Բաժիններ՝

Շուշան Պետրոսյանը՝ Արամ MP3-ի և Կոնչիտայի մասին. Չեմ հասկանում՝ ինչո՞ւ են այսպես խառնվել իրար ու կենտրոնացել հենց այդ թեմայի վրա

Եվրատեսիլ 2014-ում հաղթած Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վյուրստը Հայաստանում ծայրահեղ գնահատականների արժանացավ:

168.am-ի հետ զրույցում երգչուհի, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանն ասաց, որ ինքն, առհասարակ, չի հետևում Եվրատեսիլին. «Նայել եմ, ուղղակի, որովհետև Արամն էր երգում, անցյալ տարի էլ՝ որովհետև Գոռն էր երգում, այսինքն` իմ ընկերների համար, որոնք հրաշալի երաժիշտներ են: Ես ունեմ իմ ֆավորիտները, դա Հայկոն է, Դորինասը և Արամ MP3-ին:

Արամի կատարումն ուղղակի փայլուն էր: Կարծում եմ՝ 4-րդ տեղը հրաշալի տեղ է: Դա նույն արդյունքն է, ինչ Սիրուշոյի ժամանակ էր: Մենք, կարծում եմ, այդ ամեն ինչում խնդիր չունենք խոսելու: Այդ առումով ամեն ինչ շատ լավ է»:

Խոսելով Կոնչիտա Վյուրստի հաղթանակի և նրա հասեցին հնչած տարբեր գնահատականների մասին` երգչուհին ասաց. «Ես, առհասարակ, շատ վատ եմ վերաբերվում, որ այդպես կենտրոնացել են այդ տղայի թեմայի վրա, որովհետև ինքը, մեծ հաշվով՝ շատ խելացի PR քայլ է արել: Եթե գիտեք, միշտ լավագույններն են գնում Եվրատեսիլ: Այսինքն` միշտ ուժեղ վոկալիստներ են գնում: Ամեն ազգ ունի ուժեղ լինելու իրեն բնորոշ չափանիշը:

Կարդացեք նաև

Ասենք, Նիդերլանդների երգիչները ինձ երբեք չեն համոզել, անկեղծ ասած, բայց, ասենք, իրենք ամենալավերից են համարվել: Ասածս այն է, որ Կոնչիտան, բնականաբար, պետք է իմանար երգել, որ մասնակցեր: Տղան երգել գիտի: Ինքը նորմալ, ստաբիլ երգեց, պարզապես երգելու ոճը իմը չէ: Այսինքն՝ ով ուզում էր երգել` մորուքով, թե առանց մորուքի, այս ոճն ինձ համար շատ հին ոճ է: Եթե նա չաներ իր PR քայլը՝ մորուքի հետ կապված, կարծում եմ, որ այդքան աղմուկ չէր բարձրանա: Չէ՞ որ նույն բանը տարիներ առաջ արել էր «Dana International»-ը, ճիշտ է՝ մորուք չկար, բայց նույն տրանսվիստիտն էր:

Այն ժամանակ աղմուկ չբարձրացավ, քանի որ չկար այդ մորուքը, հիմա եղավ և դա հօգուտ իրեն շատ լավ աշխատեց: Ապացույցն այն է, որ առ այսօր հայկական այս ֆեյբուքահայությունը այսքան ակտիվ չէր քննարկել մի թեմա, որն արդեն չսկսված սպառել էր ինքն իրեն: Կարևորը մեր երգն էր, և մենք ինչպես միշտ արժանապատիվ ելույթ ունեցանք: Շատ լավն էր Արամի կատարումը: Հատկապես երկրորդ կատարումը հրաշալի է»:

Շ. Պետրոսյանի համար արվեստի մեջ սեռական կողմորոշումը չի կարող որևէ դերակատարում ունենալ. «Ինձ դա երբեք չի հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է արվեստը: Եվ ես չեմ հասկանում, թե ինչու են այսպես խառնվել իրար ու կենտրոնացել հենց այդ թեմայի վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս