Ալիևի նամակը ճակատագրական հետևանք չի ունենա Հայաստանի անդամակցության հարցում. Արմեն Աշոտյան

«Ալիևի նամակը չի ունենա ճակատագրական հետևանք Հայաստանի անդամակցության հարցում և, վստահ եմ, որ Հայաստանի իշխանություններն ի հաշվիվ ԼՂՀ-ի չեն կայացրել ևու չեն կայացնելու որևէ որոշում, որը հարցականի տակ կարող է դնել ԼՂՀ հետ մեր ունեցած միասնական տնտեսական տարածքը, միասնական ռազմական տարածքը և միասնական կրթական տարածքը»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով երեկ Աստանայում տեղի ունեցած իրադարձությունները:

Աշոտյանը շեշտեց, որ ՀՀ իշխանությունները երբեք ի հաշիվ Հայաստանի ազգային և պետական շահերի որևէ արտաքին քաղաքական ձեռնարկում կամ որոշում չեն կայացրել և չեն կայացնի: Ըստ նրա՝ Հայաստանն ընտրել է Եվրասիական ինտեգրման ճանապարհը՝ ելնելով իր ազգային և պետական շահից, ակնհայտ է, որ դա գիտակցում է նաև Ադրբեջանը և փորձում է խոչընդոտել մեր անդամությանը: Աշոտյանի կարծիքով՝ Ալիևի նամակը նախ և առաջ պատասխան է եվրասիական ինտեգրման հարցում սկեպտիկորեն տրամադրված բոլոր հայ գործիչներին, քանի որ Ադրբեջանի իշխանությունները շատ լավ են հաշվել, թե ինչ դրական զարգացումներ կարող են լինել Հայաստանի համար Եվրասիական միության անդամ դառնալու դեպքում:

Աշոտյանը վստահություն հայտենց, որ Եվրասիական միությանը ՀՀ-ի միանալու հարցը կլուծվի այն ժամկետում, որի մասին երեկ հայտարարվեց:

Հարցին, թե ինչո՞ւ Ղազախստանի նախագահն իրեն անհարգալից դրսևորեց Սերժ Սարգսյանի հանդեպ և ընթերցեց Ալիևի՝ ՄՄ անդամակցությանը չհավակնողի կողմից նամակը, Աշոտյանն չհամաձայնեց, որ այդտեղ անհարգալից որևէ բան կար. «Նախագահները կարող են իրար նամակ գրել: Ակնհայտ է, որ Ղազախստանը որոշակի շահեր ունի Ադրբեջանից, ակնհայտ է, որ որոշակի ընկերական ու գուցե մարդկային պարտավորություններ ունեն այդ նախագահներն իրար հանդեպ: Բայց այդ պարտավորությունների շրջանակը, վստահ եմ, չի ազդելու աշխարհաքաղաքական որոշումներրի վրա, որովհետև Հայաստանը Եվրասիական միությանը պետք է ոչ պակաս, քան Եվրասիական միությունը մեզ: Հայաստանը փաստացի միակ հարավկովկասյան երկիրն է, որն անդամության գործընթաց է սկսել: Հետևաբար, առանց Հայաստանի Եվրասիական միության սահմանները կանցնեն Հյուսիսային Կովկասով, իսկ Հայաստանով կբացվեն քաղաքական և տնտեսական ազդեցության նոր դաշտեր՝ Մերձավոր Արևելք, Առաջավոր Ասիա և այն»:

«Ձեզ համար նորորթյո՞ւն է, որ Հայաստանը ՄԱԿ-ի անդամ է իր միջազգային ճանաչված սահմաններով, նորությո՞ւն է, որ Լեռնային Ղարաբաղը ՀՀ մաս չէ, նորությո՞ւն է, որ Լեռնային Ղարաբաղն առանձին պետություն է իր սահմաններով, ի՞նչն է Ձեզ համար այստեղ նորություն: Ինչ-որ մեկը մտածում էր, որ ԼՂՀ-ն Հայաստանի մա՞ս է: Եթե այդպես մտածել եք, ինչպե՞ս կարելի է նման բան գրել առհասարակ և հող տալ ադրբեջանական քարոզիչներին»,- ասաց Աշոտյանը՝ իր դժգոհությունը հայտնելով, որ հայկական մամուլը պարարտ հող է տալիս ադրբեջանական գործիչներին:

Տեսանյութեր

Լրահոս