Բաժիններ՝

Մանրամասներ՝ «Մոսկվիչկայում» տեղի ունեցած միջադեպի մասին

Այսօր ժամը 14:30-ի սահմաններում «armlur.am»-ի լրագրողները «Մոսկվիչկա» սուպերմարկետից գնել են սննդամթերք՝ կոնկրետ բրնձով փլավ, որիմեջ եղել է ապակու կտոր: Կտրոնը, փլավի տարան և ապակին վերցրած մեր աշխատակիցները ժամը 16:00-ի սահմաններում գնացել են սուպերմարկետ պարզելու, թե ինչու են վաճառում սննդամթերք, որտեղ առկա են մարդու առողջության համար վտանգավոր «բաղադրիչներ»: Բնականաբար, վաճառողների, տնօրենի և մյուս աշխատակիցների հետ ողջ զրույցը լրագրողները ձայնագրել են՝ հետագայում ապացուցողական բազա ունենալու համար:

Տնօրինությունը ընդունել է, որ հնարավոր է նման բան եղած լինի, ինչի համար ներողություն է խնդրել: Ու երբ լրագրողները ցանկացել են դուրս գալ սուպերմարկետից, անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել՝ ասելով, թե իրավունք չունեք նկարահանում կատարել սուպերմարկետի տարածքում, «ջնջեք, նոր դուրս եկեք, եթե ոչ չշարժվեք, սպասեք»: Այդ ընթացքում կրկին «armlur.am»-ի լրագրողներին է մոտեցել սուպերմարկետի տնօրենը եւ նեղսրտել, թե ինչու եք ձայնագրել, «դա իմ իրավունքների ոտնահարում է:

Մինչեւ չջնջեք, այստեղից դուրս չեք գալու: Ես հենց հիմա կկանչեմ իմ իրավաբանին»: «armlur.am»-ի լրագրողները հրաժարվել են ջնջել ձայնագրությունները եւ սպասել են՝ մինչեւ իրավաբանը գա:

Նրանց ուղեկցել են նկուղային հարկում գտնվող տնօրենի աշխատասենյակ, որտեղ սկսել են ելումուտ անել բազմաթիվ տղաներ՝ արտաքնապես թիկնապահի նմանությամբ: Այդ ընթացքում մեր աշխատակիցները 2 անգամ զանգահարեցին խմբագրություն և հայտնեցին, որ իրենց արգելում են դուրս գալ սուպերմարկետի տարածքից՝ պարտադրելով ջնջել ձայնագրությունը: 25 րոպե անց «armlur.am»-ը ստիպված եղավ երկրորդ նկարահանման խմբին ուղարկել սուպերմարկետ՝ լրագրողներին նկուղից դուրս բերելու համար:

Լրագրողները բարեհաջող վերադարձան խմբագրություն. նրանց նկատմամբ բռնություն չէր գործադրվել: Շատ չանցած «Մոսկվիչկայի» տնօրինությունը եկավ «armlur.am»-ի խմբագրություն, պարզաբանվեց կատարվածը, բացատրեցին, որ միտում չեն ունեցել լրագրողների աշխատանքը խոչընդոտելու: Ավելին՝ ամենաբարձր մակարդակով սուպերմարկետի տնօրինությունը ներողություն խնդրեց թիկնապահների և աշխատակիցների ոչ կոռեկտ պահվածքի համար:

«armlur.am»-ի և «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը որոշեց քրիստոնեաբար ներել նրանց՝ միաժամանակ հայտնելով, որ լրագրողների նկատմամբ ոչ կոռեկտ վերաբերմունքը մշտապես դատապարտելի է: Ի դեպ, մեր լրագրողները այդպես էլ չեն ջնջել ձայնագրությունը:

«armlur.am»-ի և «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս