Ով է լինելու ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավորը
Սեպտեմբերի 26-ին տեղի ունենալիք ԵԽ ԽՎ աշնանային նստաշրջանի ժամանակ պետք է ընտրվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող դատավորը: Հիշեցնենք, որ այդ պաշտոնը թափուր մնաց, երբ օգոստոսի 2-ին նախագահի հրամանագրով ՄԻԵԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը նշանակվեց ՍԴ անդամ:
Այս պաշտոնը չափազանց հրապուրիչ աշխատատեղ է. նախ՝ ապահովում է եվրոպական կեցություն Ստրասբուրգ քաղաքում և 10 հազար եվրոյանոց աշխատավարձ: Բացի այդ, ըստ ՄԻԵԴ նոր կանոնադրության՝ դատավորն ընտրվում է 9 տարի ժամկետով, իսկ դա նշանակում է, որ անկախ Հայաստանում առաջիկա 9 տարիներին տեղի ունենալիք քաղաքական փոփոխություններից, քաղաքական ուժերի վերադասավորումից կամ իշխանության ղեկին կանգնած անձանց փոփոխությունից՝ ՄԻԵԴ դատավորը կարող է շարունակել իր եվրոպական կեցությունն և հեռու մնալ քաղաքական փոփոխություններից բխող ամենատարբեր տհաճություններից, որոնց ենթակա են բոլոր կարգի պաշտոնյաները՝ անկախ իրենց կուսակցական պատկանելությունից կամ զբաղեցրած պաշտոնի մեծությունից: Հենց այդ պատճառով ՄԻԵԴ-ում դատավոր լինելը համարվում է բաղձալի, և շատերը կփորձեն պայքարել այդ տեղի համար:
Զուտ ֆորմալ առումով դատավորին ընտրում են ԵԽ ԽՎ պատգամավորները՝ ձայների պարզ մեծամասնությամբ: Հայաստանը ներկայացնում է երեք թեկնածու, և ԵԽ ԽՎ պատգամավորները փակ գաղտնի քվեարկությամբ որոշում են, թե երեք թեկնածուներից ով է լինելու դատավոր: Բայց այս ընտրությունը խիստ ֆորմալ բնույթ է կրում, քանի որ իրականում դատավոր է դառնում միայն նա, ում նախապես այդ պաշտոնում ցանկանում է տեսնել Հայաստանի իշխանությունը:
Մյուս երկու թեկնածուների դերակատարումը շատ չի տարբերվում Հայաստանում գյուղապետի ընտրություններում պահանջվող այլընտրանքային թեկնածուի գոյության պահանջից, երբ գյուղապետի պաշտոնի հիմնական հավակնորդը՝ որպես իր մրցակից, գրանցում է կամ իր կնոջը, կամ գյուղապետարանի պահակին, ովքեր ընտրություններից հետո շնորհավորում են հաղթող թեկնածուին և նրան մաղթում բեղմնավոր և արգասաբեր աշխատանք:
Պարզ ասած՝ ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը մյուս ազգային պատվիրակությունների ղեկավարներին ասում է, որ Հայաստանի ղեկավարության համար ցանկալի է, որ այդ պաշտոնում ընտրվի այս մարդը: Եվ քանի որ մյուս ազգային պատվիրակություններն էլ են նմանատիպ խնդիրներ ունենում, և նրանք էլ են նման դեպքերում դիմում Հայաստանի պատվիրակությանը՝ խնդրելով քվեարկել իրենց համար ցանկալի թեկնածուի օգտին, նրանք սիրահոժար ընդառաջում են:
Իսկ ո՞վ կարող է լինել ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավոր: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ այդ պաշտոնում նշանակվելու մեծ ցանկություն ունի Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը: Ճիշտ է, նա վերջերս նշանակում ունեցավ՝ դառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավար, բայց, ինչպես արդեն նշեցինք, ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնի հետ չես համեմատի: Եթե նույնիսկ ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա, ապա Հրայր Թովմասյանն այս պաշտոնում կարող է հանգիստ պաշտոնավարել առավելագույնը երկուսուկես տարի, քանի որ 2017թ. գարնանը տեղի ունենալիք ԱԺ ընտրություններից հետո կարող է լինել խորհրդարանի նոր կազմ, նոր ԱԺ նախագահ և, բնականաբար, նոր ԱԺ աշխատակազմի ղեկավար:
Կան նաև այդ պաշտոնի հավակնորդ այլ թեկնածուներ ևս, մասնավորապես՝ մի քանի դատավորներ, ովքեր դեմ չէին լինի իրենց գավառական կյանքն ու կենցաղը փոխարինել եվրոպականով: Հայաստանում դատավոր լինելը հիմա նախկինի նման գրավիչ չէ, և գնալով այդ պաշտոնն ավելի է կորցնում իր գրավչությունը՝ բնակչության գնողունակության կորստի և այդ համակարգում տեղի ունեցած որոշ կառուցվածքային փոփոխությունների պատճառով:
ՄԻԵԴ դատավորի թեկնածու առաջադրելու իրենց հույսը չեն կորցնում նաև հանրային սեկտորի ներկայացուցիչները: Նախատեսվում էր, որ մինչև աշուն ՄԻԵԴ կանոնադրության մեջ պետք է տեղի ունենան փոփոխություններ, և ըստ դրանց՝ երեք թեկնածուներից մեկին առաջադրելու հնարավորությունը պետք է տրվի հանրային սեկտորին:
Այսինքն՝ հասարակական կազմակերպություններին: Թե հատկապես ինչ մեխանիզմով պետք է դա կատարվի, առայժմ ոչ ոք հստակ չգիտի, բայց որոշ փաստաբաններ ասում են, որ եթե նման հնարավորություն առաջանա, ապա հավանական թեկանածուներից մեկը կարող է լինել փաստաբան Վահե Գրիգորյանը:
Իհարկե, ՄԻԵԴ-ում դատավոր լինելը ոչ միայն եվրոպական կեցություն է և բարձր աշխատավարձ, այլ նաև որոշ պատասխանատվություն: Հայաստանի քաղաքացիները հաճախակի են դիմում ՄԻԵԴ՝ վիճարկելով Հայաստանի դատարանների կողմից կայացված վճիռների օրինականությունը: Սա վերաբերում է ոչ միայն քաղաքական հալածանքների զոհերին, այլ նաև զուտ կենցաղային խնդիրների պատճառով դատարնների հետ գործ ունեցած և արդար դատաքննության չարժանացած մարդկանց:
Իշխանությունը միշտ հույս ունի, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորը պետք է հնարավորինս խոչընդոտի, որ Հայաստանից ուղարկվող հայցադիմումները մերժվեն, քանի որ դրանց բավարարումը Հայաստանի պետական բյուջեին արժենում է տասնյակ-հազարավոր եվրոների փոխհատուցում կատարելու պարտադրանքի կատարում:
Օրինակ, Ալվինա Գյուլումյանի գործունեության ընթացքում մի քանի այդպիսի աղմկոտ վճիռներ եղան ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Բայց դժվար է ասել, թե որքան կարող էին լինել դրանք, եթե չլիներ Ալվինա Գյուլումյանը: Այսինքն՝ նրա աշխատանքի արդյունավետությունը կարող է գնահատել միայն իշխանությունը, քանի որ միայն նա է տիրապետում հստակ վիճակագրության:
Հիմա նոր դատավորը պետք է գիտակցի, որ իր վրա ևս դրվելու են նման պարտականություններ, և նրա գործը չի լինելու միայն աշխատել՝ որպես դատավոր, նա ավելի շատ պետք է աշխատի՝ որպես փաստաբան, որպեսզի ներկայացնի Հայաստանի կառավարության և իշխանության շահերը՝ փորձելով հնարավորինս պակասեցնել Հայաստանի դեմ կայացվող վճիռների քանակը: