Առողջապահության նախկին նախարարը՝ ՎՊ բացահայտումների մասին
«Դեղերի գնման առումով թերություններ միշտ էլ արձանագրվել են, մասնավորապես՝ այն գներով, որ գնվում է կազմակերպությունների կողմից և շուկան դեղատնային ցանցում պարզունակ ուսումնասիրելիս, տեսնում ենք, որ գնման գներն ավելի բարձր են, քան մրցույթների միջոցով ձեռք բերված դեղամիջոցները»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը՝ մեկնաբանելով ԱՆ համակարգում Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումները:
Նա հիշեցրեց, որ այս խնդրի հետ կապված մոտ 2 տարի առաջ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել և բավականին սուր քննադատության արժանացրել կառավարությանը և, մասնավորապես, առողջապահության նախարարությանը: Ա.Մկրտչյանի խոսքով՝ նախարարությունն այնուհետև հայտարարեց, որ որոշակի փոփոխություն արվել է, դրական միտումներ և տնտեսում է արձանագրվել, մասնավորապես՝ ինսուլինի մասով:
Մեր դիտարկմանը, որ եվրոպական արտադրության ինսուլինի փոխարեն հնդկական էր ներկրվել, որի արդյունավետությունը, մեղմ ասած, կասկածի տակ է դրվում, Ա.Մկրտչյանը պատասխանեց. «Այո, ուղղակի արդյունավետության և որակի մասին ոչ մեկը մասնագիտական կոմպետենտ ձևով հանդես չեկավ: Նախարարն իր ելույթում ասաց, թե ոչ մի բողոք ու գանգատ չկա այդ դեղամիջոցից, բայց բնակչությունն անընդհատ բողոք է ներկայացնում: Այսինքն՝ ամեն ինչ չէ, որ էժան է և լավն է: Խելամիտ սահմաններ են պետք, որ մրցույթի ժամանակ որակական չափանիշները, դեղերի նկատմամբ պահանջները լինեն բարձր»:
«Գնումների խնդիրը միայն առողջապահությունում չէ, բոլոր ոլորտներում էլ լուրջ խնդիրներ կան»,- նշեց Ա. Մկրտչյանը:
Անդրադառնալով Տուբերկուլյոզի դիսպանսերում բացահայտված չարաշահումներին, երբ հիվանդները գրանցվել են, բայց փաստացի չեն պառկել հիվանդանոցում, նախկին նախարարն ասաց, որ հիվանդանոցների հետ կապված հաշվետվությունները տաօրինակ միտում են արձանագրում. ոչ միայն տուբերկուլյոզը, այլ ընդհանուր հիվանդանոցային ցանցով հիվանդների քանակը տարեցտարի ոչ թե պակասում է, այլ ավելանում, բայց բնակչության թիվը պաշտոնական տվյալներով պակասում է: Սակայն, ըստ նրա, ինչ-որ չափով պետք է հիվանդանոցային ցուցանիշներն էլ նվազեին. «Ինչո՞ւ ծնելիությունը միգրացիայի հետևանքով նվազում է, իսկ հիվանդանոցային հիվանդերի թիվն ավելացել է: Շատ կոպիտ կարելի է ասել, որ հիվանդանոցային պատմագրերը բացվում են, հիվանդը գնում է տուն և վերջում հաշվետվություն է ներկայացվում և դրա դիմաց պետությունից գումարներ են ստացվում: Այսինքն՝ հավելագրումներ արձանագրվում են, և ՎՊ հաշվետվությունում դիսպանսերի դեպքը այսօր պետական պատվերով հաշվետվությունների վառ արտահայտություններից մեկն է միայն: Ընդհանուր առմամբ՝ ոչ մի էական փոփոխություն տեղի չի ունեցել համակարգում, քաղաքացիներն իրենց վրա դա զգում են»:
Միաժամանակ Ա.Մկրտչյանը նկատեց, որ ԱՆ համակարգում տեղի ունեցող պրոցեսներն են անհասկանալի. «Հայեցակարգ էին պատրաստել, իմ եզրակացությունն էլ տվեցի, շատ կարևոր է, թե մեր երկրի առողջապահությունն ուր է գնում վերջապես: Բայց, դժբախտաբար, այդ հայեցակարգն էլ չհրապարակվեց և չիմացանք, թե ուր է գնալու մեր առողջապահությունը»: