«Երկրում կա անվերահսկելիության և անպատժելիության մթնոլորտ. նույն մարդը և՛ օրենսդիր է, և՛ բիզնեսմեն». Արմեն Պողոսյան

«Գների բարձրացումը մշտապես գոյություն ունեցող երևույթ է: Խնդիրն այն է, որ մեր եկամուտները, աշխատավարձերը, թոշակները և այլն պետք է ունենան առաջանցիկ տեմպեր: Քաղաքակիրթ աշխարհում, օրինակ, այդպես է»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:

Նրա խոսքով՝ թանկացման համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, որոնք վատ կազմակերպման արդյունք են.

«Ես էլի եմ ասել, որ մեր Կառավարության տնտեսական տրամաբանությունը չեմ տեսնում, ես այն գնահատում եմ որպես կարկատանային քաղաքականություն: Ո՞վ չգիտի՝ քանի որ ռուսական իմպերիայում տնտեսական անկում է, և այնտեղից ուղարկվող փողերն էապես կորցրին իրենց գնողունակությունը, այդ իսկ պատճառով էլ այստեղ հատկապես այդ եկամտով ապրողները տուժեցին: Դրա արտահայտությունն էլ գների թանկացումն էր»:

Ըստ Ա. Պողոսյանի՝ մեր երկրում երկու մարմին կա, որոնք պատասխանատու են թե՛ գնաճին հետևելու և թե՛ այդ գնաճը կարգավորելու համար: Խոսքը Կենտրոնական բանկի (ԿԲ) և Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մասին է.

«ԿԲ-ի առաջին ֆունկցիան հենց գների կարգավորումն է. ես չեմ տեսնում, որ ԿԲ-ն այս գործառույթներն իրականացնում է: Մյուս մարմինը՝ Ազգային վիճակագրական ծառայությունը, իհարկե, կարգավորելու պարտավորություն չունի, բայց տասնօրյա ինտերվալով մենք պետք է տեսնենք գների վիճակը, դինամիկան: Ես որքան նայում եմ, միշտ ուշացած տվյալներ եմ այնտեղ տեսնում, նորը չի լինում»:

Ա. Պողոսյանը կարծում է, որ մեր երկրում կա անվերահսկելիության և անպատժելիության մթնոլորտ: Ըստ նրա՝ դրա պատճառներից մեկն այն է, որ պետական պաշտոնյաներն ու գործարարները նույն մարդիկ են. «Նույն մարդը և՛ օրենսդիր է, և՛ բիզնեսմեն: Անվերահսկելիությունն այստեղից էլ գալիս է»:

 

Տեսանյութեր

Լրահոս