Բաժիններ՝

Արծվիկ Մինասյանը` «Դեմ եմ»-ի հանրահավաքին. «Այդ գումարները ենթակա չեն գանձման»

Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումը հաջողություն է, որովհետև ՍԴ-ն հիմնարար հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչը: Այսպիսի հայտարարություն արեց Ազգային ժողովի «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը` ելույթ ունենալով Մատենադարանի առջև «Դեմ եմ» նախաձեռնության կողմից կազմակերպված բազմամարդ հանրահավաքին:

«Ցավոք սրտի, ոմանց հակաիրավական գործողությունների արդյունքում փորձ էր արվում կոտրել այն ոգևորությունը, որ մեր ժողովուրդն ապրում էր այդ օրը, առանց գիտակցելու, որ միայն ոգևորված, հաջողության հասած ազգը կարող է ստեղծել նոր արժեքներ, կարող է դուրս գալ այս ճգնաժամային վիճակից, դրա համար ես կրկնակի դատապարտում եմ բոլոր այն պաշտոնատար անձանց կեցվածքը, ովքեր փորձեցին նսեմացնել ՍԴ-ի որոշումը և հիմա էլ հակաիրավական ընթացքի մեջ են` փորձելով ներկայացնել, թե մինչև սեպտեմբերի 30-ն այդ գումարները պետք է գանձվեն: Այդ գումարները ենթակա չեն գանձման»,- ասաց դաշնակցական պատգամավորը:

Արծվիկ Մինասյանը բացատրեց, թե ինչ հիմքերի վրա է նման հայտարարություն անում. «Նախ, տրամաբանական տեսակետից. առաջինը` նախատեսվում էր, իբր իրենց բացատրածով, որ պարտադիր բաղադրիչը 40 կամ 23 տարի քաղաքացին պետք է կուտակի, որպեսզի այդ կուտակված գումարներից և դրանից ներդրված եկամուտներից ստացվի մի մեծ գումար, որ քաղաքացին կարողանա ավելի շատ թոշակ ստանալ: Լավ, էդ դեպքում այս ինը ամիսը` մինչև սեպտեմբեր, այդ կուտակումը տեղի չի ունենալու, հետևաբար, չկա որևէ տրամաբանություն` շարունակել մինչև սեպտեմբեր:

Երկրորդ անտրամաբանական գործողությունը. անկախ նրանից` ինչ օրենքից և ինչ համակարգ է ներդրվելու, միևնույն է, մինչև սեպտեմբերը, որ պետք է իբր գանձվեն, այդ գումարները չեն կարող դիտարկվել և հաշվարկվել այդ համակարգի մեջ, դրանք ենթակա են հետ վերադարձման, իսկ եթե ենթակա են վերադարձման, ո՞րն է տրամաբանություն, որ էսօր դու քաղաքացու ձեռքից դա տանում ես:

Կարդացեք նաև

Ի՞նչ ես ուզում դրանով անել, առավել ևս երբ չկա որևէ մեխանիզմ, որ այդ գումարները գնան բյուջե, այսինքն` դառնան պետական փող: Իսկ հիմա ամենակարևորը` այս պահանջը հակաիրավական է. առաջինը` Սահմանադրության երրորդ հոդվածը, որտեղ մարդու իրավունքը, որպես բարձրագույն արժեք, գործում է անմիջականորեն, իսկ ՍԴ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ սեփականության իրավունքի ոտնահարում է տեղի ունեցել, և արգելվում է այդ ոտնահարումը… սա նշանակում է, որ այս իրավունքը գործում է անմիջականորեն` ՍԴ-ի որոշման ուժի մեջ մտնելու առաջին պահից: Ուրեմն նշանակում է` որևէ գումարի գանձման մասին խոսք լինել չի կարող»:

Ա. Մինասյանն նշեց, որ երկու օր հրապարակային առաջարկ է արել` ուղիղ եթերով հեռուստատեսությամբ բանավեճի է հրավիրել բոլոր այն անձանց, իրավաբաններին՝ լինի արդրադատության նախարար, թե որևէ մեկը, ով համարում է, որ քաղաքացիները մինչև սեպտեմբերի 30-ը իրենց աշխատավարձից պետք է վճարեն կուտակային համակարգի համար նախատեսված գումարները:

«Նրանք հրաժարվեցին, ոչ ոք չի գալիս: Սա ևս մեկ անգամ նշանակում է, որ մենք ճիշտ ենք, որ դուք ճիշտ եք, որ ժողովուրդը ճիշտ է,- ասաց Արծվիկ Մինասյանը:- Առաջիկայում ԱԺ-ում հրավիրվելու է արտահերթ նիստ ՍԴ-ի որոշումից բխող նոր օրենք գրելու և քննարկման անցկացնելու համար, ըստ որի՝ մինչև սեպտեմբերի 30-ը որևէ գումար ենթակա չէ գանձման, երկրորդ՝ այս երեք ամսվա ընթացքում գործատուների պահած բոլոր գումարները ենթակա են հետվերադարձման քաղաքացիներին, երրորդ՝ որևէ տույժ չի կարող հաշվարկվել գործատուների նկատմամբ…

Մենք մտադիր ենք նաև նոր դատական վարույթ հարուցել վարչական դատարանում նորմատիվ ակտը օրենքի պահանջներին հակասող ճանաչելու համար: Դա նշանակում է, որ ՊԵԿ-ի այն հրամանը, որով պետք է ավտոմատ հաշվարկվեն և գանձվեն այդ գումարները, պետք է ճանաչվի Սահմանադրական դատարանի որոշմանը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս