Բաժիններ՝

Մարզահամերգային համալիրը կդառնա աղանդավորների ակո՞ւմբ

«Երբեմն հուշարձան կորցնելուն մատների արանքով են նայում մեր վարչական ամբիոններում կանգնած մարդիկ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը` խոսելով Մարզահամերգային համալիրի վաճառքի մասին:

Շարունակելով` Մ.Մինասյանն ասաց, որ այդ մարդանց թվում է, որ մի հուշարձան է` կիսաքանդ կլինի, կամ կկորցնենք, դրանից ոչ մի բան չի փոխվում: Մենք շատ ունենք. «Բայց ես ձեզ հավատացնում եմ, եթե մենք մի օղակը կորցնում ենք այդտեղից, մենք շատ-շատ բաներից ենք զրկվում: Ստացվում է, որ մենք այդ ընթացքում ընդհանրապես չենք կառուցել: Հուշարձան կորցնելը կամ հուշարձան պահելը հավասար է կռվի գնալուն: Ղարաբաղյան շարժման ժամանակ մեր կոմիտեն, մեր վարչությունը (որն այն ժամանակ կոչվում էր Հուշարձանների պահպանության վարչություն) կազմեց մի ընդարձակ տեղեկանք, և այդ տեղեկանքը գնաց մինչև Գորբաչով, մինչև Եվրոպա, որպեսզի ցույց տանք, որ մենք այնտեղ եղել ենք: Մեր հետքը կա, և այդ հետքը շատ իրատես է, նա տեղում կա, շոշափելի է: Պատկերացրեք, որ եթե մենք այդ աշխատանքները չանեինք և ցույց չտային, որ մեր հետքն այնտեղ կա, շատ դժվար կլիներ մեզ համար: Նույնն էլ հիմա է կատարվում»:

Մարզահամալիրի ճակատային մասի քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանն ասաց, որ կառույցը շատ բարդ կոմպոզիցիա է. «Երբ ես պատվերը ստացա, անկեղծ ասած, վախեցա, որովհետև շատ բարդ կոմպոզիցիա է և հսկա գործ էր (350 ֆիգուր է, 660 քառակուսի): Մտածում էի` ո՞նց անել, որ լինի ազգային, հայկական, այսօրվա: Եվ դա արեցի: Եվ, անկեղծ ասած, չգիտեմ` ինչպես է ստացվել, դուք ինքներդ կարող եք ասել: Բայց մեծ դժվարություններով եղավ: Ու դրա համար է իմ սիրտը ցավում, որովհետև ես գիտեմ, թե ինչպես է կառուցվել այդ շենքը»:

Խոսելով համալիրի ճակատագրի մասին՝ Մ.Մինասյանն ասաց, որ ժողովուրդն արդեն քաղաքացիական պահվածք ունի. «Փակ շուկայի վրա ժողովուրդը կարծես ինչ-որ մի բան սովորեց` իրար հետ համախմբվել և իրար հետ մի խոսք ասել: Եվ կարծում եմ, որ այս ամեն ինչը պետք է հաշվի առնվի պետության, իշխանավորների կողմից, որովհետև չի կարելի թույլ տալ նման առճակատում»:

Ֆ. Առաքելյանն ասաց, որ աբստրակտ կարգով գիտի Մարզահամերգային համալիրի գնորդների անունները. «Սա պատահական բան չէ: Ոչ մի հուսադրող բան էլ չկա: Բոլոր աղանդները թափվում են երկիրն արդեն, ինչ ուզում՝ անում են: Չենք թողնելու»:

Անի Քեշիշյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս