Գալուստ Սահակյան. Պետության ներսում կատարվածի պատասխանատուն իշխանությունն է, սակայն հանցագործներն այլ վայրում են

«Այն մարդիկ, ովքեր տուժել են, նրանց համար շատ նվաստացուցիչ է առիթն օգտագործել, դա քաղաքականացնել և միտինգային երևույթներով առաջնորդվել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ազատամարտիկների և պատգամավոր Արամ Մանուկյանի հանդեպ կիրառված ծեծին:

Ըստ նրա՝ պետության ներսում կատարվածի պատասխանատուն իշխանությունն է, սակայն հանցագործներն այլ վայրում են: Գ.Սահակյանը պատրաստակամություն հայտնեց ամեն ինչ անել՝ արդարադատության հաղթանակի համար:

Անդրադառնալով Ա.Մանուկյանի ծեծի գործով պատգամավոր Առաքել Մովսիսյանի վարորդին բերման ենթարկելուն՝ Գ.Սահակյանը հայտարարեց, թե խոսել է և՛ Առաքել Մովսիսյանի, և՛ Արամ Մանուկյանի, և երկրապահի տղաների հետ. «Այ հենց էստեղ է, որ համամիտ չենք, մարդիկ մտածում են, որ Ազգային ժողովը դա դատարան է և վճիռներ պիտի կայացնի: Իմ հորդորը հետևյալն է՝ արդարադատությանը չի կարելի էդպես անընդհատ անհարմար վիճակի մեջ գցել, կամ էսպես, թե էնպես մասնակից դառնալ քննչական գործողություններին: Ես հավատացած եմ, որ Արամ Մանուկյանի գործը կբացահայտվի: Առաքել Մովսիսյանն այն ազատամարտիկներից մեկն է, որ բոլոր ազատամարտիկների հետ շփվում է և՛ Ազգային ժողովում, և՛ դրսում: Եթե ինչ-որ բան քաղաքական շրջանառության մեջ է մտնում, այդ քաղաքական տրամաբանության թիրախներ են ձևավորում և փորձում են հետո լուծումներ գտնել: Եթե նման խնդիր լինի, կարծում եմ, քննչական մարմինն անպայման տեղյակ կպահի»:

Նա բացառեց, թե այս դեպքերը քաղաքական ենթատեքստ ունեն, առավել ևս բացառեց, թե Արամ Մանուկյանի հետ կատարվածը նրա՝ Սերժ Սարգսյանին ուղղված հայհոյանքի հետ է կապված: Գ.Սահակյանի խոքով՝ հայհոյողներն այսօր շատ են՝ և՛ լրագրողները, և՛ քաղաքացիները, և՛ քաղաքական ուժերը: Նրա կարծիքով՝ դա այն վերաբերմունքը չի, որ անպայման պիտի բռնարարքների տանի:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս