Բաժիններ՝

«Այստեղ ես գտա անփոխարինելի հիշողություններ, այսուհետ այն ինձ համար արդեն հարազատ վայր է»

Օրերս Հայաստան էր ժամանել Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ պրոֆեսոր, ճանաչված ցեղասպանագետ, դոկտոր Արմեն Մարսուբյանը:

Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանի հրավերով անվանի գիտնականը հյուրընկալվել էր թանգարանում, որտեղ էլ հանդիպեց լրագրողների հետ և պատասխանեց նրանց հարցերին:

Շրջելով թանգարանի միներալների սրահով նա խորին շնորհակալություն հայտնեց Երկրաբնության ինստիտուտի ողջ անձնակազմին, որոնք ձեռնամուխ են եղել այս սրահի կազմավորման գործում: Նաև կարևորեց թանգարանի աշխատակիցների անմիջական հոգատար վերաբերմունքը իր քեռու` Արա Ցոլակի Դիլդիլյանի նվիրաբերած ցուցանմուշների նկատմամբ նման հոգածության և հանրությանը ներկայացվածության համար:

Առ այսօր Հայաստան նրա այցը չէր կայացել որոշակի հանգամանքներից ելնելով, որի համար և շատ ափսոսում էր. «Սակայն հիացմունք ապրեցի, երբ տեսա և լսեցի հարազատներիս՝ Դիլդիլյանի զավակների նկարները և տպավորությունները թանգարանի այս սրահը բացելիս»:

Դոկտոր Արմեն Մարսուբյանը Հայաստան էր հրավիրվել հատուկ դասախոսությամբ: «Օգտագործելով առիթը` երկու օր այցելեցի Երկրաբանական թանգարան և լավագույն, հաճելի պատանեկան հիշողություններ արթնացավ իմ մեջ` կապված միներալների հետ: Ներկան գերազանցեց սպասումներիս, հույզերս մեծ են… Ակամա հիշեցի տան այն հատվածը, որը քեռիս վերածել էր թանգարանի և ոգևորությամբ պատմում էր միներալների մասին: Թեև ես երկրաբան չեմ, բայց տեսնում եմ թե ինչպիսի պրոֆեսիոնալիզմով և սիրով է ներկայացված հավաքածուն, կարծում եմ, որ, նախկինում տարիներ ենք կորցրել և ավելի վաղ էր պետք կազմակերպել այս ամենը»,- նշեց պարոն Մարսուբյանը:

Հավաքածուն Հայաստան էր ուղարկվել դեռևս 1987 թվականին: Սակայն միայն վերջերս թանգարանի նորանշանակ տնօրենի՝ Գայանե Գրիգորյանի նախաձեռնությամբ և թանգարանի աշխատակիցների ջանասիրությամբ դասակարգվեցին, ցուցադրվեցին և հանրությանը ներկայացվեցին միներալների այս ցուցանմուշները:

«Երկար տարիներ մենք մտածում էինք, թե կորցրել ենք մորեղբորս ողջ կյանքի ընթացքում կուտակած այս հավաքածուն: Եվ մեզ համար մեծ հայտնություն էր, որ այն գտել է իր արժանի տեղը:

Քեռիս հաճախ էր կազմակերպում արշավներ իր զարմիկների, զավակների և այլ երեխաների համար: Հիշում եմ, թե ինչքան երկար փնտրեցինք ահա այստեղ ցուցադրված այս հերկիմեր-ալմազները` մեզանից պահանջվեց մի ամբողջ օրվա քրտնաջան փնտրտուք, բայց ի՜նչ հիացմունք էր յուրաքանչյուր հատիկը գտնելը ի՜նչ բացականչություններ և ուրախություն,- պատմում էր գիտնականը` շրջելով սրահով:- Հենց այդ արշավների ժամանակ էլ մեր մեջ արթնացավ սերը բնության հանդեպ: Մենք հաճելիորեն կապվեցինք բնության հետ»:

Արա Դիլդիլյանի հավաքածուի համար հիմք էր հանդիսացել Անատոլիայի քոլեջի հարևանությամբ գտնվող երկրաբանական թանգարանում անցկացված հետաքրքիր էքսկուրսիան, որի ժամանակ նա դեռևս հինգ-յոթ տարեկան էր: Այս էքսկուրսիան հիմք հանդիսացավ նրա հավաքածուի ստեղծման համար: Դոկտոր Մարսուբյանը պատմեց նաև, որ այս ամռանը նա այցելել է այդ թանգարան, որը գտնվում էր Մարսովան քաղաքում, և որտեղ Արա Դիլդիլյանը ստացել է իր առաջին գիտելիքը միներալների մասին, և լուսանկարել է թանգարանը, որի նկարը մեծ սիրով փոխանցեց երկրաբանության թանգարանին:

«Մորեղբայրս, միներալներ հավաքելով, նպատակ ուներ այն տրամադրել երիտասարդ երկրաբանների ուսուցողական ծրագրերի համար: Եվ տեսելով, թե որքան ուսանողներ և աշակերտներ են այցելում թանգարան, ես գոհունակությամբ կարող եմ նշել, որ մորեղբորս երազանքն իրականացված է. թանգարանը դարձել է այն տեղը, որտեղ երիտասարդները գիտելիքներ կձեռքբերեն նաև այս միներալների շնորհիվ»:

Նշենք, որ պրոֆեսոր Մարսուբյանի այցը Հայաստան առաջին հերթին նպատակ ունի դասընթացների միջոցով հանրությանը ներկայացնել հարկադրաբար իսլամացված հայերի երկդիմի կյանքը` որպես օրինակ բերելով Դիլդիլյան-Տեր-Հարությունյան ընտանիքը: Պրոֆեսոր Մարսուբյանի ներկայացրած նյութը հիմնված է ընտանեկան հիշողությունների, նամակների, բանավոր խոսքի և պատմական լուսանկարների վրա:
«1915 թվականի ամռանը Ցոլակ Դիլդիլյանն իր ընտանիքի հետ միասին ընդունեց իսլամ` որպես հարազատ քաղաքում մնալու նախապայման: Ինչպեսև §թաքնված հայերից¦ շատերը, հասարակական վայրերում ներկայանալով թուրք, տանը նրանք պահպանում էին իրենց քրիստոնեական ինքնությունը: Այդպիսով, ցեղասպանության տարիներին նրանց հաջողվել է փրկել և թաքցնել մեծ քանակով հայերի: Ազգագրական շարժման ակտիվացմամբ պայմանավորված ընտանիքի գործունեությունը սկսեց կասկածներ հարուցել` ստիպելով նրանց փախչել Թուրքիայից»:

Ա. Մարսուբյանը բազմիցս հրավիրվել է Մերձավոր Արևելքի, Հարավային Ասիայի և Աֆրիկայի երկրներ` հանդես գալու հայկական հետազոտություններով:
Կոլուբիայի համալսարանում հանդես է եկել «Հայերի ցեղաստանության հուշերը» սեմինարով: Նրա հետազոտությունը «Մարսովանի փրկությունը» արժանացել է Հրանտ Դինքի մրցանակի:

Նա բազմիցս Թուրքիայում կազմակերպել է Դիլդիլյան ընտանիքի Օսմանյան կայսրության տարիների լուսանկարների ցուցադրություն` շուրջ 900 նկարից կազմված հավաքածու: Նշված նյութերը նախատեսվում են հրապարակել մյուս տարի` անգլերեն և թուրքերեն լեզուներով:

Թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանի հրավերով անվանի գիտնականը խոստացավ` հաջորդ այցելության ժամանակ իր լուսանկարների հավաքածուն և նյութերը ներկայացնել նաև երկրաբանական թանգարանում:

«Ես մեկնում եմ այստեղ գալու ակնկալիքով… Այստեղ ես գտա անփոխարինելի հիշողություններ, այսուհետ այն ինձ համար արդեն հարազատ վայր է»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս