Առաքել Մովսիսյան. «Բոլորը «վլաստի» կռիվ են տալիս, բայց չի կարելի». «Իրավունք»

«Իրավունքը» զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի հետ

– Պարոն Մովսիսյան, նախ խոսենք հուլիս-օգոստոս ամիսներին հայ-ադրբեջանական սահմանի լարվածության ու դրա վերաբերյալ հանրության, քաղաքական գործիչների արձագանքի մասին։

– Արցախում և մեր սահմանամերձ գոտիներում հուլիս-օգոստոս ամիսների լարված միջադեպի մասին կասեմ, որ, Փառք Աստծո, մեր զինվորները, մեր բանակր շատ հզոր կանգնած են իրենց դիրքերում։ ճիշտ է, էլի շնորհակալություն բոլորին, որ հայտարարեցին, թե՝ պատրաստ ենք մեր ազգի համար ամեն ինչ նորից շարունակել անել, բայց, երբ մեկնեցի Արցախ, տեսա, որ դրա կարիքն առայժմ չկար, թեպետ միշտ կա։ Արցախի ազատամարտիկները առաջնահերթ կանգնած են զինվորների կողքին, անմիջապես առաջին գծում են։ Արցախը երբևիցե խուճապի չի մատնվել։ Բոլորը, նաև ջահելները մի մարդու պես կանգնած սպասում էին, թե ինչ պետք է լինի, որ նորից շարունակեն առաջ գնալ և այլն…

Ուզում եմ ասել, որ պատրաստ են մեր Արցախը լիարժեք պաշտպանել։ Դե, իրենք էլ մեծ հույս ունեն, որ մենք նույնքան հզոր կանգնած ենք իրենց թիկունքում։ Մանավանդ, վստահ են այն մարդկանց հանդեպ, ովքեր իրոք պատրաստ են Արցախի համար պայքարել։ Եվ այդ շրջանում ասված հայտարարությունները, ճիշտ է, համախմբեց որոշ չափով մեր հանրապետությանը, Ազգային ժողովին և մյուսներին, բայց պահեր են լինում՝ մոռանում են, որ պետք է համախմբված լինեն։

Իրոք, ցավում եմ՝ մոռանում են, որ մեր դիմաց թշնամի կա, մինչդեռ այսօր իրար միս են ուտում։ Բոլորը «վլաստի» կռիվ են տալիս, բայց չի կարելի։ Ի՞նչ է, թողե՞նք սահմանները ու անցնենք նայենք, թե ով ինչքան փո՞ղ է ստանում, ով ինչքան աշխատավա՞րձ է ստանում… Բանակի բյուջե՞ն էլ տանք, ինչ է թե որոշ մարդկանց փորը կուշտ լինի, չի կարելի այդպես։ Օր է եղել հացի փող էլ չենք ունեցել, բայց այսօր առաջնահերթ մեր ազգն է, պաշտպանությունն է։ Առաջինը պետք է բանակի զինվորը կուշտ լինի, որ կարողանա կռվել։

– Վերջերս շատ խոսվեց, որ ազատամարտիկների մեջ փորձում են որոշակի բաժանում մտցնել, քանի որ ԲՀԿ-ական պատգամավոր ազատամարտիկների (Ռուբեն Գևորգյան, Ռուստամ Գասպարյան) գլխավորությամբ ազատամարտիկների մի նոր կազմակերպություն է ստեղծվում որպես այլընտրանք ԵԿՄ-ին։ Ինչպե՞ս եք վերաբերում դրան։

– Նախ՝ Ռուբեն Գևորգյանը չի կարող իրեն իրավունք վերապահել երկրապահից մարդ տանի իր մոտ։ Եվ երկրորդ՝ ամեն մեկն իրենց հերթին ասում է՝ չորս հազար հոգի մարդ ունի… Էդ ի՞նչ է, մեր զինվորները էդքան թափառաշրջի՞կ են, որ չորս հազար հոգի ամեն մեկն իր հերթին ասում է՝ ես այսքան ունեմ, այնքան ունեմ… Բոլորն էլ մեզնից լավ են կռվել։ Ոչ Ռուբեն Գևորգյանը, ոչ էլ որևէ մեկը չի կարող ասել՝ էդ տղերքի աչքի վրա ունք կա, բոլորն էլ մեզնից լավ են կռվել, բոլորն էլ մեր ընկերներն են։ Ուղղակի, այսօր դժվարություններ կան երկրում ու մի քիչ ֆինանսական խնդիրներ ունեն, բայց այդ տղաները իրենց հոգով ու սրտով ամուր կանգնած են էս երկրի համար։

էլի եմ կրկնում՝ ոչ ոք չի կարող ասել՝ այսքան զինվոր ունեմ, նրանք իրենցը կռվել են, և նրանցից ամեն մեկը պատրաստ են իրենց հերթին 10, 20, 30 տղա վերցնել՝ որպես ազատամարտիկ։ Բայց այսօր այդ տղաներին որևէ մեկը չի կարող ասել՝ սրանք իմ զինվորներն են։ Ամեն մեկը քաջարի կռվել է էս ազգի համար, ամեն մեկն իր կողմից հեղինակություն է։ էսօր որ ասում են՝ 4500 հոգի հավաքվել են. ի՞նչ է, էդ տղաները ուր էին, որ հավաքել են։ Թող մի հատ հավաքեն 4500 հոգուն, տեսնենք։ Այսօր սեփական շահերի համար ամեն մեկն ուզում է ուզում է իր ծառը ջրել, բայց էդ տղերքը օգտագործվող տղերք չեն, բոլորն էլ լավ տղերք են, բոլորն էլ մեր ընկերներն են։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս