Ալասանիան ափսոսանք է հայտնել, որ պետական հարցերի լուծումը կախված է մեկ մարդու կամքից
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Իրակլի Ալասանիան Forbes Georgia-ին տված հարցազրույցի ժամանակ ափսոսանք է հայտնել, որ պետական հարցերի լուծումը կախված է մեկ մարդու կամքից, ինչի համար էլ ձգձգվում է ամեն տիպի որոշումների կայացումը:
Ալասանիան ընդգծել է, որ եթե այս կամ այն հարցի մասին որոշում կայացնելու համար անհրաժեշտ է 5 րոպե կամ էլ ասենք 1 ամիս, ապա գործընթացը տևում է 2 ամիս. «Շատ հստակ երևաց, թե Բիձինա Իվանիշվիլին որքանով է տեղյակ վերջին իրադարձությունների մանրամասներից, որոնց մասին անգամ դատախազությունը չի արտահայտվում այդչափ խորացված ձևով:
Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ երկիրը ղեկավարվում է մեկ մարդու կամքով, և ոչ թե օրենքներով ու ինստիտուտներով: Երբ իշխանության ղեկին չկա ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակ վարչապետ, երբ նա պարտավոր է բոլոր հարցերը համաձայնեցնել կոնկրետ մարդու հետ, ապա դա ստեղծում է վակուում, որը վնասում է մեր երկրին»: