«Չի բացառվում, որ մի օր պարզվի, որ նրանցից ոմանք ոչ միայն քաղբանտարկյալի, այլև մարդ լինելու կոչումն են արատավորել»
Հարցազրույց նախկին քաղբանտարկյալ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ
– Պարոն Հարությունյան, Դուք պատրաստում եք աշխատություն, որը վերաբերում է խորհրդային Հայաստանում 1953-1988թթ. այլախոհական շարժմանը: Ինչո՞ւ հենց հիմա որոշեցիք գրել դրա մասին. այսօր Հայաստանում ստեղծված վիճակն ինչ-որ կերպ ազդե՞լ է Ձեր որոշման վրա:
– Դա այնքան էլ աշխատություն չէ: Ավելի շուտ, դա փաստաթղթերի, հիշողությունների ու խորհրդային տարիների քաղբանտարկյալների նկատմամբ կայացված դատավճիռների հավաքածու է: Իմ նպատակն է՝ ընդհանուր պատկերացում տալ Խորհրդային Հայաստանում ազգային-հայրենասիրական շարժումների, այլախոհության ձևավորման ու զարգացման, ինչպես նաև այդ տարիներին հրապարակում եղած այլախոհների մասին: Շուտվանից էի մտմտում նման մի գիրք պատրաստել, բայց հանգամանքներն անընդհատ խանգարում էին: Այսօր խանգարող հանգամանքները քչացել են: Մեկ տարուց ավելի է՝ աշխատում եմ: Եթե անակնկալներ չլինեն՝ մոտ ժամանակներս այն հրապարակված կլինի:
– Ինչո՞ւ է համարվում, որ այլախոհությունը Հայաստանում սկիզբ է առել հենց 1953թ., այսինքն՝ Իոսիֆ Ստալինի մահից հետո: Արդյոք մինչ այդ խորհրդային Հայաստանում այլախոհներ չե՞ն եղել, և ինչ-որ կապ ունի՞ Ստալինի մահն այլախոհական շարժման ձևավորման հետ:
– Այս հարցին գրքում փոքրիկ անդրադարձ կա: Այդպես է ոչ միայն Հայաստանում: ԽՍՀՄ-ում այլախոհության պատմությունն ընդունված է սկսել նույնիսկ ոչ թե՝ 1953, այլ՝ 1960-ականների սկզբից: Սա չի նշանակում, թե մինչ այդ խորհրդային երկրում այլախոհություն չի եղել: Բռնատիրական ուղիով ընթացող ցանկացած երկրում այլախոհությունը՝ որպես բռնատիրության պատասխան, ինքնաբերաբար ծնվում ու այդ բռնատիրության ողջ ընթացքում ուղեկցում է նրան, և ԽՍՀՄ-ն այս իմաստով՝ բացառություն լինել չէր կարող: Ստալինյան շրջանում այլախոհները տարրալուծվում էին բռնադատվածների հոծ բանակի մեջ և չէին երևում: Ստալինի մահից հետո խորհրդային երկրում նոր իրավիճակ ստեղծվեց: Երկիրը շարունակում էր մնալ բռնատիրական, շարունակվում էին քաղաքական հալածանքներն ու հետապնդումները, այլակարծությունն ու այլախոհությունը դատապարտվում էին, բայց բռնություններն այլևս համատարած բնույթ չէին կրում: Կալանավայրերն արդեն լցված չէին միլիոնավոր քրեական հանցագործներով ու միլիոնավոր բռնադատվածներով: Դրանք արդեն լցված էին միլիոնավոր քրեական հանցագործներով ու սակավաթիվ այլախոհներով: Էլ չկար բռնադատվածների տարրալուծող հսկայական բանակը: Այս շրջանից սկսած` արդեն ավելի հեշտ ու ավելի հստակ կարելի է խոսել բանտարկված այլախոհության մասին:
Մեկ այլ կարևոր հանգամանք նույնպես կա: 60-ականներին «դիսիդենտ-այլախոհ» տերմինով սկսեցին կոչել բոլոր նրանց, ովքեր հակադրվելով խորհրդային իրականությանը և կարգերին՝ ոչ միայն չէին դիմում բռնության, այլև որպես պայքարի ձև ու միջոց՝ այն մերժում էին: Մինչ այդ հակախորհրդային և հակակոմունիստական ուժերը խորհրդային կարգերի դեմ իրենց պայքարում, ի թիվս պայքարի այլ միջոցների, չէին մերժում նաև բռնությունը, շատ դեպքերում զինված պայքար էին մղում: Սա տեսանելի էր հատկապես հետպատերազմական շրջանի Մերձբալթիկայում, Ուկրաինայի արևմուտքում, արևելաեվրոպական երկրներում: Ահա այս տեսակի ընդդիմադիրներից նոր ընդդիմադիրներին տարանջատելու համար էլ 60-ականներին շրջանառության մեջ է դրվում «դիսիդենտ-այլախոհ» տերմինն ու վերագրվում է այդ շրջանի գործիչներին:
– Ձեր աշխատությունն ավարտվում է 1988 թվականով. կարելի է կարծել, որ այդ թվականից սկսած խորհրդային հատուկ ծառայությունները դադարեցրեցին պայքարն այլախոհների նկատմամբ, և բազմակարծությունը, որի մասին հայտարարում էր խորհրդային իշխանությունը, կյանքի նորմ դարձավ:
– Գիրքը խորհրդային տարիների քաղբանտարկյալների մասին է: Չնայած հայտարարված Գորբաչովյան բարեփոխումներին՝ քաղաքական հալածանքները ԽՍՀՄ-ում շարունակվել են: 1980-ականների երկրորդ կեսին դաժան հալածանքների ու հետապնդումների են ենթարկվել կրիշնայականները՝ իրենց կրոնական համոզմունքների համար: 1988թ. կալանավորվել և երկար ժամանակով ազատազրկված են մնացել «Ղարաբաղ» կոմիտեի անդամները: Ճիշտ է, այս գործով դատավճիռ չի հրապարակվել, բայց այս մարդիկ բանտերում մնացել են՝ որպես քաղբանտարկյալներ, և թվարկված այս և այլ դեպքերին գիրքը նույնպես անդրադառնում է: Ուղղակի 1988թ. հետո քաղաքական գործերով դատավճիռներ չեն կայացվել: Սա է պատճառը, որ 1988-89թթ. դիտարկում ենք՝ որպես ԽՍՀՄ-ի կողմից այլախոհության հետապնդման սահման: Դրանից հետո գալիս է արդեն բոլորովին նոր շրջան՝ նոր հետապնդումներով, բայց այդ շրջանում ԽՍՀՄ-ն այլևս չկար, իսկ գիրքը ԽՍՀՄ տարիների անդրադարձ է:
– Ակտիվորեն շրջանառվում է տեսակետ, որ այլախոհները ոչ թե գաղափարի նվիրյալներ էին, ովքեր պայքարում էին հանուն Հայաստանի անկախության և ինքնիշխանության, այլ տարրական խուլիգաններ: Օրինակ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մասին տարածվում էր, որ նա դատապարտվել է ընդամենը «Ռոսիա» կինոթատրոնի աթոռները պատռելու համար: Ի՞նչ նպատակով էին տարածվում նման տեղեկությունները, և որքանո՞վ էին դրանք համապատասխանում իրականությանը:
– Նման լուրերն իրականության հետ աղերս անգամ չունեն: Դրանց նպատակը մարդկանց արած գործը սևացնելը և նսեմացնելն է: Եկեք չմոռանանք, որ այսօր իշխանության ղեկին մոտ կանգնած մարդկանց մի մեծ մասը նախկին կուսակցական գործիչներ ու КГБ նախկին, որոշ դեպքերում՝ բացահայտված, իսկ շատ դեպքերում՝ դեռևս չբացահայտված գործակալներ են: Իսկ մեր Ազգային անվտանգության ծառայությունն էլ իրեն դեռ շարունակում է պատկերացնել նախկին КГБ-ի ոչ միայն իրավահաջորդ, այլև՝ «լավագույն» ավանդույթների կրող: Ահա այս մարդիկ էլ շարունակում են ծրագրել ու տարածել նման կեղծիքներ: Մարգարյան Անդրանիկի մասին այդ սուտը հնչեց այն ժամանակ, երբ նա վարչապետ նշանակվեց: Առաջին անգամ այդ կեղծիքը տպագրված տեսել եմ 2013թ. աշնանը՝ իմ կողմից շատ սիրված «Հրապարակ» թերթում: Կեղծանվամբ հրապարակված նյութում ասվում էր, իբր մի խումբ մարդիկ պատռել են նստարանները, որոնցից մեկն էլ Անդրանիկ Մարգարյանն էր, և այդ կապակցությամբ դատապարտվել են: Մինչ այս կամ այն ժողովրդական բանահյուսության ոլորտից էր, «Հրապարակում» այն գրավոր արձանագրվեց: Նյութի տպագրումից հետո ես նամակ գրեցի իմ լավ բարեկամ Արմինե Օհանյանին՝ բացատրեցի, որ նյութի հեղինակն անտեղյակ է, սխալվում է, որ ոչ մի հայ այլախոհ երբեք ոչ միայն «Ռոսիա» կինոթատրոնի, այլև այլ նստարան չի պատռել, որ ոչ ոք նման հիմարություն չի արել և նման հիմարության համար ոչ ոք չի դատապարտվել: Վստահ էի, որ Արմինեն թերթի էջերում թեման զարգացնելու ու պարզելու ցանկություն կարտահայտի: Բայց նա իր հեղինակի կողմնակիցն էր ու նրա գրած հորինվածքը կասկածի տակ առնել չէր ցանկանում: Շատ ավելի ուշ նաև իմացա, թե ով էր նյութի հեղինակը, և ինձ համար Արմինեի դիրքորոշումը բացատրություն ստացավ: Գրքում զետեղված դատավճիռներն ընթերցելիս հեշտորեն կարելի է համոզվել, որ ոչ մի հայ այլախոհ երբեք «Ռոսիա» կինոթատրոնի նստարանները պատռելու համար չի դատապարտվել, և, որ դա մեր օրերում հորինված սուտ է, որը տարածելուն մասնակցում են նաև այդ թերթի հեղինակի նման՝ չարություն չունեցող, բայց բանից անտեղյակ մարդիկ: Անդրանիկ Մարգարյանի կենսագրության այս մտացածին հատվածը բանական մարդկանց համար մեկընդմիշտ փակելու համար ասեմ, որ Մարգարյան Անդրանիկը կալանավորվել է 1974թ. նոյեմբերի 14-ին, իսկ «Ռոսիա» կինոթատրոնի բացումը տեղի է ունեցել 1974թ. դեկտեմբերին, և նա ոչ մի կերպ չէր կարող ՊԱԿ-ի մեկուսարանից դուրս գալ և պատռել այդ չարաբաստիկ նստարանները: Անդրանիկ Մարգարյանը եղել է «ԱզգայինՄիացյալ կուսակցության» (ԱՄԿ) ամենաակտիվ անդամներից մեկը և դատապարտվել է ԱՄԿ շրջանակներում ծավալած այլախոհական գործունեության համար: Ասում եմ բանական մարդկանց համար, որովհետև վստահ եմ, որ այս սուտը շատերը նույն համառությամբ դեռ շարունակելու են տարածել:
– Ընդունված է համարել, որ հայ այլախոհները բաժանվում են երկու խմբի. մի մասը պայքարում էր հանուն Խորհրդային Հայաստանի անկախության, իսկ մյուս մասը, այսպես կոչված՝ հայդատականները, պայքարում էին՝ հանուն միացյալ Հայաստանի, որը հնարավոր էր իրականացնել նաև ԽՍՀՄ տարածքում: Որքանո՞վ են հավաստի այն տեղեկությունները, որ եթե առաջին խումբ այլախոհներն իսկապես հետապնդվում էին ԽՍՀՄ իշխանությունների և հատուկ ծառայությունների կողմից, ապա երկրորդ խմբի նկատմամբ իշխանություններն ավելի լոյալ էին:
– Դուք ճիշտ եք: Կային այլախոհներ, ովքեր իրենց հայտարարում էին խորհրդային երկրի ու կոմունիստական գաղափարախոսության գաղափարական հակառակորդներ: Այս ուղղության լավագույն ներկայացուցիչներն «Ազգային միացյալ կուսակցության» անդամներն էին: Կային նաև, պայմանական ասված, ազգային-հայրենասիրական ուղղության գործիչներ, ովքեր երկրում տիրող գաղափարախոսության հետ հստակ հակադրվող հայացքներ չունեին, իսկ շատ դեպքերում ընդհանրապես չէին հակադրվում: Բայց ասել, որ սովետները ոմանց նկատմամբ մեղմ էին, իսկ ոմանց նկատմամբ՝ դաժան, սխալ կլինի: Խորհրդային երկիրն անկանխատեսելի երկիր էր: Շատ դեպքերում յուրայինների նկատմամբ ավելի դաժան էր լինում: Իսկ ընդհանրապես հայաստանյան այլախոհությունը ծնվել է հենց հայդատականությունից: Եղեռնը, կորսված հայրենիքը, Խորհրդային երկրի սահմաններում եղած, բայց Հայաստանին չպատկանող հայկական տարածքների վերադարձի հնարավորությունը և այդ ուղղությամբ տարվող պայքարը՝ սրանք են այն հիմքը, որտեղից սկիզբ է առնում հայկական այլախոհությունը: Արդեն հետո՝ 1960-ականների երկրորդ կեսից է այն նոր դրսևորումներ ստանում: Ի հայտ են գալիս անկախականները, իսկ ավելի ուշ՝ իրավապաշտպանները:
– Անդրադառնալո՞ւ եք այլախոհների և հատուկ ծառայությունների կապի թեմային, որովհետև շատ է գրվել ու խոսվել, որ այլախոհների մի մասը՝ չդիմանալով ճնշումներին, ի վերջո, համաձայնել է համագործակցել բանտի ռեժիմի և հատուկ ծառայությունների հետ:
– Այս հարցին կարող եմ պատասխանել գրքից մի մեջբերմամբ. «Յուրաքանչյուր ոք կարող է իր անձնական կարծիքն ունենալ գրքում ներկայացված մարդկանց ու գործերի վերաբերյալ: Յուրաքանչյուր ոք կարող է այս կամ այն մարդու մասին ունենալ այս կամ այն տեղեկությունը: Բայց այս գիրքը դասական իմաստով պատմության լուսաբանում չէ: Գրքի նպատակը չի եղել խորհրդային տարիների քաղբանտարկյալներին գնահատելը, նրանց որակումներ տալը, նրանց լավ կամ վատ լինելու մասին դատողություններ անելը: Բոլորովին չի բացառվում, որ նրանցից ոմանք հենց այլախոհական շարժման գործում տխուր դերակատարում ունեցած լինեն: Չի բացառվում, որ մի օր պարզվի, որ նրանցից ոմանք ոչ միայն քաղբանտարկյալի, այլև մարդ լինելու կոչումն են արատավորել: Այս հանգամանքները հետաքրքիր ու կարևոր են, բայց դուրս են այս գրքի շրջանակներից: Յուրաքանչյուր ոք` ով եղել է քաղբանտարկյալի կարգավիճակում, անկախ այն բանից, թե ինչ դերակատարում է ունեցել, ինչպիսի բանտարկյալ է եղել, ինչպես է իրեն դրսևորել կալանավայրում կամ ազատ արձակվելուց հետո, ինչ հարաբերությունների մեջ է եղել հատուկ ծառայությունների հետ, ինչպես է իրեն դրսևորում այսօր, եթե կա հրապարակում, կամ ինչպես են նրան վերաբերվում օտարներն ու յուրայինները՝ ներկայացված է այս գրքում: Իհարկե, ուշադիր ընթերցողը` համադրելով գրքում զետեղվածը, շատ բան կկարողանա կռահել: Բայց կռահելու գործն էլ ամբողջությամբ թողել ենք ուշադիր ընթերցողին ու որևէ կերպ նրան ուղղություն ցույց տալու փորձ չենք արել»:
– Կա գնահատական, որ այլախոհությունը կտրված էր հասարակությունից, և հասարակությունը նույնիսկ տեղյակ չէր նման մարդկանց, նրանց պայքարի մասին: Ի վերջո, ի՞նչ ազդեցություն ունեցավ այլախոհական շարժումը Հայաստանի տվյալ պատմական ժամանակահատված վրա:
– Այնքան էլ այդպես չէ: Մարդիկ գիտեին այլախոհների մասին: Այլ հարց է, որ խորհրդային իրականությունն այնպիսին էր, որ մարդիկ խուսափում էին առնչվել այս մարդկանց, գործ ունենալ նրանց հետ, թեկուզ՝ խոսել նրանց մասին: Այլախոհությունը մի կարևոր հատված է մեր նորագույն պատմության մեջ: Խորհրդային կայսրության մեջ մտնող բոլոր ժողովուրդները չէ, որ այլախոհներ են ունեցել: Հայերն այս իմաստով առաջամարտիկներից են եղել, և վատ չէր լինի, եթե մենք կարողանայինք դա գնահատել:
Հայ այլախոհները նաև լուրջ ազդեցություն են ունեցել մեր երկրի հետագա զարգացման վրա: Բավական է միայն հիշել 1990-ական թվականները: Այդ տարիներին գործող և լուրջ դերակատարում ունեցող կուսակցություններից երեքը՝ ԱԻՄ, ՀՀԿ, ՔԴՄ, հիմնադրվել են այլախոհների կողմից: Այլախոհները եղել են Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի պատգամավորներ: Լուրջ դերակատարում են ունեցել Հայաստանի ու Արցախի սահմանների պաշտպանության գործում: Կարելի է հիշել «Անկախության բանակի» գործունեությունը, ԱԻՄ-ի ջոկատներին, Լաչինում, «Էրեբունի» օդանավակայանում Արցախ օդային կապի կազմակերպումը, որ սկզբնական շրջանում ղեկավարում էր Շիրակ Գյունաշյանը, և այլն: Այդ հիմա է, որ ամեն ինչ խառնվել ու 90-ականներին ոչ մի տեղ չերևացող նոր հերոսներ են ի հայտ գալիս:
– Այլախոհները մարդիկ էին, ովքեր խորհրդային ամենադաժան ռեպրեսիաների պայմաններում պայքարում էին հանուն Հայաստանի անկախության: Ինչո՞ւ ստացվեց այնպես, որ երբ անկախության համար պայքարելու ավելի բարենպաստ պայմաններ էին ստեղծվել, այլախոհները մղվեցին հետին պլան, ի տարբերություն սոցիալիստական ճամբարի այլ երկրների, որտեղ հենց այլախոհները ղեկավարեցին անկախության համար պայքարը:
– Սա բնական զարգացում է: 1988թ. հետո երկրում նոր իրավիճակ ստեղծվեց, և պետք է ի հայտ գային ու ի հայտ եկան նոր՝ ժամանակի ոգուն ավելի հարազատ մարդիկ: Կրկնեմ, որ 1988-90-ականներին այլախոհները դեռ հետին պլան մղված չէին: Ավելի ուշ՝ 90-ականների կեսերից հետո դա տեղի ունեցավ: Սա պետք չէ ցավագին ընդունել: Նոր ժամանակը նոր մարդ ու նոր մտածողություն էր պահանջում: Նույնը, չնչին բացառություններով, կրկնվել է խորհրդային և արևելաեվրոպական այլ երկրներում: Օրինակ՝ 90-ականների սկզբին Էստոնիայի կառավարությունում այլախոհներ կային: Անգամ երկրի ներքին գործերի նախարարն էր հայտնի կին այլախոհ: Բայց փոխվեցին ժամանակները, և նրանք ետ մղվեցին: Շատ տեղերում իշխանության եկան նախկին ճարպիկ կոմսոմոլները՝ արդեն նոր կարգախոսներով: Այս ճարպիկները չգալ չէին կարող: Նույնը կատարվեց նաև Լեհաստանում ու Չեխիայում: Այնտեղ այլախոհները նախագահներ դարձան, բայց այսօր իշխանության մեջ այլախոհներ էլ չեք գտնի, իսկ նախկին կուսակցական ու կոմսոմոլական գործիչներ՝ ինչքան ասես:
– Այս օրերին ընթանում է Շանթ Հարությունյանի և նրա համախոհների դատավարությունը: Հարությունյանը հետապնդվել և դատապարտվել է ԽՍՀՄ տարիներին և հետապնդվում է նաև Հայաստանի Հանրապետությունում: Նա հայտարարում է, որ իրեն շարունակում է հետապնդել սովետական կամ ռուսական ԿԳԲ-ն: Ի՞նչ կասեք նախկինում և ներկայումս Շանթին ներկայացված մեղադրանքների նմանության մասին: Ի՞նչ կասեք ԽՍՀՄ-ի և ՀՀ քաղաքական համակարգի, իրավապահ և պատժիչ համակարգերի նմանության մասին:
– Ցավոք, Անկախ Հայաստանը չկարողացավ դառնալ երկիր, որտեղ քաղբանտարկյալներ չկան: Մեր այս կարճատև պատմության ընթացքում միշտ էլ քաղբանտարկյալներ ունեցել ենք: Շանթը և նրա ընկերները նույնպես քաղբանտարկյալներ են: Տարբերություն չկա, թե ո՞ր երկրում է քաղբանտարկյալը՝ Անկախ Հայաստանո՞ւմ, թե՞ ԽՍՀՄ-ում: Քաղբանտարկյալին բանտարկելու, նրա վրա գործ սարքելու և՛ դրդապատճառները, և՛ մեթոդները նույնն են մնում: Այս առումով Շանթի հայտարարությունները տեղին են ու արդարացված: