Իրանը գիտի, թե ինչպես կարելի է մեկ րոպեում կործանել ամերիկյան ավիակիր

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի ռազմածովային ուժերը պատրաստ են Պարսից ծոցում դիմակայել ամերիկյան նավատորմին: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Ալի Ֆադավին:

Նա ընդգծել է, որ իրենք վերահսկում են ռազմավարական կարևորություն ներկայացնող Հորմուզի նեղուցը: Ֆադավին հավելել է, որ իրենք հատուկ վարժանքներ են անցկացնում տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերը ոչնչացնելու իրենց հնարավորությունը մեծացնելու ուղղությամբ:

Ծովակալի խոսքերով՝ օդում ԱՄՆ-ի ռազմական հզորությունը կախված է ավիակիրների վրա տեղակայված կործանիչներից, և հետևաբար բնական է, որ իրենք ցանկանում են կործանել այդ նավերը: Ֆադավին ընդգծել է, որ ամերիկյան ավիակիրներն ու նման հսկա ռազմանավերը խոցելի են Պարսից ծոցում իրանական հրթիռների ու մոտորանավակների համար և կարող են դառնալ շատ հեշտ թիրախ:

Ֆադավին ընդգծել է, որ իրենք գիտեն, թե ինչպես է պետք գործել ամերիկյան ավիակիրների դեմ, որ ունեն դրանց ինչպես նաև ամերիկյան այլ ռազմանավերի մակետները և օպերատիվ բոլոր միջոցների օգնությամբ 50 վայրկյանի ընթացքում կարողացել են կործանել ամերիկյան նավերի կրկնօրինակները:

Ֆադավին նաև ընդգծել է իրենց տրամադրության տակ գտնվող և մեծ ճշգրտություն ունեցող սուզանավերի հրթիռների առկայությունը՝ հավելելով, որ Իրանը հանդիսանում է աշխարհի երկու երկրներից մեկը, ով ունի նման համալիր:

Նա հայտնել է, որ իրանական Hout ստորջրյա հրթիռն ունակ է զարգացնել 100 մետր/վայրկյան (360 կմ/ժամ) արագություն: Ծովակալը մանրամասնել է, որ նման համալիր առաջին անգամ մշակել է Ռուսաստանը, իսկ ամերիկացիները 15 տարում 20 միլիարդ դոլար են ծախսել նման տեխնոլոգիայի վրա, սակայն հաջողության չեն հասել:

Տեսանյութեր

Լրահոս