«Ապրել պետք է հիմա´ և սեփակա´ն երկրում». «Դ!ԵՄ ԵՄ»-ի հավաքը` Մատենադարանի մոտ (տեսանյութ, լուսանկարներ)
Այսօր «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը հերթական անցկացրեց հավաքը, որի նպատակը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի կասեցումը և քաղաքացիներից գանձված գումարների վերադարձն է:
Այս անգամ հավաքը կազմակերպվել էր Մատենադարանի առջև և այն բավական բազմամարդ էր: Ելույթ ունեցան նախաձեռնության մի շարք ներկայացուցիչներ: Մասնավորապես, նախաձեռնության ակտիվիստներից Դավիթ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց այն գործատուներին, ովքեր այնքան քաջ գտնվեցին, որ չնայած Ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի պահանջին` փոխանցելու պարտադիր կուտակային գանձումները, կանգնած են իրենց աշխատողների կողքին և չեն ենթարկվում հակասահմանադրական պահանջին ու պայքարում են, որ «քաղաքացիների գումարների ապօրինի կորզումը դադարեցվի»:
Նա մասնավորապես հիշատակեց «Անտարես» կազմակերպությանը: «Մեր պահանջն օրինական է, և ամենաբարձր մակարդակներով հնչեցվող պահանջը, որ գումարները պիտի հավաքվեն, ապօրինի է: Փաստորեն, ինչո՞վ ենք մենք զբաղված ձեզ հետ միասին, մենք պայքարում ենք, որ կյանքի կոչենք բարձրագույն դատարանի կայացրած որոշումը: Ցավոք, մեր երկրում դեռ պիտի պայքարես, որ դատարանի որոշումը չմնա թղթի վրա»,- ասաց նա:
Հավաքի մասնակիցների առջև ելույթ ունեցավ նաև դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով Սահմանադրական դատարանում «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության ներկայացուցիչներից մեկն էր: Նա հայտարարեց, որ ՍԴ-ի որոշումն իրականում մեծ հաջողություն է, և այն անձինք, ովքեր հայտարարում են, թե օրենքը գործում է, և մինչև սեպտեմբերի 30-ը այդ գումարները պետք է գանձվեն, հակաիրավական ընթացքի մեջ են:
«Առաջիկայում Աժ-ում հրավիրվելու է արտահերթ նիստ` ՍԴ-ի որոշումից բխող նոր օրենք գրելու և քննարկման անցկացնելու համար, ըստ որի մինչև սեպտեմբերի 30 որևէ գումար ենթակա չէ գանձման, երկրորդ՝ այս երեք ամսվա ընթացքում գործատուների պահած բոլոր գումարները ենթակա են հետվերադարձման քաղաքացիներին, երրորդ՝ որևէ տույժ չի կարող հաշվարկվել գործատուների նկատմամբ»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը:
Իսկ «Դ!ԵՄ ԵՄ»-ի մեկ այլ ակտիվիստ Գևորգ Գորգիսյանը, խոսելով նախաձեռնության առաջիկա անելիքների մասին, հայտարարեց, որ ուրբաթ օրը` 18:30-ին, Երևանում կլինի բողոքի մեծ ակցիա: Սակայն նա չնշեց մանրամասներ` ավելացնելով. «թող մի քիչ էլ իշխանությունները նյարդայնանան»:
Ակտիվիստը խոսեց նաև այն հարցի մասին, որ քաղաքացիներից շատերն արդեն հասցրել են «ապօրինի», «անհեթեթ» նամակներ ստանալ Կենտրոնական դեպոզիտարիայից, որ նրանց փոխարեն ծրագրային մոդուլի միջոցով ընտրվել է կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ: Գ. Գորգիսյանն ասաց, որ «Դ!ԵՄ ԵՄ»-ն իր կայքէջում արդեն տեղադրել է այն ձևանմուշը, որը քաղաքացիները պետք է հետադարձ նամակով ուղարկեն Դեպոզիտարիային` իրենց իրավունքները պաշտպանելու համար:
«Բայց մենք սրա վրա կանգ չենք առնելու. հիմա մենք նախապատրաստում ենք նյութեր և դատական գործ ենք հարուցելու Կենտրոնական դեպոզիտարիայի դեմ»,- ասաց նա:
«Ի՞նչ տվեց մեզ այս պայքարը, և ի՞նչ է տալու արդյունքը: Թերևս այս ընթացքում մենք պայքարել ենք մեկ օրենքի դեմ, բայց հաղթանակը մեզ տալու է ավելին, քան պարզապես օրենքի հեռացումն է: Մենք ունենալու ենք նախադեպ, երբ ժողովուրդը համախմբեց և կարողացավ հասնել հաղթանակի: Մենք ունենալու ենք գործող համակարգ, գործող մոդել, որով հետագա սերունդները և հետագա պայքարները կարող են հասնել հաղթանակի: Մենք ունենալու ենք բարձր քաղաքացիական գիտակցությամբ հաղթանակած հասարակություն և առավել կարևորը` մենք նվաճելու ենք իրավունք ապրելու, որովհետև գոյատևել կարելի է ամեն տեղ, ամեն կերպ և ամեն ժամանակ, իսկ ապրել պետք է հիմա´ և սեփակա´ն երկրում»,- հայտարարեց Գևորգ Գորգիսյանը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը ապրլի 2-ին կայացված որոշմամբ հակասահմանադրական ճանաչեց օրենքի մի շարք դրույթներ, այդ թվում` պարտադիր բաղադրիչ պարունակող կետերը: Սակայն կառավարության և իշխանության մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև Սահմանադրական դատարանի նախագահը, մեկնաբանելով այդ որոշումը, հայտարարեցին, որ չնայած այդ դրույթները ճանաչվել են Սահմանադրությանը հակասող և անվավեր, սակայն օրենքը շարունակելու է գործել մինչև սեպտեմբերի 30-ը կամ մինչև այն ժամկետը, քանի դեռ կառավարությունը և օրենսդիր մարմինը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը և դրան հարակից շուրջ 50 իրավական ակտեր չեն համապատասխանեցրել ՍԴ որոշման պահանջներին:
«Ճիշտ է, նորմը տարաժամկետվել է, սակայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածում Սահմանադրության 102-րդ հոդվածի հիման վրա գրված է, որ օրենքը շարունակում է գործել: Եթե օրենքը շարունակում է գործել, օրենքով նախատեսված պարտավորությունները պետք է իրացվեն»,- մասնավորապես Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: