Հայաստանի ներքին վիճակը, արտաքին մարտահրավերները ստվերում են ֆուտբոլային տոնի վայելքը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Բրազիլիա-Խորվաթիա խաղով երեկ Բրազիլիայում մեկնարկեց ֆուտբոլային տոնը՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

Չորս տարին մեկ անցկացվող այդ մրցաշարին աշխարհի միլիարդավոր երկրպագուներ սպասում են անհամբերությամբ, և մեկ ամիս շարունակ նրանց համար աշխարհը պտտվում է ֆուտբոլի շուրջ:

Բնականաբար, բացառություն չեն նաև հայաստանցի երկրպագուները, որոնցից յուրաքանչյուրը, բնականաբար, ունի իր նախընտրած հավաքականը և առաջիկա օրերին անպայման ցավելու է նրա համար, սպասելու և նույնիսկ երազելու է նրա հաղթանակի մասին: Իհարկե, ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնությունը, որը հոբելյանական 20-րդն է, անցկացվում է բավական անհանգիստ աշխարհում:

Երևի դժվար է հիշել, որ իրենց հեղինակությամբ և մասսայականությամբ անգամ օլիմպիական խաղերին չզիջող այս մրցաշարերի ընթացքում աշխարհում երբևէ ավելի անհանգիստ լիներ, քան այս անգամ:

Հենց Բրազիլիայում հասարակության մի հսկայական մասը դժգոհ է առաջնության անցկացման փաստից և համարում է, որ այդ գումարները պետք էր ուղղել սոցիալական ծրագրերին, ոչ թե մարզադաշտեր կառուցելուն: Անհանգիստ է աշխարհում ընդհանրապես, ռազմական գործողություններ տարբեր երկրներում, թեժ կետեր, Արևմուտք-Ռուսաստան մեծ դիմակայություն և «սառը պատերազմական» մթնոլորտ:

Անհանգիստ է նաև Հայաստանի սահմաններում, որտեղից ստացվում են տագնապալի միջադեպերի մասին տեղեկություններ:

Միևնույն ժամանակ, Հայաստանի ներքին անմխիթար վիճակը, արտաքին մարտահրավերները՝ հատկապես կապված ինքնիշխանության կորստի մեծ և առարկայական վտանգի հետ, որ սպառնում է մեզ մեր դաշնակից համարվող պետությունից՝ Ռուսաստանից, Հայաստանում իսկապես հարաբերական են դարձնում ցանկացած տոնական տրամադրություն և իսկապես զգալիորեն ստվերում են ֆուտբոլային տոնի վայելքը:

Սակայն, այս ամենով հանդերձ, տոնը մեկնարկել է և աշխարհի ամենամասսայական և մոգական խաղը կարող է և հանկարծ իր էներգետիկայով դրական ազդեցություն ունենալ երկրագնդի պտույտների նման, և մնա միայն տրիբունաների թեժությունը:

Հասկանում ենք, որ դա հեքիաթ է, սակայն երբեմն դրան հավատալը հնարավորություն է տալիս այլ աչքով նայել իրականությանն ու տեսնել լուծումներ, որոնք մինչ այդ չէին երևում: Եվ ուրեմն` բարի երթ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը՝ յուրաքանչյուր քառամյակը մեկ մեզ ուղեկցող և սպասված ֆուտբոլային տոնին»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս