Յոթ «սև թուղթ»՝ մեկ օրում կամ՝ ինչպես ես ոտնձգեցի սոցիալիստական սեփականությունը
Նախորդ ամիս մեկ օրում միանգամից յոթ «սև թուղթ» (սև թուղթ հասարակության մեջ անվանվում են Ճանապարհային ոստիկանության կողմից տեսանկարահանող կամ արագաչափ սարքերի գործունեության արդյունքում կազմված ակտերը) ստացա Ճանապարհային ոստիկանությունից: Պարզվեց՝ միևնույն` Մաշտոց-Պուշկին փողոցների խաչմերուկում կայանելու համար տուգանվել եմ միևնույն` 5-հազարական դրամով: Այդ խաչմերուկում «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի հայտնվելը և անհետանալը տևեց ընդամենը երկու շաբաթ: Հետո այն երևի տեղափոխեցին այլ տեղ:
Իմ նկատմամբ վարչական տույժ կիրառելու՝ Ճանապարհային ոստիկանության որոշումները բողոքարկելու նպատակով դիմեցի ՃՈ պետ Ա. Գալստյանին՝ դիմումին կցելով լուսանկարներ (այդ նպատակով իմ կողմից տարբեր ուղղություններով կատարված լուսանկարները), որտեղ պարզ երևում է, որ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանը հանված է Մաշտոց-Պուշկին խաչմերուկից: Դիմումում տույժ կիրառելու որոշումը վերացնելու իմ պահանջը հիմնավորել էի ՀՀ Իրավական ակտերի մասին օրենքի երկու հոդվածներով: Հիշյալ օրենքի 73-րդ հոդվածի առաջին մասում ասվում է. «Իրավական ակտը վերացված է ճանաչվում, եթե վերացել է դրանով կարգավորվող հարաբերությունների իրավական կարգավորման անհրաժեշտությունը, և այդ իրավական ակտի գործողությունը դադարեցնելու մասին իրավական ակտին տրվելու է հետադարձ ուժ»: «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի հանվելով, ըստ էության, վերացել է այդ նշանի գոյության ընթացքում առաջացող իրավական կարգավորման անհրաժեշտությունը:
Մյուս հոդվածը, որին հղում էի կատարել, նույն օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ կետն էր, որում ասվում է. «Իրավախախտման համար սահմանված պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող կամ իրավախախտում կատարած իրավաբանական և ֆիզիկական անձանց դրությունն այլ կերպ բարելավող իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ, եթե օրենքով կամ այդ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ»: Իհարկե, ես սպասում էի, որ Ճանապարհային ոստիկանությունը կարող էր մերժել իմ բողոքը, բայց մերժման այն հիմնավորումները, որ ներկայացված էին ՃՈ պետ Ա.Գալստյանի պատասխանում, ուղղակի ցնցող էին: Պատասխանի մեջ գրված է, որ ՃՈ-ն ուսումնասիրել է իմ դիմումը և պարզել, որ այն ենթակա է մերժման: Մերժումը հիմնավորելու համար պարոն Գալստյանը հղում է կատարում ՀՀ Սահմանադրության 83.5 հոդվածի 2-րդ մասի վրա, ըստ որի՝ բացառապես ՀՀ օրենքներով են սահմանվում «ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաև պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանց կիրառելու կարգը, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը»:
Թե ինչու է Ա. Գալստյանը հղում կատարել Սահմանադրության այս հոդվածին իմ բողոքը մերժելու համար, անհասկանալի է: Դա պատճառաբանված կլիներ, եթե ես խնդրեի իմ դիմումը բավարարել՝ հաշվի առնելով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կամ Կուբայի Հանրապետության օրենքները: Կուբայի կամ Վիետնամին օրինակ բերելը պատահական չէ, քանի որ այս երկրները համարվում են սոցիալիստական, իսկ պարոն Գալստյանն ինձ մեղադրում է «սոցիալիստական սեփականության դեմ ոտնձգություն» կատարելու մեջ:
Իմ դիմումի մերժման մեջ ՃՈ պետը հղում է կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասին և ամբողջապես մեջբերել այդ հոդվածը.
«Վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ սահմանվում է վարչական պատասխանատվություն»:
Կարծում էի, որ իմ կողմից կանգառն արգելող նշանի տակ մեքենա կայանելը չի կարող դիտվել ո՛չ պետական կամ հասարակական կարգի, ո՛չ քաղաքացիների իրավունքների և ազատությունների, ո՛չ կառավարման սահմանված կարգի, և ո՛չ էլ, առավել ևս, սոցիալիստական սեփականության դեմ կատարված ոտնձգություն: Ինչ վերաբերում է սոցիալիստական սեփականությանը հղում կատարելուն, ՃՈ պետը ճիշտ կաներ, եթե ուշադիր ուսումնասիրեր ՀՀ Սահմանադրությունը, որտեղ սոցիալիստական սեփականության՝ որպես սեփականության տեսակի մասին, ոչինչ նշված չէ: Նման սեփականություն կա աշխարհի միայն չորս-հինգ երկրում, այդ թվում՝ Կուբայում և Վիետնամում:
Հիմա ես ստիպված եմ դիմել դատարան, որպեսզի ապացուցեմ, որ ես սոցիալիստական սեփականության կամ կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգություն չեմ կատարել: Ավելին՝ այդ կարգի դեմ ոտնձգություն կատարելու մեջ կարելի է մեղադրել այն մարդկանց, ովքեր ճանապարհային նշաններով շրջում են Երևանում, դրանք տեղադրում ինչ-որ վայրում և սկսում տուգանքներ գրել այդ նշանի ազդեցության գոտում հայտնված մեքենաների սեփականատերերի նկատմամբ: Հետո վերցնում են նշանը և այն տեղադրում մեկ այլ վայրում: ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանն իրավական երկիր է: Պարզվում է՝ նաև Սոցիալիստական: