Արմավիրի քաղաքապետը դուրս է գրվել հիվանդանոցից. News.am
Արցախի Քաշաթաղի շրջանում` Վաղազին գյուղի մոտ հուլիսի 22-ին, ականի պայթյունի հետեւանքով վիրավորված Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն այսօր՝ հուլիսի 30-ին, դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ին ասել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շուշան Հունանյանը:
Նրա փոխանցմամբ՝ Ռուբեն Խլղաթյանը դուրս է գրվել այսօր կեսօրին:
Արմավիրի քաղաքապետը գլխուղեղի սալջարդ, արյունազեղում եւ 5-րդ մատի կոտրվածք ուներ:
Հիշեցնենք, որ դեպքը ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության տեղի է ունեցել հուլիսի 22-ին առավոտյան ժամը 06.30-ին սահմաններում ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում. «Տոյոտա պրադո» մակնիշի 71OM100 պետհամարանիշի ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում, ինչից Արմավիրի քաղաքապետի վարորդ Արման Խլղաթյանը տեղում մահացել է, իսկ ուղևորներ Ռուբեն Խլղաթյանը, Գառնիկ Ալեքսանյանը եւ Արթուր Բաղդասարյանը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, այնուհետեւ ուղղաթիռով տեղափոխվել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am