Հայ-վրացական կինոփառատոնը կմեկնարկի սեպտեմբերից
«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի կինոյի զարգացման հիմնադրամը Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի հետ համատեղ նախաձեռնել է մի նոր միջսահմանային նախագիծ՝ «Cinema Express: Հայաստան-Վրաստան»:
Նախագիծն իրականացվում է «Հենրիխ Բյոլ» հիմնադրամի Հարավկովկասյան գրասենյակի հետ համագործակցությամբ և աջակցություն է ստանում Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունների, ինչպես նաև Վրաստանի հուշարձանների պաշտպանության կազմակերպության կողմից:
«Մենք մի ժամանակ ստեղծեցինք վրացական-հայկական կինո, հետո Նինոյի հետ մտածում էինք, որ պետք է ստեղծել առանձին նախագիծ, առանձին փառատոն, և, վերջիվերջո, ստեղծեցինք նման փառատոն՝ այն ստուդիաների հետ, որոնք նույնպես հետաքրքրված են սրանով և շատ են սիրում կինոն»,- խոսելով նախագծի մասին՝ ասաց «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:
Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի ղեկավար Նինո Անջափարիձեն էլ նշեց, որ թեև այսպիսի միջազգային փառատոներին լավ կինոներ են ցուցադրվում, բայց կա մեծ խնդիր՝ ռեգիոնների բնակչության տարանջատումը մայրաքաղաքից.
«Այդ ռեգիոններում չկա մշակութային կյանք, չնայած նրան, որ Վրաստանի մշակույթի նախարարությունն արել է որոշակի քայլեր, ամեն դեպքում, ռեգիոններում չկան կինոթատրոններ: Այսինքն՝ չեն կարող մարդիկ այնտեղ նայել նոր վրացական, հայկական ֆիլմեր: Բացի այդ, այնտեղ չկան այլընտրանքային վայրեր, որպեսզի նրանք կարողանան հանդիպել և քննարկել քաղաքական, տնտեսական և մշակութային հարցերը:
Դրա համար մեզ մոտ նման միտք հղացավ, որպեսզի այդ տարածքներում մշակութային կյանքն ակտիվացնենք և նրանց նույնպես հնարավորություն տանք, որ մասնակցեն, հանդիպեն արվեստի ներկայացուցիչների հետ, որ առաջին ֆիլմի դիտումից հետո քննարկեն: Ես շատ ուրախ եմ, որ «Հենրիխ Բյոլ» հիմնադրամին դուր է եկել մեր ծրագիրը, և համաձայնել են օգնել մեզ:
Մենք Վրաստանի մշակույթի նախարարություն էլ ենք ներկայացրել այս նախագիծը, և նրանց նույնպես դուր էր եկել այդ միտքը, և ես շատ ուրախ եմ, որ նրանք հաստատել են նախագիծը, և մենք կարող ենք արդեն իրականացնել այն»:
«Հենրիխ Բյոլ» հիմնադրամի Հարավկովկասյան տարածաշրջանի գրասենյակի նախագծի համակարգող Մալխաս Սալդաձեն էլ ասաց, որ մեկ տարի առաջ իրենք «այս շատ հետաքրքիր դիմումը ստացան «Ոսկե Ծիրանի» հիմնադրամի կողմից, որն առաջարկում էր օգտագործել կինոն՝ որպես Հայաստանի և Վրաստանի համայնքների համագործակցության, երկխոսության խթանման միջոց, և անցկացնել այդ երկխոսությունը համայնքների ներսում: Կարծում եմ՝ սա շատ ճիշտ ժամանակին էր, մեզ համար սա կարևոր էր»:
«Ոսկե Ծիրանի» գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը տեղեկացրեց, որ փառատոնը կսկսվի 2014 թվականի սեպտեմբերին, և իրենք արդեն ընտրել են քաղաքները Հայաստանում և Վրաստանում, որտեղ պետք է ցուցադրվեն 6 ֆիլմեր. 3-ը՝ հայկական, 3-ը՝ վրացական. «Ֆիլմերը կընտրվեն և կթարգմանվեն, համապատասխանաբար, վրացերեն և հայերեն, որպեսզի դրանք հասանելի լինեն հանրության համար: Մենք կլինենք Գյումրիում, հետո՝ Լոռիում, որից հետո փառատոնը կգնա Սամցխե-Ջավախեթի, Ախալքալաք և Ախալցխա՝ մինչև նոյեմբեր: Այդ փառատոնին կմասնակցեն ֆիլմերի հեղինակները, կինոքննադատներ, ովքեր ֆիլմերի ցուցադրություններից հետո քննարկումներ կանցկացնեն»:
Բանախոսները նշեցին, որ ֆիլմերը դեռ ընտրված չեն, բայց լինելու են խաղարկային ֆիլմեր: Տարածաշրջանները, որտեղ անցկացվելու են փառատոները, ճիշտ է, չունեն համապատասխան պայմաններ, բայց իրենք իրենց հետ տեխնիկա են տանելու, որի միջոցով անցկացնելու են ֆիլմերի ցուցադրությունները: