Բաժիններ՝

Սերգեյ Դանիելյան. Քաղաքական դաշտն իր մամուլն ունի, հասարակությունը` իր

Դերասան Սերգեյ Դանիելյանի կարծիքով` Հայաստանում կա մամուլի ազատություն: Սուր քննադատական ելույթներով հայտնի դերասանի հետ զրուցեցինք Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով` հետաքրքրվելով` իր գնահատմամբ, այսօր հայաստանյան մամուլն ավելի շատ հասարակությա՞ն, թե՞, գուցե, քաղաքական դաշտի հայելին է:

Ի պատասխան` Սերգեյ Դանիելյանը նշեց. «Քաղաքական դաշտն իր մամուլն ունի, հասարակությունը` իր: Ով ինչ ուզում, ինչ խելքին բրդում է, ասում է և գրում: Իմ կարծիքով` ոչ ոք ոչ ոքի չի կաշկանդում: Համենայն դեպս, ես նման բան չեմ զգացել, որ ուզենամ ինչ-որ բան ասել և չկարողանամ:

Պարզ է, որ քաղաքական դաշտն ունի իր պաշտոնական մամուլը: Ասենք, նույն Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնական ալիք է, էդ իրենցն է: Տպագիր մամուլը մի քիչ ավելի ազատ է»:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք մամուլն այսօր կարողանո՞ւմ է հասնել հասարակության առջև ծառացող խնդիրների լուծմանը, Սերգեյ Դանիելյանը կարծիք հայտնեց, որ դա ոչ թե մամուլի, այլ հասարակության խնդիրն է: Ըստ նրա` մամուլը կարող է գրել ցանկացած խնդրի մասին, սակայն երբ հասարակությունն է անտարբեր, լրագրողը ոչինչ չի կարող անել:

Ո՞րն է խոսքի ազատությունը, ասել այն, ինչ մտածո՞ւմ ես, թե՞ փորձել առողջ գնահատական տալ, դրանցից ո՞րն է ավելի շատ գերակշռում Հայաստանում:

«Ինձ թվում է` ավելի շատ գերակշռում է օրիգինալ երևալը, մի այնպիսի բան ասելը, որ քեզնից առաջ չեն ասել: Երկրորդը` խոսքի ազատությունը կարող է լիարժեք լինել այն ժամանակ, երբ կա խոսացողի ազատություն: Եթե մարդ ինքն ազատ չէ, իր ազատ խոսքը կարող է պարզապես սանձարձակ ելույթ թվալ կամ ինչ-որ մեկին վիրավորելու միտում: Իսկ ազատ մարդը` ներքուստ ազատը, իսկապես ունի ազատ խոսք և կարող է ազատ արտահայտվել: Ուստի, իհարկե, մի փոքր դժվար է դատելը և թացը չորից զատելը»,- պատասխանելով մեր հարցին` ասաց Սերգեյ Դանիելյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս