Կորած աստղեր. Ու՞ր են անհետացել երբեմնի հայ հայտնիները
newmag.am-ը գրում է. Աստղերի գործն էլ գործ չէ: Եթե մի քանի ամիս տեսադաշտում չեն երևում, միանգամից սկսվում են ասեկոսեները. Հայաստանում չեն, նեղացել են, բաժանվել են, դեպրեսիայի մեջ են, «օդերը փակել են», ու այդպես շարունակ:
Նրանցից շատերի աստղը տեղական շոու բիզնեսում փայլեց կայծակնային արագությամբ: 90-ականներին նրանց գիտեին գրեթե բոլորը ու չէին էլ մտածում, որ կգա մի օր, և երբեմնի սիրված դեմքերը կհայտնվեն հայկական էստրադայի արխիվում:
Աննա Արմենակյան. Հուսով եմ, որ շատ մոռացված չեմ
Աննա Արմենակյանին ոչ բոլորն են մոռացել: Այժմ ԱՄՆ-ում հայ երեխաներին վոկալի և երաժշտության դասեր է տալիս: Երկար դադարից հետո երգչուհին վերջապես որոշել է հրապարակավ խոսել իր մասին և այդ անկեղծ խոստովանությունը վստահել է հենց մեզ:
«Ես պետք է հիասթափեցնեմ ձեզ, քանի որ վերջին երեք տարիներին իմ՝ իբրև արվեստագետի, ստեղծագործողի կյանքը չափազանց պասիվ և միապաղաղ է: Ես խաղաղ հարմոնիայի մեջ եմ ինքս իմ և իմ երաժշտական ապրելակերպի, ստեղծագործական եռանդի հետ: Այդ ամենը միաձուլվել է որդուս` 2 տարեկան Ալեքսի և նորածին բալիկիս մեջ: Լինելով երգահան-երգչուհի` այսօր վստահ կարող եմ ասել, որ իմ զավակը միակ շեդևրն է, որին ես սպասում և փնտրում էի շատ վաղուց: Երբ որ պատրաստ լինեմ վերադառնալ բեմ և վերսկսել իմ երգարվեստը նորից ու նոր շնչով ու ավելի հասուն ասելիքով, հուսով եմ, որ շատ մոռացված չեմ լինի և դեռ կունենամ հավատարիմ երկրպագուների բանակ, ինչպես ունեի 2004-ին, երբ մեկնեցի Հայաստանից: Շնորհակալ և զգացված եմ, որ հնարավորություն ընձեռեցիք վերջապես անկեղծ լինել մինչև վերջ: Ես երջանիկ եմ այն ամենով, ինչ ունեցել եմ և ինչ ունեմ այսօր և կունենամ վաղը»:
Մայա Մարգարյան. «Արձագանք»-ի զինվորը
Նրա «Զինվոր ես, զինվոր ես» երգը շատերն են հիշում: Արդեն երկու տարի Մայա Մարգարյանն ակտիվ է միայն «Ֆեյսբուք»-ում:
Ռեժիսոր Տիգրան Դավթյանի հետ ամուսնանալուց հետո երգչուհին որդի ունեցավ և հիմա խիստ զբաղված է նրա խնամքով:
Ստեղծագործական նորություններ դեռ չունի: Ապրում է արտերկրում:
Գոգա. Երգի պետականի լքյալը
Երգի պետական թատրոնից Գոգայի՝ Գոհար Գևորգյանի ձայնը չի լսվել մի ամբողջ հավերժություն: Նա մի պահ փայլեց, հետո անհետացավ, հետո կրկին հայտնվեց վիրահատված քթով, մի երկու երգ երգեց ու էլի կորավ: Հիմա երգչուհին ապրում է ԱՄՆ-ում:
Արման Բարդումյան. «Արձագանք»-ի թամադան
«Առաջարկում եմ հոտնկայս դիմավորել հարսին ու փեսային». մի՛ զարմացեք, այս տողերը Արման Բարդումյանի նոր երգից չեն, այլ սովորական դարձած առօրյայից:
«Արձագանք» ստուդիայի երբեմնի հայտնի երգիչը հիմա խնջույքներում թամադա է: Ի դեպ, շատ պահանջված է:
Իսկ «Թափառական երաժիշտ» երգը Բարդումյանը մեծ հաճույքով ամեն անգամ կատարում է հարսանքիներին` կենացների արանքում:
Սամվել Ծովակ
Ո՞ւր է Սամվել Ծովակը: 90-ականների հայտնի երգիչն այսօր լռում է, բայց նրա երգերը լսում են, մեկնաբանում ու անգամ վերադարձին սպասում շատ երկրպագուներ:
Նրա ստեղծագործական կյանքից ընդամենը մեկ պատառիկ կա «Youtube»-ում. սիրված հիթը` «Կարոտը», մինչ այսօր լսել է16405 օգտատեր:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: