Ռուսներին խորհուրդ կտամ նախագահ նշանակել Աշոտ Մանուչարյանին. «Առավոտ»
«Եթե ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրվեր, ապա վստահ եղեք՝ մենք ուկրաինացիներից պակաս ահաբեկիչներ և ազգայնականներ չէինք ներկայացվի։ «Հրաշալի քառյակն» էլ ավելի հրաշալի կլիներ։ Նույնիսկ կարող է՝ այս օրերին արդեն իշխանության եկած լիներ»,- գրում է «Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը։
«Այս պահին մեր ռազմավարական ընկերները դժգոհելու առիթ չունեն։ Բայց եթե հանկարծ Կրեմլին Հայաստանում նորից ինչ-որ բան դուր չգա, նա բարկանա և, ենթադրենք, որոշի Հայաստանում նոր նախագահ նշանակել, ապա ես կարող եմ որոշում ընդունողներին (Սուրկովն է, թե ով է) խորհուրդ տալ, թե ում վրա պետք է կանգ առնի նրանց ընտրությունը՝ Աշոտ Մանուչարյանի։ Բացատրեմ, թե ինչու։
Մինչև անցած տարվա սեպտեմբերի 3-ը Հայաստանը բավականին երկար գործընթաց է անցել՝ ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում։ Ոչ ՀՀԿ-ն, ոչ «քառյակը», ոչ էլ ինձ հայտնի քաղաքական ուժերից որևէ մեկը չէր ասում. որ դա վատ, բացասական, նույնիսկ աղետաբեր գործընթաց է։ Խաղեր էին տալիս։ Այդ հիմա է. որ նրանք բացահայտել են «մեր անվտանգությանը սպառնացող մարտահրավերները», որոնք մեզ համար կստեղծեր այդ գործընթացից նեղացած Ռուսաստանը։ Որ կստեղծեր. դրանում, ինչպես արդեն ասացի. ոչ մի կասկած չկա։ Բայց դրա մասին կուսակցությունները երկուսուկես տարի ոչ մի ծպտուն չէին հանում։
Եվ միայն Աշոտ Մանուչարյանն էր բացատրում, թե ինչ զզվելի բան է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, և ինչպիսի ուղիղ ճանապարհով է այն տանում դեպի LGBT համայնք։ Հետևաբար, պետք չէ մնացածներին բզբզել, սիրելի ընկեր Սուրկով, նրանք կարող են էլի խաղեր տալ։ Իսկ ահա Աշոտ Մանուչարյանի վրա կարող եք վստահ լինել»,–գրում է Ա.Աբրահամյանը։
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։