Բաժիններ՝

Շնորհանդես/Ակումբ ակումբ

Մայիսի 15-ին, ժամը 18:00-ին, Ակումբ ակումբում (Թումանյան 40) տեղի կունենա ֆրանսահայ գրող, հրապարակախոս, բանաստեղծ Դընի Դոնիկյանի «Աղբաստան » վեպի շնորհանդեսը: Դընի Դոնիկյանը մեկն է այն բացառիկ սփյուռքահայ մտավորականներից, որոնց հայացքը Հայաստանի հանդեպ կարծրացած չէ՝ միանշանակ բացասական (այստեղ ամեն ինչ վատ է, սա երկիր չի), կամ դրական (երազների երկիր Հայաստան, տեսնեմ Մասիսն ու նոր մեռնիմ) առումով: Նա բազմիցս եղել է Հայաստանում, սկսած դեռ ուսանողական տարիներից, ապա ոտքով կտրել-անցել երկրի հյուսիսն ու հարավը, միաժամանակ ներսի ու դրսի հայացք նետելով, որի արդյունքում մի շարք գրքեր են ծնվել (Սյունիք հրաշափառ, Տավուշի ծաղկաց դժոխք, Երևան 06-08 և այլն): Աղբաստանը, որ սկզբնապես լույս է տեսել ֆրանսերենով, Ֆրանսիայի կարևորագույն հրատարակչատներից մեկի՝ Actes Sud-ի կողմից, բացառիկ վեպ է՝Հայաստանի անկախության առաջին 20 տարիների մասին, քննադատական, տեղ-տեղ՝ հումորիստական մի վեպ, որ անդրադառնում է ինչպես ունիվերսալ թեմաների, այնպես էլ մեր ժամանակակից պատմությանը, չխնայելով երեք նախագահներին, հիշատակելով նաև մարտի մեկը։

Անցյալ տարի այս վեպը ընտրվել է Շամբերիի (Ֆրանսիա)՝ առաջին վեպի փառատոնի 2013 թվականի 15 լավագույն վեպերից մեկը և այս պահին թարգմանվում է անգլերեն:

«Ակտուալ Արվեստ»

10343504_871789866179779_5167589605319420434_n - Copy

Կարդացեք նաև

«Այդ օրը ներառում է մի ողջ կյանք` Արարատ լեռան դեմ հանդիման, երկնքի կապույտի ու ծաղրող ճայերի ծիծաղի ներքո` ոտքերը տիղմի մեջ, հսկա աղբանոցի եւ գերեզմանատան միջեւ: Սրդողած բանաստեղծ, ծպտյալ լրագրող-երգիծաբան, սխրալից պարտվող, տարագիր որդի, անամոք որբ, ճակատագրի բերումով աղբահան դարձած՝ մի ավերակ Հայաստանում, որ հրեշավոր կերպով նմանվում է իր աղբանոցին, Կամը առաջնորդում է խելագար, վտանգավոր եւ փրկաբեր, էպիկական եւ ողորմելի մի պար. ողջ օրվա գծանց ընչազուրկների մեջ, ովքեր քաղաքի աղիներն են քրքրում` իրենց ապրուստն ապահովելու համար: Ու Կամը մեզ զիջում է իր աչքերն, իր ականջներն ու զգայարանները` ըմբռնելու առասպելական կամ չար կատակ հիշեցնող մի իրականություն, անհավանական, բայց եւ իրատեսական, ժամանակավրեպ, բայց եւ արդիական մի պատմություն:

Աղբաստան վեպը բռնում է մի ողջ ժողովրդի, մի ողջ երկրի օձիքից` հնչեցնելու Պատմության նզովյալների արթնացման ժամը: Զայրույթով, որ միաժամանակ սիրով է լցված այդքան հեշտորեն հաղթված իր նմանների հանդեպ, սուր պայծառատեսությամբ, օտարվածների հումորով եւ գոյատեւման բնազդին նմանվող խնջույքների հանդեպ հակվածությամբ, Դընի Դոնիկյանը տալիս է մի անառարկելի, բայց ոչ հուսազուրկ ախտորոշում: Որովհետեւ քանի դեռ նրանց պատմությունը կպատմվի, կգտնվեն մարդիկ, ովքեր կըմբոստանան ու կշարժվեն քամուն հակառակ` հանուն ազատ ու արժանապատիվ ապագայի: Գրականության խաղադրույքն է ցանկանալ հավատալ դրան»:

ԱԿՏ ՍՅՈՒԴ (ACTES SUD)

 

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս