Ուկրաինայի ինքնիշխանությունը ոչնչացնելու նպատակով մշակված երեք սցենարներն էլ ձախողվել են. Պորոշենկո
Ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի պետականության ու ինքնիշխանության ոչնչացման նպատակով մշակվել է երեք սցենար.
«Առաջին սցենարն առնչվում էր Ուկրաինայի քաղաքական ոչնչացմանը: Թշնամին վստահ է եղել, որ մենք չենք հաղթահարի քաղաքական փուլը, որ չեն անցկացվի նախագահական ընտրություններ, երկիրը կփլուզվի:
Երկրորդ սցենարն առնչվում էր տնտեսական ոչնչացմանը: Հուսով են եղել, որ տնտեսությունը կփլուզվի, երկրում կհայտարարվի դեֆոլթ և երկիրը չի կարողանա գործել:
Երրորդ սցենարը ռազմական ոչնչացումն է: Այս սցենարի առանցքային գաղափարը հենված է եղել նրա վրա, որ երկրի տարբեր շրջանների բնակիչները կասեն, թե ինչու իրենք պետք է մեկնեն Դոնբաս. ես կնստեմ տանը, կփակեմ ճանապարհները, կբողոքեմ զորահավաքի դեմ, և դա կպայթեցնի երկիրը:
Ուկրաինայի ինքնիշխանության ոչնչացմանը միտված այս բոլոր սցենարներն էլ տապալվել են: Ընդհակառակը` մենք կառուցեցինք բանակ, մեզ մոտ հայտնվեց կամավորական բացառիկ շարժում, որը չունի իր համարժեքն աշխարհում:
Մենք ստացանք բացառիկ իրավիճակ, երբ բանակի հանդեպ քաղաքացիների վստահության աստիճանը հասավ գրեթե 72 տոկոսի: Մեզ մոտ ամեն ինչ լավ կլինի, մենք կհաղթենք, ճիշտ մեր կողմն է, աստված մեզ հետ է, մեզ հետ է համայն աշխարհը:
Ուկրաինան հավատարիմ է մնում 2015 թվականի փետրվարի 12-ին ստորագրված Մինսկյան համաձայնագրերով նախատեսված խաղաղության պլանի իրագործմանը:
Մենք դադարեցրել ենք կրակը, ապահովել ենք ծանր տեխնիկայի ու հրետանու հետ քաշումը, ԵԱՀԿ-ի դիտորդների ինտենսիվ աշխատանքը, որոնք հնարավորություն ունեն ստուգել Մինսկյան համաձայնագրերի իրագործումը:
Այժմ համայն աշխարհը գիտի, թե ով հավատարիմ չէ այդ համաձայնագրերին: Ներկայումս ընթանում է պատերազմ, սակայն Ուկրաինան հստակ ու անվարան կատարում է այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են Դոնբասում խաղաղություն ձեռք բերելուն:
Այժմ կարող եմ հրապարակել այն սարսափելի վիճակագրությունը, թե մեկ տարի առաջ` 2014 թվականին, ինչ պայմաններում ենք ստիպված եղել անցկացնել զորահավաքի առաջին ալիքը և ինչպիսին է եղել ուկրաինացի նորակոչիկների (մարտական) ոգին:
Զորահավաքի առաջին ալիքի ժամանակ դասալիքների թիվը կազմել է գրեթե 30 տոկոս: Նրանք չեն եղել Ուկրաինային չսիրող տղաներ: Չունենալով (ռազմական) ուսուցում, համապատասխան պատրաստվածություն, հայտնվելով առաջին հրետակոծության տակ` նրանք կոտրվել են հոգեբանորեն և չեն կարողացել իրենց հարկադրել մարտի մեջ մտնելու համար:
Նրանց մոտ առաջինը եղել է անպաշտպանվածության պատճառով շոկային վիճակը: Մեկ տարվա զինված դիմակայության ընթացքում պետությունը վերանայել է զինված ուժերի անձնակազմի նախապատրաստման հանդեպ մոտեցումը:
Պետք էր ինչ-որ բան անել: Ներկայումս` համապատասխան նախապատրաստությունից հետո, առկա է ապահովման այլ մակարդակ, դասալիքների թիվն այժմ կազմում է մեկ տոկոս: 30 տոկոսից նվազել է մինչև 1 տոկոսի:
Ներկայումս մեզ մոտ պատերազմ է: Համաշխարհային վիճակագրությունում չեն համեմատում ցուցանիշները, երբ երկիրը գտնվում է խաղաղության մեջ և երբ երկիրը գտնվում է պատերազմական վիճակում: Պատերազմի մեջ գտնվող երկիրն ապրում է յուրովի:
Ի՞նչով է առանձնանում երկիրը, որն ապրում է պատերազմական պայմաններում: Արտահանումից պետբյուջեի մուտքերը կտրուկ անկում են ապրում, կտրուկ աճ են ապրում բանակի վրա ծախսերը: Դա հանգեցնում է աշխատավարձերի, թոշակների գծով պարտքի գոյացմանը, պետպարտքի կտրուկ աճին, պետության դեֆոլթին ու տնտեսության կոլապսին:
Ուկրաինային բառացիորեն ամիսների ընթացքում հաջողվել է խույս տալ ազգային տնտեսության կործանումից, ներկայումս երկրում չկան աշխատավարձերի ու թշակների գծով պարտքեր:
Որքան էլ որ մեզ համար դժվար լինի, մեզ մոտ վճարվում է ամեն ինչ և արվում է ամեն հնարավոր բան, որպեսզի գնվի ժամանակակից տեխնիկա, սպառազինություն: Մենք մեկ կոպեկով չենք նվազեցրել զինված ուժերի ֆինանսավորումը»: