Բաժիններ՝

Ակտիվիստ. Եթե մեր խաղաղ ակցիաները չբերեն իրենց բաղձալի նպատակին, մենք պատրաստ ենք նաև ռադիկալ քայլերի (տեսանյութ)

«Ամեն օրվա համար ունենք մշակութային ծրագիր, լինում են կինոդիտումներ, համերգներ ենք կազմակերպում, այսինքն՝ անում ենք այնպես, որ այս բակը ապրի կրկին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աֆրիկյանների ակումբի շենքի պահպանման ակտիվիստ Հելենա Գրիգորյանը:

Նշենք, որ ամեն օր՝ ժամը 18:00-ից Աֆրիկյանների ակուբի շենքի մոտ հավաքվում են շենքի պահպանման ակտիվիստներն ու տարբեր միջոցառումներ իրականացնում:

Հ. Գրիգորյանը մեզ հետ զրույցում հիշեցրեց, որ Աֆրիկյանների ակումբը մոտ 130 տարվա պատմություն ունի ու այստեղ մարդիկ են ապրել: Ի սկզբանե շենքը մարդկանց համար ծառայել է որպես ակումբ, որտեղ եկել են Համո Բեկնազարյանը, Չարենցը և այլք. «Իսկ Սովետական տարիներին ակումբը շահագործվել է որպես բազմաբնակարան շենք: Հիմա մեր նպատակն է, որ մարդիկ հասկանան, գնահատեն, որ տարածքը նորից ապրվի: Մենք բակին տալիս ենք իր կոլորիտը, իրեն վերստին ապրեցնում ենք: Բացի սրանից՝ ուրիշ ակցիաներ էլ ենք կազմակերպովում, ու եթե մեր խաղաղ ակցիաները չբերեն իրենց բաղձալի նպատակին, այսինքն, որ շենքը կանգուն մնա, մենք պատրաստ ենք նաև ռադիկալ քայլերի»,- նշեց Հ. Գրիգորյանը:

Մեկ այլ ակտիվիստ էլ, խոսելով իրենց հավաքների մասին, ասաց, որ ամեն ինչ սկսվեց մեկ տարի առաջ, երբ սկսվեցին ակտիվ պրոցեսները՝ Աֆրիկյանների շենքը տեղափոխելու համար. «Մի քանի օր առաջ էլ արդեն ցանկապատեցին, որ ապամոնտաժեն: Իմ կարծքով` մեզ կմիանան այն մարդիկ, ովքեր իրենց կհամարեն այս երկրի, այս մշակույթի տերը: Այսինքն՝ եթե մի երկրում վերացնում են մշակույթը, նշանակում է՝ վերացնում են երկիրը: Աֆրիկյանների տունը մշակութային օբյեկտ հանդիսացող վայր է, որը ոչ պակաս պետական նշանակության է, ինչքան Օպերան»:

Կարդացեք նաև

Նշենք նաև, որ Աֆրիկյանների շենքի հավաքին եկել էին նաև «Դ!եմ եմ» թիմի որոշ ակտիվիստներ: «Դ!եմ եմ»-ի անդամ Սերգեյ Ղահրամանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք Երևանի քաղաքացիներ են ու հարգում են բոլոր պատմամշակութային շինություննրը ու պետք է պահպանեն դրանք. «Մենք այստեղ ենք եկել որպես Երևանի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, մենք չենք ուզում, որ այս պատմամշակութային 130 տարվա շինությունը քանդվի: Եթե կարող ենք ինչ-որ մի բանով օգնել, եկել ենք, որ օգնենք կամ թեկուզ ոգեկոչենք: Ու ընդհանրապես պետք չէ տարանջատել «Դեմ եմ»-ի, կամ Աֆրիկյանների տան ակտիվիստների: Ով ինչպես կարողանում է՝ փորձում է սատար կանգնել մեկը մյուսին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս