Դավութօղլուն 3 օրում Նյու Յորքում բանակցել է ավելի քան 80 երկրի ներկայացուցիչների հետ
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ` Թուրքիան դիվանագիտական ինտենսիվ շփումներ է ձեռնարկում` 2015-2016 թվականներին ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամություն ստանալու համար:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Նյու Յորքում բանակցություններ է վարել ավելի քան 80 երկրի ներկայացուցիչների հետ: Դավութօղլուն, ով 3 օր շփումներ է անցկացրել Նյու Յորքում, տվյալ հարցում տրամադրված է լավատեսորեն:
Սկզբնական շրջանում Դավութօղլուն հանդիպել է Քաղաքակրթությունների միության բարեկամության խմբի հետ: Ավելի ուշ Դավութօղլուն հանդիպել է Կարիբյան համագործակցության անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հետ և շփումներ է իրականացրել Աֆրիկյան խմբի ներկայացուցիչների հետ: Դավութօղլուն վերջին շփումներն իրականացրել է Խաղաղ օվկիանոսի կղզային պետությունների մշտական ներկայացուցիչների հետ:
Ավելի քան 80 երկրի ներկայացուցիչների հետ բանակցություններում Դավութօղլուն պատմել է համայն աշխարհում խաղաղության գործընթացում Թուրքիայի հնարավոր ներդրման մասին, եթե նրան հաջողվի դառնալ ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ:
Դավութօղլուն հիշեցրել է, որ 2009-2010 թվականներին ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամ Թուրքիայի գործունեությունը մեծ աջակցություն է ստացել միջազգային հանրության կողմից: ՄԱԿ ԳԱ-ում համապատասխան քվեարկությունն անցկացվելու է հոկտեմբերին: Թուրքիայի մրցակիցներն են լինելու Իսպանիան ու Նոր Զելանդիան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիան ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ է դարձել 1951-1952, 1954-1955, 1961, 2009-2010 թվականներին: Թուրքիան 2015-2016 թվականներին վերստին ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ դառնալու համար իր թեկնածությունը գրանցել է 2011 թվականի մայիսի 18-ին:
Ի դեպ, աֆրիկյան երկրների դերը շատ մեծ է Թուրքիայի` 2009-2010 թվականներին ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ ընտրվելու հարցում: 2008 թվականի աշնանը տեղի ունեցած քվեարկության ժամանակ աֆրիկյան 53 երկրներից 52-ն իրենց քվեն տվել են Թուրքիայի օգտին:
Դրանով իսկ Թուրքիան վերջին 47 տարում առաջին անգամ դարձավ ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ՝ ընդհանուր առմամբ ստանալով 151 ձայն, ինչը ՄԱԿ-ի շրջանակներում Թուրքիայի ստացած ամենամեծ աջակցությունն է: