Ադրբեջանցի պատգամավորները Կենտրոնական բանկին մեղադրել են իրենց և բնակչությանը խաբելու մեջ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանի այսօրվա նիստի կենտրոնական հարցը դարձել է մանաթի փոխարժեքի անկումից հետո ծագած ֆինանսական ճգնաժամը:

Պատգամավոր Իգբալ Ագազադեն Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փոխհատուցել այն վնասը, որն ազգային արժույթի փոխարժեքի 34 տոկոսանոց անկումից կրել են քաղաքացիները:

Նա հայտարարել է, որ Ադրբեջանի Կենտրոնական բանկը 2014 թվականի դեկտեմբերի 30-ին հայտարարեց, որ ազգային արժույթը չի նվազի, սակայն երկու ամիս անց նա խաբեց երկրի բնակչությանը:

Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օկտայ Ասադովը հայտարարել է, որ կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում պահել է մանաթի փոխարժեքը.

«Սակայն Ադրբեջանը գտնվում է Հայաստանի հետ պատերազմական վիճակում և չի բացառում ռազմական և այլ ակտիվ գործողությունների սկսման հնարավորությունը, որոնք կարող են պահանջել հավելյալ միջոցներ: Անհրաժեշտ է մտածել ապագայի մասին, մենք չենք կարող այսօր ծախսել բոլոր պահուստները»:

Պատգամավոր Զիյադ Սամեդաձեն հայտարարել է, որ մանաթի արժեզրկումն անհրաժեշտ քայլ էր՝ հաշվի առնելով, որ 2015 թվականի պետբյուջեն կազմվել է մեկ բարել նավթի համար 90 դոլար գնի հաշվարկի վրա. «Նավթի գները ներկայումս չեն գերազանցում 60 դոլարը:

Եթե դրանք պահպանվեն, ապա մինչև տարեվերջ պետբյուջեի դեֆիցիտը կկազմի 6-7 միլիարդ մանաթ: Ադրբեջանի Կենտրոնական բանկը տարեկան ծախսել է 2-2.5 միլիարդ մանաթ՝ ազգային արժույթի փոխարժեքը պահպանելու համար: Սակայն մշտական միջոցները կարող են հանգեցնել պահուստների սպառմանը»:

Պատգամավոր Վահիդ Ահմեդովն ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը դրել է Կենտրոնական բանկի վրա. «Մինչև օրերս Ադրբեջանի Կենտրոնական բանկն ինձ խոստանում էր, որ մանաթի հանդեպ դոլարի փոխարժեքը չի գերազանցի 0.9 մանաթը, սակայն մանաթի փոխարժեքն անմիջապես նվազեցրել է 34 տոկոսով: Կարծում եմ, որ կառավարությունը պետք է շուտափույթ ձեռնարկի հակաճգնաժամային միջոցներ՝ կանխելու համար գնաճը, որն այսօր դարձել է ամենալուրջ խնդիրը»:

Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Ադրբեջանի քաղաքացիները չեն զգում և չեն զգա նավթի գնանկման հետևանքները:

Տեսանյութեր

Լրահոս