Հայաստանի բջջային ոլորտը՝ խոշորացույցի տակ. ինչպես են գործերը 3 օպերատորների մոտ
Հայաստանի գործարար դաշտում ամենաթեժ մրցակցությունն այսօր թերևս ծավալվում է հեռահաղորդակցության, մասնավորապես, բջջային կապի ոլորտում։ ՀՀ 3 բջջային օպերատորները՝ Արմենտելը (Beeline ապրանքանիշ), Ղ-Տելեկոմը (Vivacell ապրանքանիշ) և Օրանժ Արմենիան անընդմեջ նորություններ են ներկայացնում, բարելավում ծառայությունների որակն ու շրջանակը և ավելի մատչելի դարձնում դրանք։
Միևնույն ժամանակ, բոլոր ընկերությունները գովազդային և PR ակցիաներով փորձում են համոզել բաժանորդներին, որ իրենք ամենալավն են, ամենապատասխանատուն, ապահովում են լավագույն որակը և այլն։
Իսկ ի՞նչ է իրականում կատարվում բջջային կապի շուկայում։ Ով ավելի շատ բաժանորդներ ունի, ով է աշխատում շահույթով, ով՝ վնասով, որքան գումար են ծախսում նրանք գովազդի վրա։ Այս նյութում կփորձենք տալ այս և մի շարք այլ հարցերի պատասխանները՝ հիմնավելով բացառապես պաշտոնական փաստաթղթերի և վիճակագրական տվյալների վրա։
Բացի տարեկան հաշվետվություններից, հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունը եռամսյակը մեկ ներկայացնում են իրենց կողմից մատուցվող ծառայությունների տեխնիկատնտեսական ցուցանիշները։ Այս պահին հասանելի են 2014 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշները, որոնց հիման էլ կազմել ենք համեմատականները
Ըստ Beeline-ի, Vivacell-ի և Orange-ի ներկայացրած տվյալների՝ այս տարվա առաջին եռամսյակի վերջի դրությամբ ՀՀ բջջային կապի բաժանորդների ընդհանուր թիվը եղել է 3 միլիոն 318.9 հազար։ Թող չզարմացնի, որ բաժանորդների թիվը ՀՀ բնակչության թվից մեծ է։ Սա բացատրվում է այն պարզ հանգամանքով, որ նույն մարդը կարող է ունենալ մի քանի տարբեր բջջային հեռախոսահամար՝ նույն օպերատորից, կամ տարբեր օպերատորներից։
Հարկ է նկատել, որ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ բջջային կապի ակտիվ բաժանորդների թիվը ավելացել է 57 600-ով։ Նաև նշենք, որ բաժանորդների գերակշիռ մասը՝ 80%-ը, կանխավճարային բաժանորդներ են։
Հիմա դիտարկենք ըստ ընկերությունների:
Ըստ բաժանորդների թվի՝ անվիճելի առաջատարը Vivacell-ն է։ Մեկ տարվա կտրվածքով՝ ընկերությունը բաժանորդների թիվն ավելացրել է 93 հազարով կամ 4.6%-ով։ Այսպիսով, բաժանորդների թվաքանակի առումով՝ շուկայի 63.3%-ը բաժին է ընկնում Vivacell-ին։
Բաժանորդների թվով երկորդ տեղում Beeline-ն է (699 381 բաժանորդ կամ 21.1%), երրորդում՝ Orange-ը (517 0173 բաժանորդ կամ 4.4%)։
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 15-ից ուժի մեջ է մտել «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունը, ըստ որի 2014թ. Հայաստանում հնարավոր կլինի ներդնել շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը: Այն բոլոր բաժանորդներին հնարավորություն է տալիս փոխել իրենց օպերատորին՝ առանց հեռախոսահամարը փոխելու անհրաժեշտության: Այսինքն՝ երկրորդ եռամյակի տվյալներն ամփոփելիս արդեն հնարավոր կլինի ասել, թե որ ընկերությանն է հաջողվել մեծացնել բաժանորդների թիվը՝ այս նորմածության հաշվին։
Շուկայի պատկերը նույնն է նաև այն դեպքում, երբ դիտարկում ենք ոչ թե բաժանորդների թիվը, այլ ընկերությունների եկամուտները։
Ըստ այդմ, շարժական կապի ծառայություն մատուցող երեք ընկերությունների ընդհանուր հասույթը 2014թ. առաջին եռամսյակում կազմել է 28 միլիարդ 398.6 միլիոն դրամ։
Այդ գումարի 60.4%-ը (17.1 միլիարդ դրամ) բաժին է ընկնում Vivacell-ին, 20.6%-ը՝ Beeline-ին, 19%-ը՝ Orange-ին։
Աղյուսակից երևում է, որ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ Beeline-ի և Vivacell-ի հասույթը նվազել է։ Հասույթի 1.1%-անոց աճ է ունեցել միայն Orange-ը։
Չնայած այս հանգամանքին, Orange-ը շարունակել է աշխատել վնասով։ Այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունն ունեցել է 813.6 միլիոն դրամի վնաս, մինչդեռ Beeline-ում շահույթը կազմել է 1.2 միլիարդ դրամ, Vivacell-ում՝ 4.1 միլիարդ դրամ։
3 ընկերությունների շահութաբերության մասին ավելի ճիշտ պատկերացում կազմելու համար ներկայացնում ենք նաև 2012 և 2013 թվականի տարեկան տվյալները՝ ըստ նրանց կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվությունների։
Ինչպես տեսնում եք Beeline-ը և Vivacell-ը նախորդ երկու տարիները փակել են շահույթով՝ համապատասխանաբար, 5.4 միլիարդ և 16.4 միլիարդ դրամով։ Թեպետ շահույթի չափը երկու ընկերություններում էլ նվազել է, այդուհանդերձ՝ շահութաբերության ցուցանիշը (զուտ շահույթ/ հասույթ) ցածր չէ։ Beeline-ի շահութաբերությունը 2013 թվականի արդյունքներով կազմել է 9%, Vivacell-ինը՝ 20.4%։
*- այստեղ պարտադիր նշենք, որ Beeline-ի ցուցանիշները ներառում են ինչպես շարժական, այնպես էլ ֆիքսված կապից ստացված եկամուտները
Orange-ը, սակայն, տարին փակել է 3.8 միլիարդ դրամի վնասով։ Միակ ուրախալի բանը թերևս այն է, որ 2012 թվականի համեմատ ընկերության վնասը նվազել է։
Իսկ ինչպե՞ս են վարձատրում իրենց աշխատակիցներին այս ընկերությունները։
Ընկերությունների հաշվետվություններում, իհարկե, այդ ցուցանիշը չի նշվում։ Սակայն համադրելով այլ ցուցանիշներ՝ այդ մասին գոնե մոտավոր կարելի է կարծիք կազմել։
Այսպես, ըստ ընկերությունների ներկայացրած տվյալների՝ 2014 թվականի առաջին կիսամյակում Beeline-ը աշխատակիցների վարձատրության վրա ծախսել է 1 միլիարդ 868 միլիոն դրամ (520.3 միլիոն՝ շարժական կապի ոլորտում, 1.347 միլիարդ՝ ֆիքսված կապի ոլորտում)։ Vivacell-ն իր աշխարակտիցների վարձատրության համար ծախսել է շուրջ 2.5 միլիարդ դրամ, Orange-ը՝ 752.1 միլիոն դրամ։
Այդ տվյալները համադրել ենք 2014թ. առաջին կիսամյակի վերջի դրությամբ նրանց աշխատակիցների թվի հետ (ըստ ֆինանսների նախարարության հարկային մարմնի տվյալների)։
Ինչպես տեսնում եք՝ մեր մեթոդաբանությամբ ստացվում է, որ ամենաբարձրը վարձատրում են Orange-ում՝ ամսական միջինը 602.7 հազար դրամ։ Երկրորդ տեղում Vivacell-ն է՝ 443.6 հազար դրամ, երրորդում Beeline-ը՝ 226.3 հազար դրամ։ Թեպետ կրկնում ենք, որ այս հաշվարկները կարող են որոշ չափով տարբերվել իրական ցուցանիշներից։
Այս ամենից հետո ավելորդ չի լինի համեմատել նաև բջջային կապի ոլորտի ընկերությունների կողմից վճարվող հարկերը` առաջին կիսամյակների կտրվածքով։
Բջջային 3 օպերատորները միասին այս տարվա առաջին կիսամյակում վճարել են 21.3 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր։ Դա շուրջ 1.4 միլիարդով կամ 6.9%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին։
Խոշորագույն օպերատորը՝ Vivacell-ը, հարկերը նվազեցրել է 951 միլիոն դրամով կամ 8.5%-ով՝ հասցնելով 10.2 միլիարդ դրամի։ Չնայած այդ նվազմանը՝ Vivacell-ը պահպանում է հանրապետության երկրորդ խոշորագույն հարկատուի իր դիրքերը։
Beeline-ը խոշոր հարկատուների ցանկում առաջադիմել է մեկ հորիզոնականով և այժմ 4-րդն է։ Ընկերությունը այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջեն համալրել է շուրջ 8.6 միլիարդ դրամով, 1 միլիարդ դրամով կամ 14.6%-ով ավելի շատ, քան 2013թ. առաջին եռամսյակում։
Իսկ անվիճելի առաջատարը հարկերի առումով Orange-ն է։ Ընկերությունը կրկնապատկել է հարկերը և հասցրել 2 միլիարդ 458 միլիոնի։ Սակայն չնայած այս տպավորիչ աճին՝ Orange-ը տեղ չի զբաղեցրել խոշոր հարկատուների առաջին տասնակում (18-րդ տեղում է)։
Կարծում ենք՝ ընթերցողին հետաքրքիր կլինի նաև գովազդային ծախսերի վիճակագրությունը։
Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում բջջային 3 օպերատորները միասին գովազդի և մարքետինգի վրա ծախսել են ընդհանուր առմամբ 1 միլիարդ 172 միլիոն դրամ (2 միլիոն 850 հազար դոլար)։
Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ Beeline-ն ու Vivacell-ը գովազդային ծախսերը նվազեցրել են, համապատասխանաբար, 7.9 և 32.6 տոկոսով։ Beeline-ը առաջին 3 ամիսների ընթացքում այս ուղղությամբ ծախսել է 229.6 միլիոն դրամ, Vivacell-ը՝ 458.2 միլիոն դրամ։
Գովազդային ծախսերը 13.2%-ով ավելացրել է միայն Orange-ը՝ հասցնելով 484 միլիոն դրամի։
Տոկոսային առումով, Orange-ի գովազդային ծախսերը կազմում են առաջին եռամսյակի եկամուտների 8.9%-ը (Beeline` 3.9%, Vivacell` 2.6%)։