Բաժիններ՝

Արմեն Պողոսյան. «Ես՝ որպես ուղևոր, նստելուց առաջ պետք է համոզված լինեմ, որ տաքսին օրինական է»

«Տաքսու սպասարկման գործը մեր երկրում, ցավոք սրտի, մնում է չկարգավորված՝ մեզ համար անհասկանալի և անընդունելի պատճառներով»,- այս տեսակետը հայտնեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը, ով այսօր եկել էր մասնակցելու տաքսու վարորդների և տաքսու սերվիսների տնօրենների կազմակերպած բողոքի ակցիային: Նշենք, որ վերջիններս ՀՀ Տրանսպորտի նախարարությունից պահանջում են, որպեսզի իրենց ոլորտը կարգավորվի օրենքով:

Արմեն Պողոսյանն ասաց, որ ոլորտի պատասխանատուների մոտ գոյություն ունի մի մոտեցում՝ «բաց թողնենք՝ իրենք իրենցով կկարգավորվեն». «Ինքն իրեն ոչինչ չի լինում: Ինքն իրեն միայն ջուրն է հոսում, իսկ քաղաքակիրթ հասարակության մեջ այդպես չի լինում՝ կարգավորման դերը միշտ պետք է լինի»:

Ըստ Սպառողների միության նախագահի՝ եթե քաղաքացուն պետք է սպասարկեն օրինական տաքսիները. «Ես՝ որպես ուղևոր, նստելուց առաջ պետք է համոզված լինեմ, որ տաքսին օրինական է: Այս հարցը չի լուծվում: Կան մեքենաներ, որոնք ունեն դեղին համարանիշ, կան մեքենաներ՝ չունեն: Իսկ այդ համակարգի ոչ կարգավորված լինելու հետևանքներից մեկն էլ այն է, որ հաշվիչներն ինչպես ուզում են՝ կարգավորում են, երբեմն էլ ընդհանրապես հաշվիչ չունեն»:

Տաքսի սերվիսներից մեկի տնօրենն ասաց, որ տաքսիներն ապահովագրվում են եռամսյակը մեկ անգամ. «Այսինքն` ամեն մի մեքենայի համար ես ամբողջ տարվա ընթացքում վճարում եմ 100 հազար դրամ՝ ԱՊՊԱ ընկերությանը, որից հետո, եթե մի մեքենա վթարի է ենթարկվում, կատարվում է 150 հազար դրամի փոխհատուցում, օրենքը տարածվում է սեփականատիրոջ բոլոր մեքենաների վրա: Այս ի՞նչ օրենք է»:

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ ըստ պայմանավորվածության՝ իրենց հետ հանդիպելու պետք է գար ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, որն այդպես էլ չեկավ ակցիային: Սակայն նրա փոխարեն ներկայացավ նախարարության Տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը:

Նա նշեց, որ երեք հասարակական կազմակերպություններ իրենց էին դիմել խնդրանքով, որ մինչև կոնկրետ օրենքի ուժի մեջ մտնելը կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարվեն՝ հանելով բուժզննման ու տեխզննման պահանջները. «Մենք պատասխանել ենք, որ մեծ, լուրջ փոփոխություններ են կատարվել, որոնք բխում են օրենքից: Եվ այդ ամբողջ օրենքի նախագծերն Ազգային ժողովում էին, անցել էին երկրորդ ընթերցմամբ: Հիմա ոչ նպատակահարմար ենք գտնում կառավարության որոշումներում փոփոխություններ կատարելը, քանի որ մեզ լուրջ փոփոխություններ են սպասվում: Նոր օրենքով ամենօրյա բուժզննումն ու տեխզննումը հանվելու են: Բուժզննումն այսօր փաստացի չի իրականացվում: Դա ստուգվում է հետևյալ կերպ՝ տվյալ պահին վարորդը ջերմություն ունի՞, թե՞ չունի, ճնշում ունի՞, թե՞ ոչ: Այսուհետ բոլորը կլինեն սպիտակ համարանիշերով: Սահմանվում է, որ լիցենզիայի տուրքի հաջորդ վճարման ժամանակ այդ դեղին համարանիշի պահանջը չի լինելու: Բոլորը վճարելու են մեկ պատուհանի սկզբունքով»:

 

Անի Քեշիշյան
Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս