ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթը ՀՀ Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս

Ազգային ժողովի հարգելի նախագահ,
Հարգելի պատգամավորներ,

Պատիվ ունեմ ձեր հավանությանը ներկայացնելու Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը: Այն մշակվել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված` նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները:

Ես իմ ելույթում կաշխատեմ շեշտադրել կառավարության ծրագրի հիմնական քաղաքական մոտեցումները, ընդհանուր տրամաբանությունը, շարադրել առաջիկա երեք տարիների զարգացման մեր մոտեցումները: Կառավարության անդամներն իրենց ելույթներում ավելի մանրամասն կներկայացնեն իրենց ոլորտի անելիքները, բարեփոխումների օրակարգը, սպասվող արդյունքները: Ծրագիրը շարունակական է՝ այն Հանրապետական կուսակցության կողմից ձևավորված կառավարության ծրագիր է, ապահովելու է արդեն իսկ առկա ռազմավարական ծրագրերի հիմնական միտումները, սակայն ունի նոր ասելիք դրանք իրագործելու մեխանիզմների և գործիքների առումով:

Եթե ես շատ հակիրճ բնութագրեի կառավարության՝ ձեր դատին ներկայացվող ծրագիրը, ապա այն կանվանեի առաջին հերթին իրատեսական, խստապահանջ և ականջալուր: Իրատեսական՝ խոստումների և ռեսուրսների գնահատման առումով, խստապահանջ՝ հավասար պայմանների և երկակի ստանդարտների բացակայության տեսանկյունից, և ականջալուր՝ հանրային մտահոգությունների և քաղաքական ուժերի բարձրացրած բոլոր հարցադրումների քննարկման պատրաստակամությամբ:
Հարկ է, սակայն, այս մոտեցումները չընկալել միակողմանի և պարզունակ կերպով:
Իրատեսականությունը չի նշանակում հավակնություների բացակայություն: Իրատեսականությունը նշանակում է ռեսուրսների առկայության սթափ գիտակցում:

Կարդացեք նաև

Միաժամանակ այն նշանակում է կարողությունների լիակատար օգտագործման ճանապարհով առավելագույն արդյունքի ձգտում: Օրինակ, պաշտպանության ոլորտում մենք չենք կարող հավակնոտ չլինել՝ հայրենի հողի պաշտպանությունը ոչ լիարժեք ջանքեր չի հանդուրժում: Կարող եմ վստահեցնել ձեզ, որ «առկա ռեսուրսներով առավելագույն արդյունքի հասնելու» պաշտպանության ռազմավարական սկզբունքի կիրառումը չի նշանակում սահմանների մասնակի անձեռնմխելիություն:
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորումը լինելու է ամբողջական և համապարփակ, առանց «եթե»-ների:
Ջրամբարների կառուցման խոշորածավալ ծրագիրը, որին ես ավելի մանրամասն կանդրադառնամ քիչ հետո, դժվար է առօրեական համարելը: Այն միտված է Հայաստանի Հանրապետությունում ջրերի կառավարման ռազմավարական խնդիրների լուծմանը և ունի հեռու գնացող ազդեցություն՝ թե՛ մեր հարևանների հետ հարաբերություններում, թե՛ Սևանի և Արարատյան դաշտավայրի բնապահպանական խնդիրների լուծման, թե՛ մարզերում տնտեսական զարգացման, թե՛ գյուղացու՝ հայրենի հողի հետ կապը ամրապնդելու կենսական խնդրի վրա:

Այն պահանջելու է բազմամիլիարդանոց ներդրումներ, բանակցություններ տարբեր գործընկերների, մանրակրկիտ աշխատանք համայնքների և այլ շահառուների հետ, բարձրորակ շինարարական աշխատանքների հետևողական իրականացում: Հեշտ չի լինելու: Բայց անպայմանորեն լինելու է, և իր ազդեցությունը գյուղում լինելու է էական, լինելու է զգալի շատերի համար: Մարդիկ փոփոխություն են զգալու:
Խստապահանջությունը չի նշանակում անտարբերություն: Երբ պայմանները նույնն են բոլորի համար, դրանք չեն կարող պատժիչ լինել: Ես երբեք կողմ չեմ եղել պատժելուն, միշտ կարևորել եմ դրականի խրախուսումը:

Կառավարությունը պատրաստ է աջակցել ցանկացած գործարարի, խթանել ցանկացած նորամուծություն, օգնության ձեռք մեկնել դրա կարիքն ունեցող ցանկացած քաղաքացու, սակայն բաց, թափանցիկ և հրապարակային ձևով: Եթե տնտեսական աճի, աշխատատեղերի ավելացման համար անհրաժեշտ լինեն հարկային արտոնություններ կամ դրամաշնորհներ, ապա դրանք անպայման կլինեն, բայց կլինեն հրապարակային, օրենքի ուժով և օրենքի սահմաններում: Որպես այդպիսի քայլ, օրինակ, կառավարությունը նախատեսում է սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը փուլ առ փուլ վերացնելու համատեքստում, հիմնական միջոցների և հումքի ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման հետաձգման շեմի աստիճանական իջեցում:

Հաճախ նույն կանոնների կիրառումը բոլորի համար դժվար է, քանի որ կան կիրառական և օրենսդրական անհստակություններ: Կառավարությունը հաստատակամ է բոլոր նման դեպքերում իրավիճակը պարզեցնելու և խստապահանջությունը բոլորի համար ընկալելի պայմաններում կիրառելու հարցում: Փոքր և միջին ձեռնարկությունների, համար, օրինակ, կհստակեցվի այդ ձեռնարկությունների կարգավիճակը, որից հետո կկիրառվեն աջակցման տարբեր մեխանիզմներ՝ բոլորի համար հստակ և հասկանալի պայմաններով:

Ականջալուր լինելը չի նշանակում սեփական քաղաքական գծի բացակայություն կամ բոլոր առաջարկների անվերապահ ընդունում: Կարող եմ փաստել, որ կառավարությունը ծրագրում ներառել է գաղափարներ Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի, հանրության տարբեր ներկայացուցիչների առաջարկներից, սակայն դրանք տեղավորել է հասարակության զարգացման ի՛ր պատկերացման մեջ, ներկայացրել է որպես ի՛ր կողմից կիսվող գաղափար:

Կան առաջարկներ, որոնք եթե անգամ ներառված չեն այստեղ, ապա ես արդեն հանձնարարել եմ, որ դրանք ուսումնասիրվեն և ներկայացվեն շահագրգիռ քննարկման: Օրինակ, տարբեր քաղաքական ուժեր վերջերս շատ են խոսում հակամենաշնորհային օրենսդրության անհրաժեշտության մասին: Այժմ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրությունը հենված է ոչ թե մենաշնորհների սահմանափակման, այլ գերիշխող դիրքի չարաշահման դեմ պայքարելուն:

Օրենսդրության նմանօրինակ փոփոխությունը պետք է քննարկել թե՛ միջազգային փորձի, թե՛ դրա կիրարկման իրատեսականության, թե՛ առկա կարողությունների տեսակետից: Արդեն մինչև տարվա վերջ մենք կունենանք վերլուծություն, որը հնարավորություն կտա այս ոլորտում ճիշտ որոշումներ ընդունել:
Ճանապարհային երթևեկության խնդիրները, կամ, ավելի ճիշտ, դրանց խախտումների համար վարչական տուգանքների խնդիրները հիմա բոլորի շուրթերին են: Ինչպես տեղյակ եք, կառավարությունն արդեն ստեղծել է հանձնաժողով, որն առաջարկություններ պետք է նախապատրաստի տուգանքների չափի և զանցանքի վտանգավորության համաչափությունը ապահովելու վերաբերյալ: Սակայն, կարծում եմ, որ այստեղ հարկ է նաև քննարկել պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափը, և այս դրույթը ևս արտացոլված է մեր ծրագրում:

Բազմաթիվ են գաղափարները, որոնք չենք կարող իրականացնել ֆինանսական ռեսուրսների անբավարարության պատճառով: Մենք չունենք կախարդական փայտիկ, որ մեկ ակնթարթում հնարավորություն տա, ասենք, էապես ավելացնել կրթության կամ առողջապահության ծախսերը: Բայց մենք ունենք պատրաստակամություն՝ քննարկել և փորձարկել ցանկացած ողջամիտ առաջարկ: Օրինակ, մարզերում արդյունաբերական գոտիներ ստեղծելու առաջարկը խոստումնալից է: Մենք ի վիճակի չենք դա ամբողջ հանրապետությունում անմիջապես իրագործելու, սակայն պատրաստ ենք փորձարկելու և հասկանալու գաղափարի կենսունակությունը:

Կան առաջարկներ, որոնք տեսականորեն ընդունելի են, սակայն մեր իրականության պայմաններում իրագործելի չեն: Օրինակ, կա առաջարկ, որպեսզի բոլոր անկախ հանձնաժողովների և վերահսկիչ կառույցների ղեկավարների թեկնածություններն առաջադրվեն ընդդիմության կողմից: Միգուցե, նման գաղափարն աշխատի արդեն կայացած կուսակցական համակարգով երկրներում: Սակայն, երբ մենք ունենք խորհրդարանական ուժեր, որոնք առաջնորդվում են «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքով, որոնք պատրաստ են մերժել համագործակցության ցանկացած առիթ, ես խիստ կասկածում եմ, որ նման առաջարկը Հայաստանում կիրառելը կբերի առաջընթացի:

Ընդհակառակը, որոշ ուժերի կողմից քարոզվող անհանդուրժողականության պայմաններում այն կարող է ավելացնել հասարակության բևեռացվածությունը:
Կան գաղափարներ, որոնք ամբոխահաճո են և չունեն երկարաժամկետ հեռանկար:

Օրինակ, կենսաթոշակային բարեփոխումների անհապաղ կասեցումը: Ես իմ դիրքորոշումն արդեն արտահայտել եմ. կենսաթոշակային բարեփոխումները մեր երկրում անհրաժեշտ են, և դրանք անպայման ունենալու են պարտադիր բաղադրիչ, սակայն մենք պարտավոր ենք բարեփոխումների այնպիսի ուղի գտնել, որը շահավետ կլինի բոլորի համար և կխթանի մարդկանց մասնակցությունն այդ գործընթացին։ Այն պետք է լինի «պարտադիր, բայց ոչ պարտադրված», և մենք ամեն օր աշխատում ենք այդ լուծումը ձևավորելու ուղղությամբ և շուտով ներկայացնելու ենք ձեր դատին:

Կրկնեմ ևս մեկ անգամ այն սկզբունքները, որոնց շուրջ կառուցվել է ծրագիրը՝ իրատեսական, սակայն հավակնոտ, խստապահանջ, սակայն ոչ անտարբեր, և ականջալուր, սակայն իր քաղաքական գծին հետամուտ: Այս խորապատկերում էլ շարադրեմ ծրագրի մի քանի առանցքային դրույթներ, որոնց վրա կուզեի հրավիրել ձեր ուշադրությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր գործունեության գերակայություն է հռչակում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն՝ նրա ազատության երաշխավորումը, անվտանգության և բարեկեցության բարձրացման ապահովումը: Քաղաքացին է մեր ուշադրության կենտրոնը և մտահոգությունների առարկան, նրա բարեկեցությունը՝ մեր նպատակը: Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի պայքարենք աղքատության և արտագաղթի չարիքների դեմ: Թե՛ աղքատությունը և թե՛ արտագաղթն ունեն բազմաթիվ պատճառներ, և մեկ հարվածով կամ մեկ գործիքով դրանք անհնար է վերացնել:

Սակայն դրանց դեմ պայքարի թիվ մեկ միջոցն աշխատանքն է, և կառավարության ջանքերն առավելապես ուղղվելու են ՀՀ քաղաքացու` ստեղծագործ աշխատանքով իր հայրենիքում իր ապագան կերտելուն:
Հայրենիքը դառնալու է ապահով հանգրվան և սեփական կարողությունների, բազմապիսի երկրներում և ոլորտներում կուտակած փորձի և գիտելիքների առավելագույնս դրսևորման հնարավորության երկիր՝ յուրաքանչյուր հայի համար:

Յուրաքանչյուր հայ, որ երկրից էլ որ լինի, պետք է իմանա, որ Հայաստանում առկա են գործարար հնարավորություններ, որոնցից կարելի է օգտվել: Եվ բոլորը պետք է իմանան, որ զոռբայությամբ կամ իշխանական լծակների օգնությամբ մեր երկրում ոչ ոք, կրկնում եմ, ոչ ոք չի կարող յուրացնել ուրիշի ունեցվածքը կամ բիզնեսը: Ես ամենայն վճռականությամբ պայքարելու եմ նման արատավոր երևույթների դեմ:
Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա արժանավայել կյանքով ապրելու հնարավորությունների երկիր՝ յուրաքանչյուրի համար:
Կարողությունների նման դրսևորման հնարավորություն կարող է ընձեռել միայն հավասար հնարավորություններ և իրական մրցակցություն ապահովող միջավայրը:

Միայն այսպիսի հասարակությունն է, որ հնարավորություն կտա ՀՀ քաղաքացու մոտ արմատավորելու հավատն իր երկրում վաղվա օրվա նկատմամբ, հպարտության զգացում հայրենիքի նկատմամբ: Միայն հասարակության կողմից արդարացի ընկալվող տնտեսական համակարգն է ունակ ապահովելու ներդրումների աճ, ապագայի նկատմամբ հավատով լեցուն համարձակ կառուցողական քայլերի նախաձեռնում:
Նման տնտեսական միջավայրի հրամայականը կառավարությունը պետք է իրագործի թե´ երկարաժամկետ հեռանկարում՝ սահմանադրական բարեփոխումների միջոցով աջակցելով բնականոն քաղաքական փոփոխությունների պայմաններում կայուն տնտեսական միջավայրի պահպանմանը, թե´ անմիջապես՝ տնտեսական միջավայրի առկա խեղաթյուրումների դեմ կտրուկ և հետևողական քայլեր ձեռնարկելու միջոցով:

Ստվերը բոլորիս թշնամին է, և պայքարը ստվերի դեմ լինելու է անողոք, անաչառ և հետևողական: Փաստաթղթավորումը պետք է պարտադիր լինի բոլորի համար: Անխտիր: Ուզում եմ ևս մեկ անգամ հայտարարել՝ ամեն ոք բարեփոխումները պետք է սկսի իրենից: Առավել խստապահանջ եմ լինելու իմ մերձավորների նկատմամբ: Եվ պահանջելու եմ նույնը կառավարության բոլոր անդամներից:
Հարկեր/ՀՆԱ ցուցանիշն աճելու է, և մենք ավելի շատ ռեսուրսներ ենք տնօրինելու:

Սակայն սա լինելու է ոչ մեխանիկորեն, ոչ բարձրացող հարկային դրույքաչափերի հաշվին: Ցուցանիշն աճելու է ստվերային շրջանառության կրճատմանը համահունչ:
Մենք պետք է ապահովենք, որ ՀՀ տնտեսությունը բաց լինի թե´ հայրենական և թե´ օտար ներդրողների համար: Օտարերկրյա հայտնի ընկերությունների ներգրավումը Հայաստան լինելու է մեր առաջնահերթություններից:

Այս ջանքերը ոչ միայն նպաստելու են հայրենի տնտեսության արտահանման ներուժի ավելացմանը՝ ի հաշիվ օտարերկրյա գործընկերների ավանդական շուկաների օգտագործման, այլև պարզ և հստակ ազդանշան բոլորի համար՝ Հայաստանում տնտեսական ազատ և մրցունակ միջավայրի վերաբերյալ:

Բարեկեցիկ Հայաստան կառուցելու համար ազատ և մրցունակ միջավայրի առկայությունն անհրաժեշտ է, սակայն դեռևս բավարար չէ: Կառավարությունը պետք է աջակցի գործարարին՝ իր գործիքներով լինի անգամ մեկ աշխատատեղ ստեղծող, մեկ նմուշ նոր արտադրանք տվող քաղաքացու կողքին, ապահովի նրա համար գործարարությամբ զբաղվելու հավասար և բարենպաստ պայմաններ: Հեռանկարային բիզնես ծրագրերին մատչելի ռեսուրսներ ապահովելու համար Կառավարությունը կնախաձեռնի Համահայկական ներդրումային հիմնադրամի ստեղծումը, որը կգործի համադրելի կառույցների լավագույն օրինակով:

Իշխանությունների և հասարակության համատեղ ջանքերով ձեռք բերվող տնտեսական աճը հնարավորություն կտա ձեռնամուխ լինելու Հայաստանի Հանրապետությունում առկա սոցիալական հիմնախնդիրների լուծմանը:

Ինչպես արդեն նշեցի, սոցիալական հիմնահարցերի շարքում առանձնանում է տնտեսական աճի հետ անմիջականորեն շաղկապված նոր աշխատատեղերի ստեղծումը: Միայն կայուն աշխատանքն է, որ հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին լիովին իրացնելու իրենց սոցիալական իրավունքներն ու երաշխիքները, որոնց շարքում հարկ է նշել արժանապատիվ վարձատրությունը:
Բարեկեցիկ կյանք ապահովող վաստակ ունենալու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապահովելու է աշխատավարձերի համակարգված աճ: Այս աճը լինելու է հետևողական և համաչափ՝ միտված առկա աշխատատեղերը պահպանելուն և նորերի ստեղծումը խթանելուն:

Պետական համակարգի աշխատավարձերի համակարգված և հետևողական աճին զուգահեռ, կառավարությունը ջանքեր կգործադրի տնտեսության մասնավոր հատվածում ևս աշխատավարձերի աճ ապահովելու համար՝ թե´ նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացման, թե´ անհրաժեշտ տնտեսական ենթակառուցվածքների ստեղծման և պահպանման միջոցով:
Մասնավորապես, նվազագույն աշխատավարձը երեք տարիների ընթացքում աստիճանաբար կհասցվի 65 հազար դրամի, և դրան զուգահեռ հանրային հատվածում կսկսեն գործել միասնական աշխատավարձային կառուցակարգերը:
Կառավարության այս միջոցառումները չեն տարածվելու միայն պետական կազմակերպությունների և խոշոր ընկերությունների վրա: Մենք ամեն ջանք գործադրելու ենք անհատ ձեռներեցների և գյուղացիների տնտեսական պայմանների անշեղ բարելավման միջոցով նրանց եկամուտների շարունակական աճ ապահովելու համար:

Այս առումով կարևոր են լինելու փոքր և միջին բիզնեսի կարգավիճակի հստակեցման և գործիքների ամբողջ զինանոցով՝ հարկային արտոնություններից մինչև պարզեցված վարչարարություն, նրանց գործուն աջակցություն ցուցաբերելու հետևողական ջանքերը:
Ուզում եմ հատկապես շեշտել գյուղի և գյուղացու կյանքի բարելավման խնդիրը: Անելու ենք հնարավորը, որ հողի հետ ամեն օր աշխատող անգամ ամենահեռավոր գյուղի բնակիչը զգա, որ ինքը Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության ներքո գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին է:
Գյուղում ավելացնելու ենք աջակցությունը, ամրապնդելու ենք կարողությունները:

Ավելացնելու ենք թե´ առկա գործիքներով գյուղացիական տնտեսությունների աջակցության ծավալները (պարարտանյութ, սերմացու, վառելիք, վարկավորման սուբսիդիաներ), թե´ գործարկելու ենք նոր մեխանիզմներ (սուբսիդիաներ, դրամաշնորհներ):

Չենք մոռանալու նաև սոցիալական բաղադրիչի մասին: Գյուղում, թե քաղաքում, սոցիալական ծառայությունները պետք է լինեն հասանելի և հասցեական: Օրինակ, ապահովելու ենք մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի, ծննդյան միանվագ և ժամանակավոր անաշխատունակության նպաստների համակարգերի ներդաշնակ զարգացում՝ դրանք դարձնելով առավել նպատակային և հասցեական: Շարունակելու ենք ուշադրության կենտրոնում պահել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և Արցախյան պատերազմի ազատամարտիկների աջակցման խնդիրը:

Կրթության և առողջապահության ծառայությունները ևս պետք է լինեն հասանելի և մատչելի: Որակյալ ծառայություններ ստանալու համար քաղաքացին չպետք է հասնի Երևան: Մասնավորապես, ամբողջ հանրապետությունում կրթության որակի ապահովման համար վերանայվելու են հանրակրթության ծրագրերը, չափորոշիչները, դասագրքերը, ներդրվելու են ուսուցիչների շարունակական վերապատրաստման միջազգային ծրագրեր:

Առողջապահության ոլորտում շարունակելու ենք մարզային բժշկական հաստատությունները վերանորոգելու, վերակառուցելու և վերազինելու ծրագրի իրականացումը` հանրապետության ամբողջ տարածքում հասանելի դարձնելով ժամանակակից բժշկական ծառայությունները:

Մեծ ուշադրություն ենք դարձնելու ենթակառուցվածքներին: Մասնավորապես, ուզում եմ առավել մանրամասն խոսել ջրամբարաշինության մասին, որը առարկայական կլինի հանրապետության մարզերում գյուղատնտեսության կենսունակությունը լրջորեն բարելավելու ուղղությամբ, իսկ մնացածների վերաբերյալ միայն կնշեմ ընդհանուր ուղենիշները:

2014-2017 թվականների ընթացքում կսկսվեն չորս կարևորագույն՝ Կապսի, Վեդու, Եղվարդի և Մաստարայի ջրամբարների նախագծման և շինարարության համակարգված աշխատանքները: Ծրագրի իրականացման համար կպահանջվի շուրջ 250 մլն ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրում, որը հնարավորություն կտա կուտակել նվազագույնը 145 մլն, իսկ առավելագույնը` 180 մլն խորանարդ մետր ջուր: Ջրի ռազմավարական պաշարների այս մակարդակի ամբարումը հնարավորություն կտա կայունացնել ոռոգման գործընթացը հանրապետության տարածքի զգալի մասում:

Այս ծրագիրը հնարավորություն կտա ոչ միայն թեթևացնելու Սևանի բեռը, կարգավորելու Արարատյան դաշտավայրի ջրավազանային խնդիրները, այլև զգալիորեն բարելավելու հողագործական աշխատանքների արդյունավետությունը: Համակցելով այս ծրագիրը գյուղատնտեսական սուբսիդավորման ավելացվող ծավալների հետ` կառավարությունը պայմաններ կստեղծի գյուղատնտեսությամբ զբաղվող մեր քաղաքացիների եկամուտների շարունակական աճի համար:
Տնտեսական այլ ենթակառուցվածքները ևս մնալու են կառավարության ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, 2015-2017 թվականներին նախատեսվում են հետևյալ ներդրումները.

• ոռոգման ոլորտում (առանց ջրամբարների)` 32 մլրդ դրամ,
• ճանապարհաշինության ոլորտում` 138 մլրդ դրամ,
• դպրոցաշինության ոլորտում` 25 մլրդ դրամ,
• մարզական օբյեկտների հիմնանորոգման համար` 2 մլրդ դրամ,
• հուշարձանների հիմնանորոգման համար` 1 մլրդ դրամ:

Տնտեսական ենթակառուցվածքների ստեղծումն ու պահպանումը, զուգակցվելով տնտեսավարողների համար հավասար պայմանների ստեղծմամբ, հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանը 2014-2017 թվականներին ընդլայնելու տնտեսության ներքին ռեսուրսների վրա հիմնված արտահանման տնտեսական ներուժը, տնտեսությունն ամրապնդելու կայունացման փուլում և ստեղծելու նախադրյալներ հետագա՝ ավելի համարձակ և բեկումնային աճի համար:

Ամփոփելով, կցանկանայի ևս մեկ անգամ շեշտել ծրագրի սկզբունքները՝ իրատեսական, խստապահանջ և ականջալուր: Նման ծրագիր կառավարությունը կարող է իրականացնել միայն հասարակության և բոլոր քաղաքական ուժերի աջակցության, համագործակցության և մշտական մոնիթորինգի ներքո: Կառավարությունը խոստանում է անվերապահ նվիրվածություն և անմնացորդ ջանքեր ծրագրի իրականացման համար, և ակնկալում հասարակության աջակցությունը՝ մեր ընդհանուր խնդիրների համատեղ լուծման համար:

Շնորհակալություն:

 

Տեսանյութեր

Լրահոս