Նիկոլ Փաշինյան. «Կասեցրե՛ք, ձեր ուսանողական բանդաների քայլերը, հակառակ դեպքում քաղաքացիները դա կանեն իրենց հասու մեթոդներով» (տեսանյութ)
«Կրթության և հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին` նախապես հայտարարելով, որ իր հարցն ուղիղ նախագծին չի վերաբերելու և հիշեցրել է երեկ ԵՊՏՀ Գյումրիի մասնաճյուղում տեղի ունեցած միջադեպերը, երբ ահազանգ էր եղել, որ ուսխորհրդի նախագահ է ուզում դառնալ ՀՀԿ անդամը, ինչը ուսանողների բողոքին էր արժանացել:
«Արդեն հայտնի պատմությունների հերոսներից մեկը (նկատի ունի ԵՊՏՀ-ում անցած տարի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գիտական թեմայի պաշտպանության ժամանակ լրագրողներին վիրավորած ուսանողներից մեկին, որը ՀՀԿ անդամ էր,-168.am) գործուղվել է այնտեղ՝ հանրապետականացնելու նաև այդ մասնաճյուղը: Բարեբախտաբար, ընտրությունները ձախողվել են»,- ասել է Ն. Փաշինյանը:
Ա. Աշոտյանը զավեշտ համարեց այն, որ իրեն, մի կողմից, մեղադրում են բուհերը հանրապետականացնելու մեջ, մյուս կողմից խնդրում են այն կանխել. «Կողմնորոշվեք՝ ես ո՞ր դերում եմ: Ես չեմ կարծում, որ նախարարը պետք է խառնվի ինչ-որ բուհի մասնաճյուղի ներքին գործերին: Ի՞նչ է նշանակում՝ եթե ուսխորհրդի նախագահը ՀՀԿ-ական է, ուրեմն չպետք է մասնակցի ընտրության: Սրանից ավելի հակալիբերալիստական քայլ ու դիսկրիմինացիա էլ ո՞նց է լինում: Ուսանողներ են, ունեն տարբեր քաղաքական հայացքներ»:
Արձագանքելով` Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես ձեզանից ու ձեր իշխանություններից ոչինչ չեմ ուզում: Կասեցրե՛ք, ձեր ուսանողական բանդաների քայլերը, հակառակ դեպքում քաղաքացիները դա կանեն իրենց հասու մեթոդներով: Ես դա ձեզ զգուշացնում եմ, հետո չասեք, թե չեմ զգուշացրել»:
Ի պատասխան Ն. Փաշինյանի` Ա. Աշոտյանն ասաց, որ ինքը որևէ մեկի զգուշացումների կարիքը չունի և որ արգելում է կրթական համակարգի մասին խոսել քողարկված սպառնալիքների լեզվով. «Մեր խոսակցության այս տոնը հարիր չէ ոչ ձեզ՝ որպես խոստումնալից քաղաքական գործչի, և ոչ էլ ինձ՝ որպես նախարար: Զարմանում եմ, որ դուք, լուրջ մարդ լինելով, ներողություն, փոքր բանից մեծ լրահոս եք դարձնում: Կրթության ոլորտում այնքան լուրջ խնդիրներ կան, որ այդ պոտենցիալը կարող եք ուղղել դրանց, քանի որ այդ ձեր նշած խնդիրներն ուսանողներն իրենք կլուծեն: Իսկ բանդաների մասին եկեք չխոսենք, քանի որ ամոթ է՝ նման բառամթերքով արտահայտված մտքերին չեմ արձագանքի»: