ԱՄՆ-ն Իրաքին կհատկացնի հավելյալ մեկ միլիարդ դոլարի ռազմական օգնություն
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն Իրաքին հատկացնելու է հավելյալ 1 միլիարդ դոլարի ռազմական օգնություն: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին.
«Մենք Կոնգրեսի դիտարկմանն ենք ներկայացրել հավելյալ մեկ միլիարդ դոլարի ռազմական օգնության ցուցաբերման հարցը՝ ներառյալ 200 հատ Humvee ամենագնացները: Առաջարկը պետք է դիտարկել 30 օրում»: Փսակին հայտարարել է, որ Իրաքում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն:
ԱՄՆ-ը մտադիր է իրաքյան բանակին հատկացնել նաև «օդ-երկիր» դասի 300 հատ Hellfire, փոքր տրամաչափի զենքի համար նախատեսված մեկ միլիոն փամփուշտ, հազարավոր տանկային լիցք ու ուղղաթիռների զինամթերք, հրթիռներ, գնդացիրներ, նռնակներ, ազդանշանային հրթիռներ, M-16 հրացաններ: