Ասելը մի բան է, անելը մեկ այլ բան է. Միքայել Մելքումյանը՝ ՀՀ վարչապետի առաջարկի մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանի արած այն հայտարարության մասին, թե իրենք պատրաստ են սկսել քննարկումները եռյակի ներկայացրած 12 կետերից հենց 10-րդ կետից, այսինքն՝ 100% համամասնական ընտրակարգի անցնելու մասին:

Ս. Ավետիսյանը նկատեց, որ առաջին  անգամը չէ, որ իշխանությունը պատրաստակամություն է հայտնում քննարկել այդ 12 կետերի հետ կապված խնդիրները, այդ թվում նաև՝ համամասնականինանցնելու հարցը, բայց նաև նշեց, որ դեռ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ ձևաչափ և ինչ արդյունք կլինի այդ քննարկումներից հետո:

Մ. Մելքումյանն էլ, անդրադառնալով վարչապետի առաջարկին, նշեց, թե ասելը մի բան է, անելը՝ մեկ այլ բան է. «Հուսանք, որ քանի որ այդ փոփոխությունները ընդհանրապես ամբողջ Հայասատնին և ժողովրդին են անհրաժեշտ, իսկ իշխանական, թե ոչ իշխանական, դրանք բոլորը ժողովրդի մաս  են, դա բխում է նաև նրանց շահերից»:

ԲՀԿ-ական պատգամավորը կանխազգում է, որ իշխանությունն իսկապես գնալու է այդ հարցի խորությամբ քննարկմանը. «Բայց մենք կողմնակից ենք հստակ 100% համամասնականին, որովհետև եթե մենք նույնիսկ թողնում ենք 10 կամ 20 տեղ մեծամասնականին, ընտրության այն որակը, այն կերպը, այն ավանդույթները, որոնք եղել են, էապես զիջելու են քաղաքական ավելի կատարյալ գործընթացներին, որ մենք ակնկալում ենք»:

Կարդացեք նաև

ՀՀԿ-ական պատգամավորը չհամաձայնվեց այդ կարծիքի հետ՝ նշելով, որ եթե մենք նույնիսկ փորձենք դասական քաղաքագիտությունը ուսումնասիրել, ապա այնտեղ շատ հստակ նշված են համամասնական ընտրակարգի առավելությունները, թերությունները, ինչպես նաև մեծամասնական ընտրակարգի առավելությունները, թերությունները. «Այսինքն՝ եթե մենք ուզում ենք շատ խորը քննարկենք, պետք է նաև դասական քաղաքագիտությունը մեջբերենք»:

Հարցին՝ եռյակն առաջարկել է, որ այդ քննարկումը լինի արտահերթ նիստի ձևով, եթե արտահերթ նիստ հրավիրվի այդ հարցով, Հանրապետականը կմասնակցի՞, Ս.Ավետիսյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ կարելի է նստել սեղանի շուտ ու քննարկել. «Արտահերթ նիստի ժամանակ բերել և հում հարցեր քննարկե՞լ… Ես դրանք համարում եմ հում հարցեր, որոնք պետք է սեղանի շուրջ մասնագետների հետ քննարկվի, քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ քննարկվի, և երբ ինչ-որ կոնսենսուսի գալու են, նոր փորձենք արտահերթ մտցել: Թե չէ այսօր եռյակի կամ քառյակի մտքով ինչ անցնի՝ դնում են արտահերթ»:

Մ. Մելքումյանն էլ՝ արձագանքելով Ս. Ավետիսյանին, ասաց. «Ժամանակը ցույց է տալիս, որ ինչպես Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու այլընտրանք չուներ, այնպես էլ 100% համամասնականին այլընտրանք չկա: Ես դեմ չեմ, որ արտահերթից առաջ նստենք ու խոսենք»:

Տեսանյութեր

Լրահոս