Իսկ դու կարո՞ղ ես լինել ՕԵԿ-ական

Պարզվում է (հերթական անգամ), «Օրինաց Երկիր» կուսակցությունը՝ Արթուր Բաղդասարյանի ղեկավարությամբ, շատ «արժեքավոր» մարտավարական ունակություններ ունի և կարողանում է բավականին արագ մոռանալ հինն ու ձեռնամուխ լինել պայծառ ապագայի կերտմանը:

«1997թ. հիմնադրելով «Օրինաց Երկիր» կուսակցությունը` Արթուր Բաղդասարյանը և նրա շուրջ համախմբված գաղափարական և քաղաքական համախոհները նպատակ ունեին Հայաստանում վերականգնել նախնյաց ավանդույթները»,- գրված է ՕԵԿ պաշտոնական կայքում: «Նախնյաց ավանդույթների վերականգնումը» ՕԵԿ-ականները շատ տարբեր կերպ են ընկալում՝ պարբերաբար, ըստ նպատակահարմարության, թռիչքներ կատարելով իշխանությունից դեպի ընդդիմություն, կամ եվրոպամետությունից դեպի ռուսամետ քաղաքականություն:

Հավանաբար, այդ «նախնյաց ավանդույթների վերականգնման» գաղափարախոսության շրջանակում էր, որ 2001թ. վերջին՝ նախագահական ընտրություններից առաջ, այդ պահին ռուսամետ դիրքերից հանդես եկող ՕԵԿ-ն ԱԺ ներկայացրեց «Ռուսաց լեզուն երկրորդ պետական լեզու ճանաչելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Այդ ժամանակ ՀՀ-ն արդեն ԵԽ անդամ էր և արտաքին քաղաքական կողմնորոշումն ուրվագծվում էր դեպի Եվրոպա: Օրինագիծը մերժվեց: Շատ ժամանակ չանցած Արթուր Բաղդասարյանն արդեն «մարտնչում» էր հանուն եվրոպական ինտեգրացիայի:

Այսօր իրողությունները փոխվել են: ՕԵԿ-ը կրկին ռուսամետ է: Արթուր Բաղդասարյանը գլխավորում է ՀԱՊԿ ակադեմիան, միջնորդում է, որպեսզի ՌԴ-ում միգրացիոն օրենսդրության խստացումը չտարածվի ՀՀ քաղաքացիների վրագ
Լեզվի խնդիրը վերջերս կրկին օրակարգային դարձավ Ռուսաստանի նախագահի խոսափող համարվող, «Россия сегодня» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի` ՀՀ Ազգային ժողովում հայտարարություններից հետո, որ եթե Հայաստանում ռուսաց լեզվին ավելի մեծ տեղ չտրվի, դա կազդի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության վրա, և Հայաստանի անվտանգությունը կտուժի: Հաջորդ օրերին Կիսելյովի հայտարարությունները հայ հանրության ու ԱԺ ոչ իշխանական և նույնիսկ իշխանական ուժերի բուռն քննարկումների թեման դարձան: Իսկ ի՞նչ էր մտածում ՕԵԿ-ը, որ, կարծես, խուսափում էր գնահատականներ հնչեցնելուց:

Կարդացեք նաև

2000-ականի սկզբին ՕԵԿ-ի՝ ռուսերենը ՀՀ-ում երկրորդ պետական լեզու դարձնելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության մասին «168 Ժամը» հիշեցրեց ԱԺ ՕԵԿ խմբակցության երկարակյաց պատգամավոր Մհեր Շահգելդյանին: «Ռուսերենը՝ երկրորդ պետական լեզո՞ւ: Մենք երկրորդ պետական լեզվի նախաձեռնություն չենք արել»,- զարմացավ ու հայտարարեց Շահգելդյանը:

«Մենք ասել ենք, որ մեր երեխաները փոքր տարիքից, ես, ըստ էության, հիշում եմ, որ պետք է իմանան կոմպյուտեր և մի քանի օտար լեզուներ, որը նրանց անհրաժեշտ է լինելու հետագայում իրենց կրթության համար, որովհետև գրականության հսկայական մեծամասնությունը և լեզվի ու կոմպյուտերային տեխնոլոգիաների օգտագործումը մեզ համար հրատապ է: Մենք միշտ ասել ենք դա, որ մի քանի օտար լեզուներ իմանան»,- հավելեց նա՝ հավաստելով, թե հիմա էլ գտնում է, որ ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնելու անհրաժեշտություն չկա:

Մ. Շահգելդյանը միանշանակ հերքեց, որ ՕԵԿ-ը երբևէ հանդես է եկել ռուսերենը որպես երկրորդ օտար լեզու ընդունելու նախաձեռնությամբ. «Նման նախաձեռնություն չի եղել: Պարզ ասում եմ՝ եղել է, որ երեխաները դպրոցներում սովորեն մի քանի օտար լեզու»:
Մեր հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում Կիսելյովի հայտարարությունները, Մ. Շահգելդյանը պատասխանեց. «Կիսելյովը լրագրող է, հա, հայտնի լրագրող է բավականաչափ, բայց ինքը միայն լրագրող է: Պետք է հասկանալ` այդ ի՞նչ հայ-ռուսական ակումբ է, ի՞նչ հանգամանքներում է նման զրույց եղել: Պետք էր անմիջականորեն արձագանքեին տեղում այդ ամեն ինչին: Եթե ես այնտեղ լինեի, կարձագանքեի, որ ՀՀ-ում պետական և պաշտոնական լեզուն հայերենն է: Հայերենը շարունակում է մնալ: Երկրորդ պետական լեզու առաջարկում են այն դեպքում, երբ կա այդ լեզվով խոսող մեծ համայնք, ազգաբնակչություն: Օրինակ, Սովետական Միության տարիներին Հայաստանում նույնպես պաշտոնական լեզուն եղել է հայերենը` ի տարբերություն բազմաթիվ այլ խորհրդային հանրապետությունների»:

Թե ինչո՞ւ է կարկառուն ՕԵԿ-ականը կորցրել իր հիշողությունը, թող դատի ընթերցողը: Մենք միայն ևս մեկ արտահայտություն մեջբերենք ՕԵԿ պաշտոնական կայքից. «Այսօր էլ տասնհինգամյա «Օրինաց Երկիր» կուսակցությունն իր առաջնորդի` Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, հաստատակամ է իր սկզբունքների և նպատակների իրականացման համար»:
Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս