Բաժիններ՝

Այս տարի Ռուսաստանից զենքի ու ռազմական տեխնիկայի արտահանման ծավալը կազմել է 5.6 միլիարդ դոլար

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը զենքի մատակարարումների ցուցանիշով երկրորդ տեղն է զբաղեցրել աշխարհում՝ համաձայն Ստոկհոլմում գործող Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIPRI) հաշվարկների:

2008-2012 թվականներին Ռուսաստանին է բաժին ընկել զենքի համաշխարհային արտահանման 26 տոկոսը: SIPRI-ի հրապարակած 2013 թվականի տարեկան զեկույցի համաձայն, տվյալ հարցում առաջատարը նախկինի նման ԱՄՆ-ն է: Նույն զեկույցի համաձայն, միջուկային երկրներ ճանաչված հնգյակից միայն Չինաստանն է ընդլայնել իր միջուկային պոտենցիալը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 7-ին հայտարարեց, որ արտերկրից ռուսական զենքի ու ռազմական տեխնիկայի պատվերների ծավալն աճել է մինչև գրեթե 50 միլիարդ դոլարի: Այս տարվա առաջին կեսին ռուսական զենքի արտահանման ծավալը կազմել է 5.6 միլիարդ դոլար:

2008-2012 թվականներին ռուսական զենքի արտահանման մոտ 65 տոկոսը բաժին է ընկել Ասիային ու Օվկիանիային, ապա գալիս են Աֆրիկան ու Մերձավոր Արևելքը: Ռուսական զենքի խոշորագույն գնորդներն են Հնդկաստանը՝ 35 տոկոս, Չինաստանը՝ 14 տոկոս, Ալժիրը՝ 14 տոկոս, Վիետնամը՝ 6 տոկոս, և Վենեսուելան՝ 5 տոկոս:

SIPRI-ի հաշվարկներով՝ Ռուսաստանն արդեն 10 տարի է, ինչ զենքի արտահանման ցուցանիշով զբաղեցնում է երկրորդ տեղն աշխարհում: 2013 թվականին ռուսական զենքի արտահանման ծավալը կազմել է 15.7 միլիարդ դոլար, որից 13.2 միլիարդ դոլարը բաժին է ընկել «Ռոսօբոռոնէքսպորտին», 2012 թվականին՝ 15.16 միլիարդ դոլար, իսկ 2011 թվականին՝ 13.2 միլիարդ դոլար:

Նախորդ տարի Ռուսաստանը զենք և ռազմական տեխնիկա է վաճառել աշխարի 65 երկրի: Բացի այդ, 89 պետության հետ ստորագրվել են ռազմնատեխնիկական համագործակցության մասին տարբեր համաձայնագրեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս