Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյան. Շուտով ՀՀ ընտրողների թիվն ավելի մեծ կլինի, քան բնակչության թիվը (տեսանյութ)

«Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ընթացքում մենք ականատես ենք լինում մի վիճակի, երբ ՀՀ ընտրական ցուցակներում ՀՀ քաղաքացիների թիվն աճում է»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ վերջին ընտրություններում ընտրողների թիվը 360 հազարով ավելի էր, քան 1991թ., ընդ որում՝ այդ ավելացման առյուծի բաժինը 2008 թ.-ից հետո է ավելացել ՝ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին. «Սա մեծ անվստահություն է ստեղծում ընտրական գործընթացի հանդեպ: Դիտորդների կարծիքով՝ մոտ 700 հազար ընտրող չի գտնվում ՀՀ-ում: Սա ասում է այն մասին, թե ինչպես են ՀՀ-ում ընտրությունները կեղծվում»:

Ն.Փաշինյանը նկատեց, որ օրինագծի վերաբերյալ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը փորձեց հավաստիացնել, թե օրենքն ընտրական գործընթացների հետ կապ չունի, թեև ուղղակի կապ կա, իսկ օրինագծով փորձ է արվում շրջանցել այդ կարևոր խնդիրը:

«ՀՀ բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվն աճում է: Սա քաղաքական խնդիր է և քանի դեռ չի լուծվել, իշխանության լեգիտիմությունը կասկածի տակ է»,- հայտարարեց Ն.Փաշինյանը՝ որպես լուծում առաջարկելով, որ եթե քաղաքացին հատեց ՀՀ սահմանը, 180 օր նա պետք է ավտոմատ կերպով դուրս բերվի բնակչության պետական ռեգիստրի ցուցակից, դուրս բերվի ընտրողների ցուցակից, իսկ վերադարձի դեպքում կրկին ավտոմատ գրանցվի. «Հակառակ դեպքում շուտով կունենանք իրավիճակ, երբ ՀՀ ընտրողների թիվն ավելի մեծ կլինի, քան բնակչության թիվը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս