Բաժիններ՝

Հայկական գինին խնդիրներ ունի նաև եվրոպական շուկայում

Հայկական գինին դարձյալ նոր մարտահրավերի առջև է հայտնվել, այս անգամ՝ եվրոյի արժեզրկման հետ կապված: Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց  «Գինեգործների միության նախագահ» Ավագ Հարությունյանը:

Եվրոպական շուկայում եվրո-դոլար հարաբերակցությունը  գրեթե հավասարվել է։ Այս պայմաններում, ըստ Հարությունյանի, եվրոպացիներին ավելի ձեռնտու է արտահանել, քան ներմուծել:

«Հայ արտահանողների համար երկու շուկաներ կան, որոնք այս ճգնաժամից դուրս են՝ Չինաստանն ու ԱՄՆ-ը: Չինաստանի շուկայում հիմա ունենք 2,5 տոկոս ներկայություն, որն ապահովել ենք երկու տարիների ընթացքում։ Կա ծրագիր, որը կնպաստի ԱՄՆ-ի շուկայում Հայաստանի ներկայացվածության ընդլայնմանը»,- տեղեկացրեց միության նախագահը:

Ինչ վերաբերում է ռուսական շուկայի խնդիրներին, դրանք տեսանելի դարձան նոյեմբերի սկզբին, իրավիճակը խորացավ դեկտեմբերին, իսկ հունվար-փետրվար ամիսների 30 տոկոս արտահանման ծավալների կրճատումը, ըստ մեր զրուցակցի, պայմանավորված է այդ ամիսների համար սովորական դարձած՝ ցածր արտահանման տեմպով: Մյուս և ամենակարևոր պատճառներից մեկն էլ ռուբլու շարունակվող արժեզրկումն էր:

Կարդացեք նաև

«Ռուսական շուկայում անցանկալի երևույթներ կան, որից ուղղակի կախված է մեր գործունեությունը: Ռուբլու անկումից հետո այս շուկայում գները չեն փոխվել: Ավելին, մյուս կողմից նկատվում է բնակչության գնողունակության անկում, որը բերում է շուկայում որոշ ապրանքների լճացման»,- նկատեց ոլորտի ներկայացուցիչը:

Նրա խոսքով, ռուս արտադրողները սեփական շուկայում սկսել են ավելի էժան արտադրանք իրացնել, ինչի արդյունքում հայկական գինին դուրս է եկել նախկինում եղած մրցակցային պայմաններից: Օրինակ, եթե նախկինում այն վաճառվում էր 250-350, 500-600 ռուբլու տիրույթում, ապա այժմ շուկայում հայտնվել են 60-100 ռուբլի արժողությամբ ռուսական գինիներ, որոնց հետ գնային առումով մրցակցել մեր արտահաողները չեն կարող. «Մենք չենք կարող այդքան գին իջեցնել, ավելացնելու դեպքում էլ՝ գնորդներն են քիչ, հետևաբար՝ մրցակցության մեջ ենք հայտնվում ֆրանսիական, իտալական և այլ գինիների հետ, այս գինիները ևս գին են գցել, և այս երկու գնային տիրույթներում մեզ համար մրցակցային փոքր տեղ է մնացել: Պետք է դիմակայենք»:

Այս պահին որոշ տեղական ընկերություններ պահել են նախկին գինը, ոմանք իջեցրել են, սակայն կարևորը, մասնագետի դիտարկմամբ, ոչ թե գնի փոփոխությունն է, այլ այն ռեսուրսները, որոնք հնարավորություն կտան նոր արտահանումներ իրականացնել. «Բացառությամբ 1-2 ընկերությունների՝ մնացածները սպասողական վիճակում են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս