Բաժիններ՝

«45 միլիոն դրամ են ուզում ծախսել համայնքների խոշորացման անիմաստ ծրագրի վրա». Լյովա Խաչատրյան

ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով կառավարության նախաձեռնած Տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքների խոշորացման ծրագրին՝ նշեց, որ այն որևէ արդյուք չի տալու:

Պատգամավորի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է 45 միլիոն դրամ հատկացվում համայնքների խոշորացմանը, այն դեպքում, երբ կարելի է այդ գումարն ավելի արդյունավետ օգտագործել. «Ինձ համար անհասկանալի է հանրաքվեի իրավական կարգավիճակը, հանրաքվե, որի արդյունքները չունեն իրավական հետևանքներ, հանրաքվեն կարող է «Ոչ» ասել, սակայն կառավարությունn իր որոշումով համայնքների խոշորացումն իրականացնի: Այդ դեպքում ինձ մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ ենք մենք 45 միլիոն դրամ փողը ծախսում: Այդ 45 միլիոնով այդ համայնքների բազմաթիվ հարցեր կարելի էր լուծել, ընդհուպ մինչև կարելի էր փրկել այն մարդկանց տները, որոնք վարկերի պատճառով կորցնում են դրանք»:

Ըստ պատգամավորի՝ հերթական անգամ անիմաստ վատնում ենք փողերը: Համայնքների խոշորացման այս ծրագիրն իրեն հիշեցնում է, երբ Մոզամբիկից խորհրդատու էին կանչում, որ սովորեցներ, թե ինչպես պատվաստեն ծիրանը, կամ ինչպես են կով կթում, անասունի կուրծքը լվանում (նախկին վարչապետ, այժմ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանին նկատի ունի.-Ա.Ք.). «Եթե կառավարությունը, անկախ հանրաքվեի արդյունքից, պետք է որոշի՝ համայնքը խոշորացնի, կամ չխոշորացնի, հանրաքվեի վրա փող ծախսելու իմաստը ո՞րն է՝ մեր այս սուղ պայմաններում, երբ ցանկացած լումա պետք է նպատակային օգտագործենք: Խոշորացնում ես՝ խոշորացրու, դրա վրա ինչո՞ւ ես փող ծախսում»:

Լ. Խաչատրյանի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ են խոշորացնում համայնքները հիմա, երբ կան բազմաթիվ խնդիրներ. «Ասում են՝ փողերը կենտրոնացնել մի տեղում, եթե փող լիներ, այսպես էլ կապրեին, այդ ո՞ր փողն եք կենտրոնացնում: Այս համայնքների խոշորացումով ոչ մի բան չի փոխվելու: Թե ինչո՞ւ են անում՝ ես չեմ հասկանում, միգուցե ընտրությունների ժամանակ պարզապես ոչ թե 800-900 հոգու հետ գործ կունենան, այլ 150 հոգու հետ, մի քիչ թեթև կանցնի երևի «կանտրոլ անելը», ավելի հեշտ կլինի, ես ուրիշ նպատակ չեմ տեսնում»:

Կարդացեք նաև

ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ արձագանքելով Լ. Խաչատրյանի դիտարկումներին՝ ասաց, որ եթե ինքը ծանոթ չլիներ նախագծին, լսելով Լ. Խաչատրյանին՝ կհիասթափվեր, կասեր՝ «իրոք, այս ի՞նչ են անում»:

Ըստ նրա՝ շատ կարևոր է մոդելի ընտրությունը. «Մենք միշտ պատկերացնում ենք, որ գյուղերը միացնում են, դառնում են մի գյուղ, իմ խորին համոզմամբ՝ դա այդպես չէ և չի կարող այդպես լինել: Այսօր, բացի տեղական հարցերից, մնացած հարցերի համար գյուղացիների մեծ մասը մարզկենտրոն են գնում և գնում են շատ ավելի հեռու: Հիմա դա փոխվելու է: Խնդիրն այն է, թե դուք ի՞նչ մոդել եք պատկերացնում: Սրանց գուգահեռ՝ մարզպետարանի ֆունկցիաների կարգավորում պետք է գնա՝ գյուղ-համայնք-մարզպետարան մոդելը պետք է այնքան համահունչ լինի, որ այն ֆունկցիաները, որը կատարում է համայնքապետը, պետք է անջատի մարզպետարանից: Ի տարբերություն նախկին շրջգործկոմների՝ մարզպետարանն ունի մեկ ստորագրություն, այսինքն՝ փոխմարզպետն իրավունք չունի նույնիսկ գրություն ուղարկելու: Ուսուցիչը, բժիշկն ուրիշ տեղ չունի գնալու, նա գնում է Արտաշատ, որը մոտավորապես 20 կիլոմետր է, բայց խոշորացման դեպքում՝ ինքը կարող է այդ խնդիրները լուծել Վեդիում»:

Լ.Խաչատրյանը նկատեց՝ «Մասնակի այս խոշորացմամբ այդ խնդիրը չի հանվում մեջտեղից»: Ի պատասխան՝ ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Դրա համար շատ կարևոր է, թե այդ համայնքներն ի՞նչ խնդիրներ են լուծելու: Եթե լոկ լուծելու են այն խնդիրները, որը գյուղն է լուծում, ճիշտ եք, բայց կարծում եմ՝ այդ ֆունկցիաները շատ ավելի մեծ են լինելու: Հանրաքվեն միայն նրա համար չէ, որ փող ծախսենք, այլ կարծիք ստանալու համար է»:

ԲՀԿ-ական պատգամավորն էլ հայտարարեց, որ ինքը կարող է անվճար այդ հանրաքվեն անել, այդ փողն էլ թող տան գյուղացուն: Լ.Ալեքսանյանը հակադարձեց՝ ասելով, որ այդ հանրաքվեն նրա համար է նաև, որ մարդկանց ծանոթացնեն այդ մոդելի հետ, որովհետև այսօր կոնկրետ որոշում չկա. «Գյուղերում մարդիկ կան, որոնք շատ ավելի խորը գիտեն ամեն ինչ, քան մենք: Մարդկանց պետք է լայն բացատրվի: Ես էլ մտահոգություն ունեմ՝ նայած ինչ մոդել կլինի, եթե արհեստական կցումներ պետք է արվեն՝ դա չի գործելու»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս