Դավիթ Մանուկյան. Կառավարությունը պիտի պաշտոնապես նոր դիրքորոշում տարածի գործատուներին ուղղված
«ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը ֆեյսբուքյան՝ «Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարին» էջում գրել է. «Այն, որ կառավարության կողմից տույժերի կիրառման կասեցում սահմանող օրենսդրական նախաձեռնությամբ ԱԺ մտնելու պատրաստակամություն կա, մի քայլ է, որ լավ է, բայց ընդամենը առաջինն է, որ նույնիսկ ավելի շուտ պիտի լիներ: Բայց միայն այս քայլը բնավ բավարար չէ, ասեմ՝ ինչու.
ա) Օրեր առաջ կառավարությունը գործատուներին ի գիտություն իր պաշտոնական դիրքորոշումն էր արտահայտել, որով նշում էին, թե գանձումները պիտի կատարվեն մինչ սեպտեմբերի 30: Հիմա այս պաշտոնական դիրքորոշումն ու նշված մտադրությունն իրար հետ համահունչ չեն, ուստի՝
բ) Կառավարությունը պիտի պաշտոնապես նոր դիրքորոշում տարածի գործատուներին ուղղված հատկապես առ այն, որ ոչ մի գործատու չպիտի կատարի պարտադիր կուտակային կենսաթոշակային պահում, եթե աշխատողը գրավոր կամք չի արտահայտել մասնակցելու այս համակարգին:
գ) Եթե հիշում եք, ՍԴ առաջին աշխատակարգային որոշմամբ էլ կասեցված էր տույժերի հոդվածը, ու գործատուների մի զգալի մասը խառաշփոթի մեջ էր, գործում էին ճնշման մեխանիզմներ. ի՞նչ երաշխիքներ, որ հիմա էլ նույնը չի լինի,
Կառավարության կողմից իրականացվող քայլերը նաև պիտի լինեն.
դ) Հստակ պահանջ կա. նախ փոխել ՊԵԿ ներկայացվող էլեկտրոնային հաշվետվությունների ձևը. կուտակային վճարների դաշտը չպիտի լինի ինքնաշխատ,
ե) Անհապաղ կասեցնել ծրագրային մոդուլով ֆոնդ ու ֆոնդի կառավարիչ ընտրելու ապօրինի գործարքները, քանի որ այն ուղղակիորեն հակասում է ՍԴ որոշմանը. արհամարհվում է անձի ազատ կամարտահայտման իրավունքը
զ) Մշակել իրավական մեխանիզմներ գումարները հետ վերադարձնելու համար
Այսքան երկար հիմնավորեցի, որ պարզ լինի բոլորիս, որ այսօրվա ակցիան անփոփոխ է… վերը նշված կետերից միայն առաջինը դեռ շատ քիչ է: Դրական է, բայց շատ քիչ է, լինենք հաստատակամ, որ ապահովենք նաև մյուս կետերը, որոնք հենց ՍԴ որոշման պահանջն են>: