Եվրոպական խորհրդարանի անդամների հայտարարությունը հրադադարի մասին համաձայնագրի 20-ամյակի կապակցությամբ

Եվրոպական խորհրդարանի անդամներ Էլենի Թեոխարուսը, Ֆրանկ Էնգելը, Տատյանա Ժդանոկան, Էվալդ Շտադլերը, Ինակի Իրազաբալբեյտան, Միշել Ռիվազին, ինչպես նաև Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինարիտուն հրադադարի մասին համաձայնագրի 20-ամյակի կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ:
Պատգամավորները, մասնավորապես, նշել են, որ համաձայնագրով հաստատված փխրուն խաղաղությունը ոչ միայն թույլ է տվել խուսափել հակամարտության սրացումից և հետագա մարդկային կորուստներից, այլ հնարավորություն է ստեղծել հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհների որոնման համար:

«Ցավոք, չնայած բոլոր ջանքերին, հրադադարի 20 տարիները չեն վերածվել երկարատև և կայուն խաղաղության: Դեռ, ժամանակ առ ժամանակ, մենք տագնապալի լուրեր ենք ստանում շփման գծում պարբերաբար տեղի ունեցող միջադեպերի մասին, որոնք երկու կողմերում երիտասարդ զինվորների կորուստների պատճառ են դառնում և կարող են հանգեցնել պատերազմական գործողությունների վերսկսմանը», – ասվում է հայտարարությունում:

Պատգամավորները հիշեցրել են, որ հաշվի առնելով Հարավային Կովկասի տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը Եվրոպական միության համար և Հարավային Կովկասը կայուն խաղաղության, կայունության և բարգավաճման տարածաշրջան դարձնելու անհրաժեշտությունը, ԵՄ-ն իր բանաձևերում կոչ է արել համապատասխան իշխանություններին զերծ մնալ ուժի կիրառումից, ինչպես նաև խուսափել սադրիչ քաղաքականությունից և հռետորաբանությունից, ռազմաշունչ հայտարարություններից և պատմության աղավաղումից:

Պատգամավորները բարձր են գնահատել այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը բազմաթիվ առիթներով հաստատել են հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու իրենց հավատարմությունը՝ ԵԱՀԿ բանակցային գործընթացի շրջանակներում: Նրանք բազմիցս հայտնել են դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու իրենց պատրաստակամությունը՝ որպես վստահության և անվտանգության ամրապնդման միջոց:

Կարդացեք նաև

«Մենք կցանկանայինք օգտագործել այս տարեդարձը, որպեսզի Ադրբեջանի իշխանություններին կոչ անել հետ քաշել դիպուկահարներին շփման գծից և հայ-ադրբեջանական սահմանից՝ խուսափելու հակամարտության հետագա սրացումից: Կարևոր է նաև այն, որ Ադրբեջանի ղեկավարությունը պարտավորվի հետևել հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքին», – ասվում է հայտարարությունում:

Պատգամավորները կոչ են արել Եվրոպական միությանը նպաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ խթանելու կողմերի միջև խաղաղությունը և ըմբռնումը հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր դարձնելու համար, որպեսզի Եվրոպային հարիր մարդու իրավունքներն ու ազատությունները հասանելի լինեն նաև իր հարևանության համար:

ԼՂՀ ԱԳՆ

Տեսանյութեր

Լրահոս