Բաժիններ՝

21 մլրդի փոխարեն կունենանք 40-50  մլրդի լրացուցիչ մուտքեր. Միքայել Մելքումյան

ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության նկատմամբ վստահության վերականգնման համար ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի առաջարկած 10 քայլերից մեկը ՓՄՁ-ներին 3 տարով բոլոր հարկերից ազատելն է (բացառությամբ` եկամտային հարկի), այդ թվում` տարեկան մինչև 58.35 մլն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտների համար շրջանառության հարկը սահմանել` 0%, իսկ 58.35 մլն ՀՀ դրամից 100 մլն ՀՀ դրամ շրջանառություն տնտեսավարող սուբյեկտների համար` 2%, դադարեցնել արտոնագրային վճարների գործողությունը:

168.am-ը Մ.Մելքումյանից հետաքրքրվեց, թե արդյոք հաշվարկվե՞լ է այդ քայլերի ազդեցությունը բյուջեի վրա: «Հաշվարկները բոլոը կան: Շրջանառության հարկը տարեկան 58.35մլն դրամ ունեցող սուբյեկտներին է վերաբերում, արտոնագրային վճարների համակարգը մի շարք գործունեության տեսակներին՝ տաքսի ծառայություն, փոքր սննդի օբյեկտներ, խաղային ավտոմատներ և այլն: Այդ երկուսը միասին 2014 թ. բյուջեում կազմում է միայն 21 մլրդ դրամ: Այսինքն, եթե վերցնենք նախատեսված հարկային մուտքերը՝ 1 տրլն 200 մլրդ դրամ, այդ 21 մլրդը կկազմի ամբողջ հարկային մուտքերի 1.7%»,- ասաց Մ.Մելքումյանը:

Ընդ որում, ըստ նրա, եթե ասում են շրջանառության հարկը զրո սահմանել, խոսքը գնում է հարկային էլաստիկության կամ սահունության մասին, որի շնորհիվ չեն փակվի ՓՄՁ-ները: Մելքումյանի խոսքով՝ վերջին 2 տարում մոտ 3000-4500  ՓՄՁ փակվել է, ոլորտը գահավիժում է և փակման գործընթացները շարունակվում են, իսկ հարկային արտոնությունների դեպքում բավականին մեծ աշխուժություն կսկսվի. «Եթե մի տեղ հարկ չկա, մարդիկ համատարած աշխատատեղ կբացեն, հետո միջնաժամկետ ժամանակահատված է, 3 տարի ենք առաջարկում ազատել հարկերից: Ու արդյունքում այնքան աշխատատեղ կունենանք, որ եկամտային հարկը, շրջանառության հարկը կկոմպենսացնեն: Հարակից ոլորտները նույնպես կակտիվանան: Ես հաշվարկել եմ, որ մուլտիպլիկատիվ ազդեցությունը 1:3 կլինի նվազագույնը: Այսինքն, 21 մլրդի փոխարեն կունենանք 40-50  մլրդի լրացուցիչ մուտքեր, նաև կունենանք բիզնեսի զարգացման ակտիվացման նախադրյալներ»:

Մեքումյանը նշեց, որ խոշոր արտադրողների մոտ, օրինակ բազմամետաղ հանքերի համար ռոյալթին այսօր 1տ-ի համար ընդամենը 500 դրամ է, իսկ եթե այն դառնա 550 դրամ, կառաջանա ոչ թե 21 մլրդ դրամ, այլ շատ ավելի շատ: Կամ, Մելքումյանի կարծիքով, կարելի է ապրանքների համատարած պիտակավորում սահմանել, որը կկրճատի ստվերը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս