀ Սյունիքի մարզպետի Գորիսի նստավայրում կայացած առանձնազրույցից հետո, մարզպետ Ս. Խաչատրյանն ու նախարար Ա. Աշոտյանն այցելեցին Գորիսի թիվ 4 ավագ դպրոց:
Գորիսի մշակույթի պալատի դահլիճում անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր մարզպետ Ս. Խաչատրյանը: Խորհրդակցությանը ներկա էին մարզի դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, դպրոցական առարկայական օլիմպիադայի մարզային և հանրապետական փուլում հաղթած աշակերտներ:
Իր ելույթում նախարարը ներկայացրեց կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, դրանց անհրաժեշտությունն ու առկա արդյունքները: Առաջնային համարելով ավագ դպրոցի կայացումը, նախարարը նշեց, որ պարտադիր կրթության 9-ամյա շեմը կբարձրացվի 12-ամյա մակարդակի: Նա առանձնակի դրվատանքով խոսեց Գորիսի թիվ 4 և Սիսիանի թիվ 3 ավագ դպրոցների կայացածության և բարձր կրթական մակարդակի մասին: Անդրադառնալով Սյունիքի մարզում հանրակրթական, միջին մասնագիտական, ավագ դպրոցներին և բուհական կրթությանը, նախարարը նշեց, որ մարզը առաջին տեղում է ոսկե մեդալակիր աշակերտների թվով, առաջատարներից է դպրոցական առարկայական օլիմպիական շարժման մեջ:
Դիմելով ներկաներին մարզպետ Ս. Խաչատրյանը նշեց. «Հարգելի պարոն նախարար, ես, որպես Սյունիքի մարզպետ, իմ շնորհակալությունն եմ հայտնում մարզի կրթության ոլորտում ձեր կողմից իրականացվող աշխատանքների համար: Սյունեցին միշտ աչքի է ընկել իր կրթական կարողություններով, ուստի այստեղ ներկա կրթության նվիրյալները, դպրոցի տնօրենները առանձնահատուկ պատասխանատվություն են կրում մարզի ուսումնական հաստատություններում կրթական բարձր մակարդակի ապահովման համար, քաջ գիտակցելով, որ դա է մեր պետության առաջընթացի գրավականը»:
Ս. Խաչատրյանն ու Ա. Աշոտյանը շնորհակալագրեր և դրամական պարգևներ հանձնեցին մարզի դպրոցական առարկայական օլիմպիադայի մարզային և հանրապետական փուլերում հաղթած 42 աշակերտների:
Այնուհետև մարզպետ Ս. Խաչատրյանը և նախարար Ա. Աշոտյանը մասնակցեցին Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցի բակում տեղադրված Խաչաղբյուրի, Հովհաննես Թումանյանի, Ակսել Բակունցի, Կոմիտասի արձանախմբի և Հայոց գրերի հուշասյան բացմանը, կատարել Եղեռնի 100-ամյակին նվիրված ծառատունկ:
Սյունիքի մարզպետարան