Վիգեն Մնոյանը՝ իրեն ծեծի ենթարկելու մասին. «Կազմակերպված է եղել հաստատ»
Լուսանկարիչ Վիգեն Մնոյանին ծեծի ենթարկվելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել: Ի պատասխան 168.am-ի հարցման, ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ թեթև վնաս պատճառելը: Ըստ կոմիտեի՝ քրեական գործը գտնվում է Երևան քաղաքի վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում: Նախաքննության ընթացքում Վիգեն Մնոյանը տուժող է ճանաչվել:
«Միջոցներ են ձեռնարկվում ապահովելու քրեական գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտումը, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ առերևույթ հանցանք կատարած անձնաց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,- նշված է քննչական կոմիտեի պատասխանում:
Մեզ հետ զրույցում Վիգեն Մնոյանն ասաց, որ արդեն լավ է, ապաքինվում է: Մեր հարցին՝ արդյոք հետևո՞ւմ է քրեական գործի ընթացքին և գո՞հ է դրանից, Վիգեն Մնոյանը պատասխանեց. «Հետևում եմ, բայց դեռ վաղ է երևի ինչ-որ բան ասելը»:
Լուսանկարիչն ավելի վաղ պատմել էր, որ գնացել էր Ավան թաղամաս՝ պատվիրատուին լուսանկարելու նպատակով, սակայն մուտքի մոտ տեղի էր ունեցել դեպքը: Մեր հարցին՝ արդյոք իր տպատավությամբ կատարվածը կազմակերպվա՞ծ է եղել, թե՞ հնարավոր է իրեն շփոթել էին, նա պատասխանեց. «Կազմակերպված է եղել հաստատ, հաստատ ինձ են ուզեցել կանչել, այսքան ժամանակ է անցել ուղղակի չեմ կարողանում հասկանալ, թե ով կարող է եղած լինել»: Նրա խոսքով՝ իր նկատմամբ բռնություն կիրառած անձնանց դեմքերը փակ են եղել, նրանք երկուսն են եղել: