Խորհուրդներ` հակառակ ուղղությամբ
Որքան մոտենա Ցեղասպանության 100-ամյակը, այնքան պիտի շատանան Թուրքիայի վարչապետի հայազգի խորհրդականի հայտարարությունները: Եւ այս առումով, երեւույթը պետք է ընկալել օրինաչափ. ի վերջո ճիշտ չեն այն պնդումները, որ Մահչուպյանի նշանակման մեջ դեր չի ունեցել նրա հայազգի լինելը եւ թե Մահչուպյանն ընդհանրապես թուրքական հրատապ հարցերի նկատառումով է, որ նշանակվել է վարչապետի խորհրդական:
Անկարայի համար երեւույթը ինքնին ենթակա է լիարժեք շահարկման. միջազգային ընտանիքին ցույց տալ, որ ազգային փոքրամասնությունները հարգվում են աշխարհիկ կարգերով ղեկավարվող կառավարման համակարգի կողմից: Իր խորքում Մահչուպյանի առաքելությունը կապվում է ուղղակիորեն հայկական գործոնի հետ եւ ավելի մասնակի` 100-ամյակի հետ առնչված Անկարայի ձեռնարկած գործողություններին:
Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի սահմանի բացման պայմանականության մասին խոսելով Դավութողլուի խորհրդականը պարզապես վերաբանաձեւել է Անկարայի նախապայմանային քաղաքականությունը: Բեկումնային այլ հայտարարություն ակնկալելը քաղաքականորեն կարող է մեկնաբանվել պարզամտությամբ:
100-ամյակին ընդառաջ հայկական ծայրահեղականության աճի մասին նախատեսություն անելով, Մահչուպյանը` իբրեւ Թուրքիայի պետական գործիչ հայկական կողմի վրա է բարդում փոխզիջումներով լուծման չհանգելու պատասխանատվությունը:
Այս հայտարարությունները Անկարայի դասական տեսակետներին համահունչ եւ գուցե նաեւ ակնկալելի կեցվածքներ են: Հայկական կողմը քաղաքական, հասարակական, թե լրագրական մակարդակներով աղմուկ բարձրացնելու տենդին չլծվելու հարկադրանքի առջեւ է: Սա տակավին սկիզբն է եւ նախանշել է որոշ վարքագիծ 100-ամյակի հետ կապված թուրքական քարոզչաքաղաքական գործողություններին:
Այս վարքագծին առընթեր, այսինքն պաշտոնական կեցվածքների հայտարարությունների կողքին, սպասվում են այլ քայլեր: Հաշտեցման միտող սեմինարներ, նման խորհրդաժողովների համար հատկացվելիք դրամաշնորհներ, «Թուրքիա հրամմեցեք»-ի տարբեր հրավերներ, արվեստի եւ մշակույթի համատեղ ելույթներ, ձեռնարկներ եւ նմանատիպ նախաձեռնություններ:
Սահմանը փակ պահելով, ժողովուրդների բարեկամության, հաշտեցման, «Անատոլու հանրային մշակույթ»-ի ներկայացման հատկացված երեկոների կազմակերպում եւ Թուրքիայի կերպարի դրական կարծրատիպերի ստեղծման փորձերը հետեւողական, աշխույժ եւ անընդմեջ պիտի շարունակվեն Թուրքիայում, թե այլուր:
Հրավեր ստացող հայկական կողմը կամ մերժելու եւ կամ էլ այս բոլորը իմանալով ընդառաջելու եւ այնտեղ կարելիի սահմաններում հարցերը արծարծելու ընտրանքի առջեւ է: Ավելին. Թուրքիայի քաղաքացիություն վերականգնելու առիթներ, պապենական կալվածքների վերատիրանալու կամ դրանց փոխհատուցումը ստանալու իրավական ճանապարհներ անցնելու ցուցմունքները հետզհետե շոշափելի կերպարանք պիտի ստանան:
Մահչուպյանը թե՜ պիտի հայտարարի հայ-թուրքական հարաբերությունների պայմանական եւ փաթեթային լինելը` հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ. այսինքն սահմանը փակ է, մինչեւ այն ժամանակ, որ իբրեւ առաջին նախապայման` հայկական զորքերը չեն հեռացել Արցախից: Թե՜ հայ-թուրք ժողովուրդների հաշտեցման միտող այլ ձեռնարկներ պիտի թելադրի, կազմակերպել տա, ուղերձներ հղի: Միաժամանակ մեղադրի 100-ամյակի առիթով հայկական զարգացող ծայրահեղականությունը:
Այս բոլորը վարչապետի ծրագրերն են, նախապես հայտարարված այս կամ այն ձեւով: Մահչուպյանը խորհրդական է անպիսի մի երկրի վարչապետի, որտեղ խորհրդականները փոխանակ խորհուրդ տալու, իրականացնում են վարչապետի տված ցուցմունքները, պատվերները: Նաեւ խորհուրդները՝ հայկական հարցերի առնչությամբ:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր