Բիձինա Իվանիշվիլին քվեարկել է. նա լրագրողների հարցերին չի պատասխանել

«Վրացական երազանք»-ի հիմնադիր, պատժամիջոցների ենթարկված Բիձինա Իվանիշվիլին մասնակցել է ընտրություններին. նա ընտրատեղամաս է ժամանել ընտանիքի հետ՝ մի քանի տասնյակ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Իվանիշվիլին ընտրատեղամաս է ժամանել կնոջ՝ Եկատերինե Խվեդելիձեի և որդու՝ Ցոտնե Իվանիշվիլիի հետ։

Ըստ կայքի՝ ընտրատեղամասի տարածքը, որտեղ պետք է քվեարկեր «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահը, մի քանի ժամ առաջ շրջապատել է ոստիկանությունը։

Քվեարկությունից հետո նա մեկնաբանել է ընթացքը` գովաբանելով կուսակցության գործունեությունը, սակայն լրագրողների հարցերին չի պատասխանել։

«Այսօր մեր երկրի վերջին պատմության մեջ ևս մեկ կարևոր օր է՝ ազատ ընտրություններ, որոնք վերջին ժամանակներում Վրաստանում անդադար տեղի են ունենում, այսօր էլ այդպիսի հետաքրքիր և շատ կարևոր ընտրություններից մեկն է։ «Վրացական երազանք» կուսակցությունը` մեր կուսակցությունը, թույլ է տվել հասարակությանը կատարել ազատ ընտրություն, ինչպես որ վերջին տարիներին մեզ հաջողվել է հաստատել խոսքի ազատություն, ազատ բիզնես և ազատ կյանք»,- ասել է Իվանիշվիլին։

Տեսանյութեր

Լրահոս