Ստեփան Սաֆարյան. «Այս պահին ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին խոսք չկա»

Օրերս տեղեկություն հրապարակվեեց այն մասին, որ ՆԱՏՕ-ն մտադիր է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի, Մոլդովայի ու Ադրբեջանի հետ: Տեղեկությունը հրապարակել էր ռուսաստանյան «Russia Today» հեռուստաալիքի կայքը` հղում անելով գերմանական «Spiegel Online»-ին:

Նշվում է, թե «Spiegel Online»-ի տրամադրության տակ է հայտնվել երեք երկրների հետ համագործակցության զարգացմանն ուղղված գործնական միջոցառումների մասին Հյուսիսատլանտյան դաշինքի փաստաթուղթը, որում գրված է, թե ինչպես պետք է դաշինքը աջակցի գործընկերներին այդ տարածաշրջանում: «Կարճաժամկետ նպատակ է հանդիսանում Արևելյան Եվրոպայում կայունության նպաստումը՝ հաշվի առնելով ներկայիս համատեքստը: Բացի դրանից՝ կդիտարկվեն հնարավորությունները՝ բարձրացնելու այդ պետությունների բանակների համատեղելիության մակարդակը ՆԱՏՕ-ի անդամ երկրներ բանակների հետ: Դրա ներքո պետք է հասկանալ համատեղ զորավարժությունների անցկացում և զինծառայողների որակավորման բարձրացում»,- նշում է պարբերականը:
«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը, մեզ հետ զրուցելով թեմայի շուրջ, նկատեց, որ Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները մշտապես եղել և մնում են բավական պրագմատիկ հիմքի վրա: Նրա խոսքերով` Հայաստան – ՆԱՏՕ համագործակցությունը հիմնված է բացառիկ երկկողմ շահագրգռության վրա, և Հայաստանը  համագործակցել է հայկական բանակը ավելի պատրաստված դարձնելու և զորամիավորումները լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով,  դրա հետ մեկտեղ նաև մասնակցել է ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող տարբեր խաղաղապահ գործողությունների:

«Կարծում եմ, տեսնելով, որ Հայաստանը և նաև մյուս երկրները ունեն նման անհրաժեշտություն, ՆԱՏՕ-ն ինքը կխորացնի իր հարաբերություններն այնքանով, որքան դա հնարավոր է: Բոլորս ենք հասկանում, որ այս պահին ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին խոսք չկա, Հայաստանի օրակարգում նման հարց չկա: Բայց այն, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումը բխում է Հայաստանի շահերից, առավել ևս Արևելյան գործընկերության ծրագրի տապալումից հետո, չափազանց պարզ փաստ է»,- ասաց նա:

Այսպիսով, Հայաստանը կշարունակի ՆԱՏՕ-ի ուղղությամբ իր քաղաքականությունը:

Կարդացեք նաև

«Կարծում եմ` սա Հայաստանի օգտին է, և Հայաստանի չպետք է բաց թողնի այդ հնարավորությունը»,- ավելացրեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի հնարավոր անդամակցությանը ՆԱՏՕ-ին, Սաֆարյանը նշեց, թե գերազանցապես Ռուսաստանի´ ջանքերի շնորհիվ մեծացել է այն հավանականությունը, որ Ուկրաինային և Վրաստանին, միգուցե նաև Մոլդովային անդամակցության առաջարկ կարվի:

Նշենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը օրերս հայտարարել էր, թե ՆԱՏՕ-ն շարունակելու է ընդլայնվել դեպի արևելք և այդ առումով ամրապնդելու է գործընկերությունն Ուկրաինայի հետ:

Տեսանյութեր

Լրահոս