Աշոտ Աղաբաբյան. Ընդդիմության շոուները լավ բանի չեն հասցնելու, ավելի լավ է իրենց զուսպ պահեն
Regnum գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, երեկ տեղեկություն էր տարածել, որ ՀՀ նոր վարչապետ է նշանակվելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը հորդորեց սպասել. «Ես նման հարցի դեպքում փորձում եմ լռել, ճշմարտությունը շուտով կիմանաք»:
Մեր հարցին, թե ո՞ւմ կցանկանայիք տեսնել վարչապետի պաշտոնում՝ մամուլում հիշատակվող թեկնածուների շարքից, Ա. Աղաբաբյանը պատասխանեց. «Դե դա ուզելով չի, երկրի նախագահի խնդիրն է, նա է նշանակում վարչապետ, դրա համար ես չեմ ուզում որևէ բան ասել: Կապրենք՝ կտեսնենք»:
Միաժամանակ ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, թե ՀՀ նախագահը ում նշանակի վարչապետի պաշտոնում՝ ինքը կվստահի ու կաջակցի նրան: «Բա մեր կուսակցության նախագահն է, բա էլ ո՞ւմ պիտի վստահենք, մի քիչ սպասենք, կիմանաք՝ ո՞ւմ է նշանակելու»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է ոչ իշխանական ուժերի հայտարարություններին, թե Տիգրան Սարգսյանը հրաժարվեց վարչապետի պաշտոնից՝ իրենց սկսած գործընթացի հետևանքով, ապա Ա. Աղաբաբյանն ասաց, թե ինքը համաձայն չէ այդ տեսակետներին:
«Ընդդիմության շոուները լավ բանի չեն հասցնելու, ավելի լավ է իրենց զուսպ պահեն»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե այդ քաղաքական չորս կուսակցություններից երկուսը չեն բացառում, որ կպահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը, Ա. Աղաբաբյանն այսպես արձագանքեց. «Ենթադրություններ պետք չէ անել, կգա ժամանակը՝ կտեսնենք»: