Բաժիններ՝

Ղրղզստանը շատ լավ պայմաններով է անդամակցում ԵՏՄ-ին. Աթամբաև

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը 2014 թվականի արդյունքներին նվիրված ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ղրղզստանը շատ լավ պայմաններով է անդամակցում ԵՏՄ-ին.

«Մենք դեկտեմբերի 23-ին ստորագրեցինք ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը: Մենք մինչև վերջ չգիտեինք, թե արդյոք կընդունե՞ն մեզ, թե՞ ոչ, որովհետև երկրներից մեկը կտրականապես դեմ էր: Մենք անդամակցում ենք շատ լավ պայմաններում:

Սահմանների, մաքսային կետերի վերազինման ու արտադրանքի սերտիֆիկացման ժամանակակից լաբորատորիաների ստեղծման համար հատկացվում է 300 միլիոն դոլար, որից 200 միլիոնը հատկացնելու է Ռուսաստանը, իսկ 100 միլիոնը` Ղազախստանը:

Այդ ֆինանսների ծախսման համար գործելու է եռակի վերահսկողություն, այդ թվում նաև մեր ու ռուսական կողմից: Բացի այդ, ստեղծվում է (ռուս-ղրղզական) զարգացման հիմնադրամ` 1 միլիարդ դոլար կապիտալով: Ունենալով նման ռեսուրսներ` կառավարությունը պետք է ստեղծի աշխատատեղեր և բոլոր ջանքերն ուղղի տնտեսության զարգացմանը:

Ղրղզստանին հաջողվել է հասնել լավ արտոնությունների: Մաքսային եկամուտների ընդհանուր բաշխման ժամանակ Բելառուսն ունի 4 տոկոս, Հայաստանը` 1.13 տոկոս, իսկ մեզ հաջողվեց կանգ առնել 1.9 տոկոսի վրա»:

Աթամբաևը նաև հիշեցրել է, որ Համաշխարհային բանկի փորձագետները Ղրղզստանը հանել են աղքատ երկրների ցուցակից և ընդգրկել են միջին եկամտով բնակչությամբ երկրների կատեգորիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս