Մարգվելաշվիլին կարծում է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը պետք է ստորագրի հենց ինքը և ոչ թե վարչապետը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կարծում է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը պետք է ստորագրի հենց ինքը, սակայն մտադիր չէ «վիճարկել» ավելի վաղ հայտարարված որոշումը, ըստ որի՝ համաձայնագրի վրա իր ստորագրությունը դնելու է Վրաստանի վարչապետը.

«Կարծում եմ, որ համաձայնագիրը պետք է ստորագրի նախագահը, քանի որ այն առնչվում է ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր ու դատական իշխանություններին: Հետևաբար, ես կարծում եմ, որ ավելի լավ կլիներ, եթե համաձայնագիրը ստորագրի պետության ղեկավարը, սակայն լեգիտիմ է նաև այն, եթե դա ստորագրի մեկ այլ անձ:

Դա կարևորագույն համաձայնագիր է, որի ստորագրումը ռազմավարական նշանակություն ունի Վրաստանի համար: Կարևորն այն է, որ Վրաստանը ստորագրի այն, ինչի համար էլ ես չեմ վիճարկի, եթե որոշվի, որ այն պետք է ստորագրի որևէ այլ, լեգիտիմ անձ: Երկրի համար կարևորը համաձայնագրի ստորագրումն է, և ոչ թե այն, թե ով է դրա վրա դնելու իր ստորագրությունը»:

ԵՄ-ի ու Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագիրը ստորագրվելու է այս տարվա հունիսի 27-ին, Բրյուսելում, ուր հավաքվելու են ԵՄ-ի անդամ երկրների վարչապետերը: Ասոցացման համաձայանգիրը ԵՄ-ն ու Վրաստանը նախաստորագրել էին 2013 թվականի նոյեմբերի վերջին՝ Վիլնյուսում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում:

Տեսանյութեր

Լրահոս