Արծվիկ Մինասյան. Համակարգային փոխոփուխություն է պետք ճանապարհատրանսպորտային խախտումների հարցում

Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի և հարակից նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ճանապարհային խախտումների համար տուգանքների և արագաչափերի այս հարցերի քննարկումն արդեն դեժավյու է դարձել:

«Սա այն նախագիծն է՝ որոշ փոփոխություններով, որ մի անգամ ԱԺ կողմից չընդունվեց: Բերվել է, իբրև թե որոշ թեթևացումներ են արվել, բայց սկզբունքորեն վեճը մնում է: Չի կարելի քաղաքացուն զրկել գույքից՝ առանց դատարանի համապատասխան ակտի, բայց գտնում եք, որ այն նորմերը, որ կլինեն հարկերի, տուրքերի տեսքով չեն մտնում Սահմանադրությամբ պաշտպանվող գույքի մեջ»,- ասաց Ա.Մինասյանը:

Նա տեղեկացրեց, որ ԱԺ-ում ստորագրահավաք է սկսվել՝ վարչական ակտերի հարցը Բարձրագույն դատարանում քննելու համար:

Ըստ նրա՝ ֆունդամենտալ փոխոփուխություն է պետք ճանապարհատրանսպորտային խախտումների հարցում, այսօրվա համակարգը կոնկֆլիկտածին է և անարդար տարրեր է պարունակում՝ իրավապահների համար ավելորդ բեռ, ծանրություն, գումարների վատնում ստեղծելով: Նա նշեց, որ դեռ հարց է՝ արագաչափերը որքանով են իրականացնում արդար պատասխանատվության ենթարկելու գործառույթը: Ա.Մինասյանն «աբսուրդ» անվանեց, երբ նույն գործի համար երկու տարբեր մարմիններից գումարը «մի գրպանից մի գրպան է» գնում:

«Մարդու սեփականության իրավունքը ենթակա է պաշտպանության և այն չի ենթադրում որևէ վարչական վարույթ և որևէ կառույց չի կարող անտեսել այս հիմնարար իրավունքը: Իսկ դուք ուզում եք վերցնեք ու խլեք: Եթե այն մտնի կյանք, շատ վատ հետևանքներ կունենա»,- ասաց Ա.Մինասյանը:

Տեսանյութեր

Լրահոս